Հայերեն   English   Русский  

​Գործի են անցել պատանիները


  
դիտումներ: 256

Սուրենը, Նարինեն, Լիանան, Լիդան, Լյուդվիգը, նրանք Գյումրու թիվ 4 ուսումնարանի սաներն են. գյումրեցի 16-18 տարեկանների այս փոքրիկ թիմը կպայքարի պոլիէթիլենային տոմրակների շրջանառության դեմ:

Արդեն զբոսաշրջային Գյումրիում էկոհամակարգին հասցված վնասները մեղմելու նպատակով այս «3+2» թիմը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ իրագործել մաքուր տոպրակների ծրագիրը:

Կտորե տոպրակների մշակույթը վերադառնում է. տասնամյակներ առաջ գյումրեցի կանայք շուկա էին գնում իրենց ձեռքով կարված կտորե տոպրակներով, դրանք շուտ չէին պատռվում, և թափելու դեպքում չէին կեղտոտում շրջակա միջավայրը: Այս բարի ավանդույթը նորից արդիական դարձնելու քայլեր են սկսել ուսումնարանի սաները, տոպրակների համար էլ հատուկ դիզայն է մշակվել. կլինեն էկոլոգիական խնդիրներ արտահայտող նկարներ, տեղեկատվական թերթոն, կպարունակեն Գյումրու կոլորիտի տարրեր, և իհարկե, գյումրվա բարբառ:

Տոպրակների առաջին խմբաքանակը հանրությանը հասանելի կլինի հուլիսի 7-ին՝ ծրագրի մասին իրազեկող միջոցառման ժամանակ: Սկզբնական շրջանում կտորե տոպրակները կտրամադրվեն առևտրի կետերին՝ անվճար, մինչև հասարակությունը կսովորի դրանցից օգտվել: Այնուհետ, երբ կտորե տոպրակը քիչ-քիչ շուկայից դուրս մղի պոլիէթիլենային պարկերը, արդեն խանութներին կտրամադրվի որոշակի գումարի դիմաց: Այսպես կստեղծվի նաև տեղական փոքրիկ բիզնես, որն էլ հնարավորություն կտա շահույթ ստանալ ու շարունակել տոպրակների արտադրությունը:

Այս ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում:

Ըստ ծրագրի, դեռահասներից պահանջվում էր միայն ներկայացնել նորարական գաղափարներ, որոնք դուրս են կարծրատիպերից և համայնքում որևէ խնդրի լուծում են առաջարկում:
10 ծրագրային գաղափարներից ֆինանսավորման փուլ են անցել 5-ը, այդ թվում՝ կտորե տոպրակների գաղափարը:

«3+2» թիմի հետ աշխատում է մենթոր Օվսաննա Պապիկյանը, ասում է՝ այն բոլոր քայլերը, որոնցով անցել են երեխաները, հետագա իրենց ամբողջ կյանքում օգնելու են, մեծ դասեր են եղել.

- Սկզբնական շրջանում կարիք կար բացատրելու՝ ինչպես է պետք ծրագիրը նախագծել, ինչ է գործողությունների պլանը, ինչպես մշակել այն: Այդ ընթացքը, իրենց համար, կարծում եմ, շատ կրթական է եղել, քանի որ հետագայում էլ կկարողանան իրենց ծրագրերը ճիշտ գրել, նախագծել և իրականացնել:

Օվսաննան նաև շեշտում է՝ երբ գաղափարը հասել է իրագործման փուլին, իր անելիքը պակասել է. երեխաներն իրենց իսկ գաղափարն են կյանքի կոչում, հստակ գիտեն ինչ են ուզում ստանալ:
«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: Ծրագրում ուղղակի շահառուներ են համարվում Գյումրու և Սպիտակի մոտ 50 պատանի:

Ինչպես Անկախի հետ զրույցում նշում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Լիդիա Արզումանյանը՝ պատանիները բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ են ներկայացրել, որոնց մեջ ընտրություն կատարելը անչափ բարդ է եղել: Բայց և ուրախացել են, որ պատանիները լավատեղյակ են համայնքի խնդիրներից և դրանց լուծման համար ստեղծագործ գաղափարներ են առաջարկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: