Հայերեն   English   Русский  

Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին. Արթուր Դանիելյանը դուրս եկավ ոստիկանությունից


  
դիտումներ: 212

«Այսօր առավոտյան ինձ ուղարկել են մի հոդված, որը երբ կարդացի, հասկացա՝ շատ ծանոթ ոճով է գրված: Այն բոլորիս հայտնի ծաղրածուի ձեռագրով էր գրված ու պարզ էր, որ նա այսօր շոու է կազմակերպելու:

Շոուն հետևեց և հոդվածը ստանալուց 2 ժամ հետո մեր գրասենյակ եկան ոստիկաններ, և ինձ համար, չնայած բերման ենթարկվելը պարզ էր, անհասկանալի էր, թե ինչու են ձեռնաշղթաներ օգտագործում: Քանի որ որևէ դիմադրություն ես չէի ցուցաբերել ու չէի էլ պլանավորել»,-ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ադեկվադ խմբի անդամ Արթուր Դանիելյանը:

Ըստ վերջինիս իրեն մեղադրել են մի արարքի համար, որն օրեր առաջ մնացել է անպատիժ այն դեպքում, երբ նույն բանն արել է իշխանությունների կողմնակից մեկ այլ քաղաքացի:

«Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Ես ընդամենը նախօրեին տված ասուլիսի ժամանակ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որն ասել էր Բակո Սահակյանի հասցեին մի նիկոլապաշտ անձնավորություն: Դա այն կոչն էր, որ Ջիվան Աբրահամյանն ասաց՝ եկեք Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդենք և ոստիկանությունը դրա մեջ ոչ մի հանցակազմ չտեսավ»,-ասում էԱրթուր Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի կրկին հաստատվեց այն փաստը, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ. եթե դու իշխանությունների կողմից ես, մեծ հաշվով անձեռնմխելի ես, իսկ եթե դեմ ես արտահայտվում իշխանություններին, ուրեմն դու հետապնդվելու ես բոլոր առումներով:

Ըստ Ադեկվադ խմբի անդամաների իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա իրենց կալանքի տակ առնել և արգելել գործունեությունը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Ադեկվադ խմբի գրասենյակ և բերման են ենթարկել Արթուր Դանիելյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: