Հայերեն   English   Русский  

Բնապահպանության նախարարությունում մինչ այսօր կա «դաբրո» հասկացությունը. Արման Սուլեյման


  
դիտումներ: 201

«Ամեն տարի մենք բնապահպանական մի ֆիլմ ենք նկարում: Այս տարի պետք է ֆիլմ նկարենք Սևանա լճի մասին, սակայն ֆիլմը նկարահանելու ընթացքում հասկացանք, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց լրագրող, բլոգեր Արման Սուլեյմանյանը:

Վերջինս նշում է, որ Սևանա լճի հետ կապված որոշ տվյալներ են ցանկացել ստանալ ոլորտում աշխատող գիտնականներից, սակայն Բնապահպանության նախարարության ճնշումներից հետո գիտնականները չեն ցանկացել խոսել:

«Ֆիլմի համար պետք է հարցազրույց անեինք 2 շատ սկզբունքային ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, որոնք գիտնականներ են և վերջին 5-10 տարում հետազոտել են Սևանա լիճը: Մինչև հարցազրույցը ես հանդիպել եմ 2 տնօրենների հետ, ստացել եմ նրանց համաձայնությունը, բայց նրանք խնդրեցին, որ իրենց հարցազրույցի համար «դաբրո» ստանամ Էրիկ Գրիգորյանից: Այսինքն Հայաստանի Բնապահպանության նախարարությունում մինչ այսօր կա «դաբրո» հասկացությունը: Մայիսի 9-ին պաշտոնապես դիմել ենք նախարարությանը՝ խնդրելով, որ մեզ թույլ տան հարցազրույց վարել գիտնականների հետ: Երկու շաբաթ անց մեզ պատասխանում են, որ այդ գիտնականները չեն ցանկանում նկարահանվել մեր ֆիլմում: Հիմա ես գիտնականների անունները չեմ բարձրաձայնի, քանի որ իրենք լուրջ ճնշման տակ են նախարարության կողմից և հրաժարվել են հարցազրույց տալ»,-ասում է Արման Սուլեյմանյանը:

Վերջինս նշում է, որ նախարարությունն իրավունք չունի գիտնականներին ճնշման ենթարկել, թույլ չտալ, որ բարձրաձայնեն առկա խնդիրները, իրավունք չունի նրանց փոխարեն նման պատասխան տալ:

«Ես մոտավորապես մեկ շաբաթ առաջ պաշտոնապես գրել եմ նախարարություն, որ ես ստիպված եմ լինելու ձեզ վիրավորել, փոխել հարթությունն այս ամենի, ինչին ի պատասխան ինձ ասել են՝ ինչ ուզում ես արա, մեզ մեկ է: Ես հավատարիմ կլինեմ իմ խոստմանը և այն մարդկանց, որոնք խոչընդոտել են իմ գործունեությանը, պարզապես կանվանեմ ապուշներ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ իրենք ապուշից կվիրավորվեն, կդիմեն դատարան, և ես այնտեղ կապացուցեմ նրանց ապուշությունը»,-նշեց լրագրողը:

Չնայած նախարարությունը տվյալներ չի տրամադրել, սակայն ֆիլմի նկարահանող անձնակազմը կարողացել է ձեռք բերել որոշ փաստեր, որոնք ապացուցում են, որ Սևանա լիճը անմխիթար վիճակում է գտնվում: Լճում աճել է ֆոսֆորը ևԱրման Սուլեյմանյանը պնդում է, որ իրենց հետազոտությունների համաձայն՝ այս տարի ևս, ինչպես անցյալ տարի, Սևանա լիճը կրկին կանաչելու է, քանի որ լճի մակարդակը չի բարձրանում, այն աղտոտված է, իսկ մաքրման աշխատանքներ չեն իրականացվում: Լրագրողը կարծում է, որ շատ փաստեր գաղտնի են պահվում նախարարության կողմից՝ ձկան պաշարների, լճում քիմիական տարրերի քանակի և այլնի վերաբերյալ:

«Մենք ֆիլմը նկարահանելու համար ուսումնասիրել ենք Ֆրանսիայում ճահճացող լճերը, դրանց վերականգնման եղանակաները, անգամ ասել ենք, որ կարող ենք Սևանա լճի համար էլ առաջարկներ ներկայացնել, սակայն կարծում եմ մեր նախարարը ճիշտ տվյալները չի զեկուցում վարչապետին: Հնարավոր չէ նախարարությունից որևէ բան իմանալ: Ես առաջարկում եմ, որ Կառավարությունը Սևանի մասին օրենքը փոխի և Էրիկ Գրիգորյանին հայտարարի Սևանի տերն ու տիրականը, և եթե նա դառնա Սևանի տերը այլևս կարիք չի ունենա հաշվետու լինել ինչ-որ մեկին»:

Սուլեյմանը վերջում հավելում է, որ իրենք առանց նախարարության աջակցության էլ կարող են ֆիլմը ավարտին հասցնել և կարևոր է, որ ֆիլմի հասցեատերը՝ սովորական քաղաքացին ծանոթանա լճի ներկա վիճակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: