Հայերեն   English   Русский  

​Երևան-Աթենք-Նիկոսիա առանցքը և Անկարայի ջղաձգությունը


  
դիտումներ: 488

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով,

այլ ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:

Ստամբուլը Կոստանդնուպոլիս դարձնելու առաջադրանքի Հայ Դատի թվիթերյան գրառումը ջղաձգության բարձր աստիճանաչափ էր արձանագրել Անկարայի պետական շրջանակներում: Նախագահ Էրդողանի խորհրդականը սպառնում էր նման առաջադրանք ունեցողների գլուխը հեռացնել ուսերից:

Ֆիզիկական բռնամիջոցի այս սպառնալիքը, անկախ պետական ասելաձեւերի հետ համեմատ իր ունեցած հակացուցվածությունից, հիշեցնում է բռնաոճի նմանատիպություն , դեռ երեկ միջին արեւելյան տարածաշրջանում կիրառվող սպանության եղանակների հետ: Խոսքը ուղղղակիորեն իսլամական ահաբեկիչներինն է, որոնք գլխատման տեսարաններ էին սարքում եւ ցուցադրում համացանցային տարբեր էջերի վրա:

Անկարայի պաշտոնական սպառնալիքն ու իսլամական ահաբեկչության օգտագործած եղանակները բնականաբար խոսում են ներշնչանքի մասին: Սարսափի եւ ահաբեկչության տարածումով էթնիկ զտումների, բռնագաղթերի կամ նման ահավոր տեսարանների դիմաց ինքնատեղահանման դիմելու զանգվածային տեղաշարժերի մղիչ գործոն հանդիսացող գործողություններ են, որոնք օգտագործվում են պետական ահաբեկչական միավորի հովանավորչությունը վայելող կազմակերպությունների կողմից:

Էրդողանի խորհրդականը այս բացահայտումն է, որ կատարում է եւ խորքում՝ ստանձնում գլխատման գործողությունների ներշնչանքի աղբյուր լինելու հանգամանալից կարգավիճակը:

Կ. Պոլիսի վերադարձ կատարելու առաջադրանքը ունեցողների գլուխը ուսերից հեռացնելու սպառնալիքը սակայն չի արժանանում միջազգային ակնկալված հակազդեցության, հերթական անգամ համոզելով դիպաշարին հետեւողին, որ բռնամիջոցի դեմ կատարվող հայտարարությունների հասցեականությունը խիստ քաղաքական շարժառիթ ունի, ինչպես ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսի պարագայական առարկայացումները կամ ահաբեկիչ սահմանման ընտրովի ընկալման քաղաքականացված մոտեցումի երեւույթը:

Սակայն նման ջղաձգությունն ունի իր քաղաքական բացատրությունը: Կ. Պոլիսի դիմագծի վերադարձի առաջադրանքը զուտ հայկական չէ: Այն, ըստ էության բազմազգյան է եւ այս դեպքում հատկապես առաջին հերթին` հունական:

Հունիսի 4-ին, Կիպրոսի մայրաքաղաքում տեղի էր ունենում եռակողմ հանդիպում` Երեւանի, Աթենքի եւ Նիկոսիայի մասնակցությամբ: Երեք պետությունների արտգործնախարարները խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում կարգախոսով հանդիպել էին եւ ուղենշել քաղաքական, տնտեսական,ներդրումային, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտների համագործակցության ուղիները:

Իհարկե հանդիպումն ունի իր պատմականը։ Գոյություն ունի եռակողմ համաձայնագիր, որի հիման վրա շարունակվում են համագործակցության սլաքների ճշտման այս քննարկումները:

Երեք ժողովուրդները կրել են թուրքական գլխատման քաղաքականության ծանր հետեւանքները: Երեք երկրները ունեցել են տարածքային կորուստներ եւ երեք երկրները մերթ ընդ մերթ ստանում են սպառնալիք միեւնույն կենտրոնից: Նոր տեղահանության, հրթիռակոծման, տնտեսական շրջափակման եւ այժմ գլխատման սպառնալիք:

Սպառնալիքի այս վերջին եղանակը, թեեւ հնչած հայկական կազմակերպության կողմից կատարված գրառմանն ի հակազդեցություն, այսուհանդերձ ուղղված է նաեւ հիմնականում Աթենքին եւ Նիկոսիային: Երկուսն էլ Ստամբուլի նկատմամբ ունեն պատմական դիմագիծն ու էությունը վերադարձնելու թեկուզ պաշտոնապես չհայտարարված այդուհանդերձ առկա տեսլական-առաջադրանք:

Այս հանգամանքների հիշեցումով եւ հատկապես եռակողմ հանդիպման փաստով են բացատրվում Անկարայի վերջին ջղաձգությունները, որոնք խորքում ինքնախոսովանանք են ներշնչելու եւ հովանավորելու` գլխատման գործողություններով հատկանշված ահաբեկչական ժամանակակից քաղաքականությունը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: