Հայերեն   English   Русский  

Աշխատակիցը պահանջում է պատժել իր ֆեյսբուքյան նամակագրությունը կարդացած տնօրենին


  
դիտումներ: 1385

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում ոչ մշակութային կրքեր են եռում։

Կենտրոնի արդեն նախկին աշխատակից Տաթևիկ Համբարձումյանը պնդում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եսթեր Աբրահամյանը մտել է իր ֆեյսբուքյան էջ, կարդացել անձնական հաղորդագրությունները և հանրայնացրել դրանք աշխատավայրում՝ ցանկանալով այդպիսով նվաստացնել իրեն և դրդել աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Համբարձումյանը ոստիկանություն է դիմել՝պահանջելով պատժել Աբրահամյանին։

Նշենք, որ Համբարձումյանն այս ընթացքում նաև աշխատանքից է հեռացվել։ Իր իսկ պնդմամբ՝ անօրինական կերպով։ Նա պատրաստվում է դատարանով վիճարկել աշխատանքից հեռացման հրամանը և վերականգնվել նախկին պաշտոնում՝ փոխհատուցում ստանալով հարկադիր պարապուրդի համար։ Եսթեր Աբրահամյանի պնդմամբ, սակայն, ամեն ինչ օրենքի սահմաններում է տեղի ունեցել։

«Անկախի» հետ զրույցում Համբարձումյանը պատմում է, որ Աբրահամյանի և մեկ այլ աշխատակցի հետ միասին են աշխատանքի ընդունվել Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն դեռ նախկին տնօրեն Շողիկ Ասոյանի օրոք։ Պատմում է, որ դեկրետի գնալուց հետո նախկին տնօրենը զգուշացրել է, որ էլ չվերադառնա, քանի որ էությամբ պրպտող է, փորձել է ամեն որոշման հիմքը և գնագոյացումը հասկանալ։ Համբարձումյանը, սակայն, պայքարել է իր աշխատանքային իրավունքների համար ու Աշխատանքի պետական տեսչության աջակցությամբ վերականգնվել նախկին պաշտոնում, բայց կարճ ժամանակով։ Երեք ամիս անց հաստիքը կրճատել են՝ նրանից ազատվելու համար։ Համբարձումյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո, երբ կենտրոնի տնօրեն է նշանակվում արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, ծանոթ լինելով Համբարձումյանի մասնագիտական կարողություններին ու հմտություններին, նրան նորից հրավիրում է աշխատելու Մշակութային արժեքների փորձաքննության կենտրոնում։ Սարգսյանը, սակայն, երկար չի պաշտոնավարում։ Նրան այս գարնանը աշխատանքից հեռացնում են և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում Եսթեր Աբրահամյանին։

Համբարձումյանը պնդում է, որ չնայած իրենց վաղեմի ծանոթությանն ու աշխատանքային միջավայրից դուրս մտերմիկ շփումներին, ղեկավար պաշտոն ստանալուց հետո Աբրահամյանի վերաբերմունքն իր հանդեպ աստիճանաբար փոխվում է։ Պատճառն, ըստ Համբարձումյանի այն էր, որ նոր տնօրենն իրեն նախկին տնօրենի մարդ էր համարում։

«Երկրորդ աշխատանք էի գտել, որի համար երկուշաբթի առավոտյան ընդամենը երկու ժամ պետք է բացակայեի։ Նախկին տնօրենն ասել էր, որ խնդիր չէ։ Հիմնարկում շատերը կան, որ երկրորդ աշխատանք ունեն և առհասարակ, տասներկուսից նոր գործի են գալիս։ Ես միշտ ճիշտ ժամանակին եմ եկել։ Չնայած, մինչև ավագները չգան, գործ չի լինում»,- ասում է նա՝ հավելելով, որ Աբրահամյանը թույլ չի տվել երկրորդ աշխատանքը համատեղել։

Համբարձումյանի խոսքով՝ Աբրահամյանը շարունակ փորձել է սադրել իրեն, որպեսզի չդիմանա և կոշտ պատասխան տա՝ հիմք ապահովելով աշխատանքից հեռացման համար։

«Մի օր եկավ, թե հավաքարարի հետ գնա սենյակը մաքրի, տասնհինգ տարի նստել եմ, նման բան չի եղել, խոզանոց է։ Եվ դա ամբողջ հիմնարկով մեկ, ու շեշտում է, թե հավաքարարի հետ գնա և մաքրի,- պատմում է Համբարձումյանը։- Մինչդեռ այդ սենյակում չորս հոգով ենք նստում, մեկն էլ իր թողտվությամբ միշտ երեխա է բերում։ Ասեմ, որ իրականում փնթի վիճակ էլ չէր, գրքերն էին թափթփված, դա էլ արել էր բաժնի վարիչը»։

Ասում է, որ մեկ այլ օր էլ տնօրենը առավոտյան իր հետ սուրճ խմող աշխատակցին կանչել ու հրահանգել է, որ այլևս սուրճ չխմեն, քարտուղարուհու միջոցով փոխանցել է, որ բարձր չծիծաղի աշխատավայրում և այդպես շարունակ։

«Անընդհանտ այսպիսի մարնախնդիր, բայց ցավեցնող բաներ էր անում»,- ասում է Համբարձումյանը և պնդում, որ օրերից մի օր Աբրահամյանն իրեն Նկարիչների միություն է գործուղել և այդ ընթացքում մտել իր աշխատանքային համակարգիչը։

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Աբրահամյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նշենք,որ ավելի վաղ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Եսթեր Աբրահամյանը ասել էր, որ կարդացել է նամակները, բայց ակամա։ «Աշխատանքային համակարգիչը բաց թողնելու պայմաններում չկարդալու համար նամակները պետք է լինել առնվազն կույր։ Բաց են եղել այդ նամակները»,- ասել է նա։

«Ինքն ասում է, որ պատահական բացվել է։ Ո՞նց կարող էր բացվել, որ օրերով համակարգչից ֆեյսբուք չէի մտել։ Ինչպե՞ս կարող էր պատահաբար հինգ հոգու հետ երեք ամսվա նամակագրությունը հայտնվել է իր աչքի առաջ»,- ասում է Համբարձումյանը։

Նա պնդում է, որ Աբրահամյանը հաջորդ օրը կանչել է իրեն ու նամակագրության հասցեատերերից քարտուղարուհուն, բարձրաձայնել նրանց ֆեյսբուքյան խոսակցությունը և պահանջել աշխատանքից հեռանալու դիմում գրել։ Պնդում է, որ Աբրահամյանը իրենց նամակագրությունը, որոնցում քննարկել էին մի շարք աշխատակիցների, նրանց վարքն աշխատավայրում ու գործելաոճը, բարձրաձայն կարդացել է բոլորի առջև, որպեսզի Համբարձումյանն ու մյուս աշխատակիցը ամթոց հեռանան։ Միջադեպից հետո երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել, սակայն Տաթևիկը հաջորդ օրը մտափոխվել է և իր դիմումը հետ կանչել։

Այդ մեկ օրվա բացակայությունն էլ հիմք է դարձել, որպեսզի նրան աշխատանքից հեռացնեն։ Նրա պնդմամբ, սակայն, մեկ ամբողջ օր աշխատանքից չի բացակայել։ Նաև ասում է, որ դիմումը հետ կանչելուց ու աշխատանքի վերադառնալուց հետո անընդհատ հալածվել է՝ նրան թույլ չեն տվել համակարգչով աշխատել, մուտք ունենալ դեպի ընդհանուր բազա, իր հետևից վիրավորական արտահայտություններ են հնչեցրել։

Համբարձումյանը դժգոհում է նաև ոստիկանության աշխատաոճից․ ասում է, որ գործը քննող մասնագետը շարունակ փորձում է այնպես ուղղորդել բոլորին, որ գործը կարճվի՝ պատճառաբանելով, թե ապացույցներ չկան։

Ասում է, որ հանձնվել չի պատրաստվում և մինչև վերջ պայքարելու է։ Դիմել է հնարավոր բոլոր ատյաններին՝ վարչապետին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, դատարան և այդպես շարունակ։ «Իմ խնդիրը նորից հետ գալը չէ, այլ որ հրամանը չեղարկվի, ինձ վճարեն հարկադիր պարապուրդի համար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տնօրենը պատժվի իմ անձնական նամակագրությունը կարդալու և տարածելու համար»,- ասում է նա։

Նշենք, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը, արձագանքելով ԶԼՄ-ներում Համբարձումյանի հայտարարություններին, հերքում է տարածել, որտեղ նշվում է, որ Աբրահամյանը չի հրապարակել աշխատողի նամակագրությունը, Տաթևիկ Համբարձումյանն աշխատանքից ազատվել է օրինական կերպով, ինչպես նաև «ՊՈԱԿ-ի աշխատող Տաթևիկ Համբարձումյանը չի ենթարկվել որևէ հալածնքի կամ ճնշումների և/կամ սպառնալիքների, վիրավորական խոսքեր իր հասցեին չեն հնչեցվել»։

Միջադեպին անդրադարձել է նաև նախկին տնօրեն Լիլիթ Սարգսյանը, որը armlur.am-ի հետ զրույցում ասել է․ «Ընդամենը կասեմ, որ Փորձագիտական կենտրոնում տեղի ունեցած այս հերթական միջադեպն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այդ «մշակութային» հիմնարկում տիրող բարքերի մասին: Այնտեղ սկզբունքային, առաջադեմ, պարզ ու թափանցիկ, ինքնուրույն մտածողություն ունեցող մարդիկ երկար չեն դիմանում: Նրանց հոշոտում են այնպես, ինչպես վարվեցին սկզբից տեղակալիս, հետո էլ իմ, հետո իմ կողմից հրավիրված հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նարինե Գիժլարյանի հետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: