Հայերեն   English   Русский  

Զոհրաբ Մնացականյանի ելույթը «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին


  
դիտումներ: 250

ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մնացականյանի ելույթն ու պատասխանները հնչեցված հարցերին ներկայացնում ենք ստորև.

Հարգելի նախագահող,

Հարգելի պարոն փոխվարչապետ,

Հարգելի պատգամավորներ,

Մասնակիցներ այս շատ կարևոր հավաքի,

Նաև ուշագրավ է, որ այս լսումներին հրավիրված են մեր գործընկեր երկրների, պետությունների ներկայացուցիչները, դեսպանները: Արտգործնախարարության անունից ևս ցանկանում եմ ողջունել այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս մեր հասարակական քննարկումների ավանդույթները կենտրոնացնել մեր արտաքին քաղաքականության և մեր ընդհանուր տնտեսական և զարգացման քաղաքականության օրակարգում շատ կարևոր ուղղության վրա, որը Եվրասիական տնտեսական միությունն է:

2014թ. մայիսի 29-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որի 5-րդ տարեդարձը նշվեց այս տարի: Ընդհանուր առմամբ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվեց դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվեցին կարևոր որոշումներ: ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը գործընկերների հետ և ստեղծել նոր հնարավորություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Եվրասիական տնտեսական միությունը, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ: Այսպես՝ 2018թ. ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ. 2017թ. համեմատ ներքին առևտուրն աճել է 9,2%-ով, երրորդ երկրների հետ՝ 18,8%-ով, ապրանքների արտահանումը՝ 26,8%-ով: Անցած տարիների ընթացքում Միության անդամ երկրները արել են ընդհանուր գործ՝ նպատակ հետապնդելով կյանքի կոչել նորարարական, ամբիցիոզ, և առաջնային ծրագրեր, որի ժամանակ տեղի են ունեցել Միության անդամ բոլոր երկրների դիրքորոշումների համադրում, և կայացվել են փոխադարձ ընդունելի որոշումներ:

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Հայաստանի նախագահությունը համընկավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման և իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ստանձնելով նախագահությունը Միության մարմիններում՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները, լինելով ավելի նախաձեռնող՝ նպաստել ինչպես կառույցի զարգացմանը, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները: ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը 2019թ. հունվարի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ԵԱՏՄ-ում, որոնք են՝ «Թվային օրակարգը», ընդհանուր էլեկտրաէներգետիկ և նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը, ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը, ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների և կանոնակարգերի ներդաշնակեցումը, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը, ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացումը, երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարագացումը: Կանգ առնելով մի քանի առաջնահերթության վրա՝ ցանկանում եմ ընդգծել հետևյալը.

- Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները;

- Գլոբալիզացիայի պայմաններում օրակարգային է դարձել տնտեսության թվայնացման հարցը, որը կանխորոշում է բիզնեսի զարգացման հնարավորությունները և մեր Միության ապագան: Այս համատեքստում «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը;

- Շնորհիվ Հայաստանի Հանրապետության՝ լրացուցիչ խթան է ստացել Միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին Միության համար դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018թ. մայիսի 17-ին Աստանայում կնքվեց Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Այն ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առևտրի ծավալը: Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

Սիրելի՛ մասնակիցներ,

Վերջում կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միության անդամ յուրաքանչյուր պետության ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել բոլոր 4 ազատությունների՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովմանը և ապահովել առևտրատնտեսական աճ՝ ի բարօրություն մեր երկրների բնակչության:

Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար և նաև ասեմ՝ կառավարության ներսում բավական հստակ ձևավորված է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի գործառույթները իրականացնելու աշխատանքային համակարգը, այն բավական ընդգրկուն է, իր մեջ ընդգրկում է բավական մեծ թվով նախարարություններ և նախարարության ոլորտի մասնագետներ. հայկական կողմից այն համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և, իհարկե, այս ամենը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԳՆ-ում, որն իր մասով նույնպես իրականացնում է համակարգման բավական ծավալուն գործընթաց, այդ աշխատանքները կառուցվածքային առումով բավական հստակ ձևավորված են: Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել կառավարության ներսում իմ բոլոր գործընկերներին, ովքեր զբաղվում են այս հարցերով, ինչպես նաև իմ գործընկերներին Արտաքին գործերի նախարարությունում, որոնց համակարգումն իրականացվում է փոխնախարարի մակարդակով՝ փոխնախարար Շավարշ Քոչարյանի կողմից, իսկ համապատասխան վարչությունն իրականացնում է առօրյա աշխատանքի ամբողջ ծավալը:

«Իրավունքի սահման» ընկերություն. Շնորհակալություն բավականին իմաստալից զեկույցի համար: ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերություններում, դրանց հիմքում դրված սկզբունքների համատեքստում արդյո՞ք հաշվի առնվել են ՀՀ աշխարհագրական դիրքը և դրա առանձնահատկությունները, մասնավորապես, որ մեր երկիրն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ որևէ այլ երկրի հետ, թե՞ ոչ: Եվ երկրորդ հարցը դրա հետ կապված. եթե հաշվի առնվել է, ապա կոնկրետ ուղղություն, որը մեզ տալիս է առավելություն օգտվելու ոչ թե այն խնդրից, որ մենք մեկուսացած կղզու կարգավիճակով ենք, այլ դա որպես պայման, որը մեզ կտա առավելություն այս հարաբերություններում պահելու մեր ժողովրդի շահերը: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Հաշվի առնելով մեր աշխատանքի բնույթը՝ իմ պատասխանը կլինի շատ ընդհանրական, ուղղակի կամփոփի այն մոտեցումը, որը որդեգրված է մեր աշխատանքներում, ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև ցանկացած այլ կազմակերպության շրջանակներում, որի անդամ ենք հանդիսանում: Լինելով անդամ-պետություն՝ մենք հանդիսանում ենք որոշում ընդունող: Այսինքն՝ որոշումներն ընդունվում են ԵԱՏՄ շրջանակներում, այլ ոչ թե, ինչպես ասում են, ԵԱՏՄ կողմից. այդ ԵԱՏՄ-ն կոնկրետ անդամ պետություններն են, որոնցից մեկը մենք ենք, և բնականաբար մենք այդ որոշումներն ընդունելիս առաջին հերթին առաջնորդվում ենք այն հիմնական բոլոր գերակայություններով, որոնք առնչվում են մեր հարցերին, մեր տնտեսությանը, մեր տնտեսական շահերին, մեր խնդիրներին:

Տիգրան Շադունց, «Հանրային դիվանագիտության դպրոց». Վերջերս տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը: Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ներկայությունն այդ ամբիոնում և այն աշխարհաքաղաքական ուղերձը, որ աշխարհաքաղաքական խաղեր չեք խաղում:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչպես եմ ես գնահատում Սանկտ Պետերբուրգի ֆորումին մասնակցությունը. ինչպե՞ս եք կարծում, շատ բարձր եմ գնահատում: Ինչի համար, որովհետև Հայաստանի ակտիվությունը, մեր շահերին և մեր զարգացման օրակարգին ուղղված մեր աշխատանքներն իրենց մեջ պարունակում են այդ կարևոր գործառույթը՝ ներգրավել տարբեր հարթակներում նման միջոցառումներում, որտեղ մենք կարող ենք բարձրացնել տեսանելիությունը, բարձրացնել մեր ձայնը և օգտագործել այդ հսկայական ներուժը, որովհետև սա միջազգային տնտեսական ֆորում է: Վարչապետը, հիշեցնեմ Ձեզ, դրանից առաջ եղել է այլ նման միջոցառումների, ներառյալ Դավոսում: Սրանք այն հարթակներն են, որտեղ յուրաքանչյուր երկիր փորձում է հնարավորինս ակտիվ գործել: Մենք այդ առումով այս տարվա ընթացքում ցույց ենք տվել մեր մտադրությունը չափազանց ակտիվ օգտագործել նման հարթակները: Սանկտ Պետերբուրգը եղավ հերթական մեր կարևոր գործառույթը՝ օգտագործելու նման հարթակները:

Ինչ վերաբերում է, թե վարչապետն ինչ շրջապատում էր և ինչպես էր, դա նույնպես ի ցույց է բերում այն կարևորությունը, որ մենք տալիս ենք նրան, թե ինչպես ենք օգտագործելու այս հարթակը, գործիքը՝ ուղղված մեր ազգային զարգացման օրակարգին և դրա համալրմանը: Այդ առումով սա շատ էական, ոչ առաջին, ոչ վերջին ներգրավումն է ՀՀ վարչապետի մակարդակով, ինչպես նաև բոլոր մնացած մակարդակներով, երբ մենք փորձում ենք նման միջոցով ուժեղացնել տեսանելիությունը, բացատրել այն առավելությունները, որ ունի մեր երկիրը, և բացահայտել, ծառայեցնել համագործակցության ներուժը մեր զարգացման օրակարգին: Այդ առումով գործառույթն իրականացված է, և գնահատում եմ շատ բարձր և դրական:

Տիգրան Շադունց, «Հանրային դիվանագիտության դպրոց». Վարչապետի հարց ու պատասխանի ժամանակ աշխարհաքաղաքական խաղերի վերաբերյալ..

Զոհրաբ Մնացականյան. Սա եղել և մնում է մեր որդեգրած քաղաքականության հիմնական տարրերից մեկը. մենք կառուցում ենք հարաբերություններ բազմաթիվ ուղղություններով, և այդ հարաբերությունները կառուցում ենք պայմաններում, երբ գոյություն ունի աշխարհաքաղաքական իրողություն: Մենք փոքր երկիր ենք, մենք ունենք մեր ազգային շահերը, ունենք այդ շահերը պաշտպանելու համար համապատասխան կառուցած անվտանգության ճարտարապետություն, մենք ունենք շատ հետաքրքիր օրակարգ, որն ուղղված է մեր ազգային շահերի համալրմանը տարբեր ուղղություններով, և մենք այդ ամենն անում ենք:

Մեր հիմնական գործառույթը, հիմնական գերակա խնդիրը, մարտահրավերը, նպատակը եղել և մնում է նույնը. իրականացնել այդ հարաբերությունների զարգացումն այնպես, որպեսզի մեկ ուղղությամբ հարաբերությունները չվնասեն որևէ այլ ուղղությամբ մեր հարաբերություններին: Մեկ ուղղությամբ հարաբերությունները՝ ի վնաս մյուս ուղղության կառուցելը մեզ համար անընդունելի է, և այդ քաղաքականությունը մենք պահպանել ենք այս տարվա ընթացքում և շարունակելու ենք պահպանել՝ որպես մեր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: