Հայերեն   English   Русский  

Սփյուռքահայ գործարարների և գյումրեցիների կռիվը շարունակվում է. աշխատակիցները պնդում են, որ կարի գործարանը կարծես վերածվել է կանանց գաղութի


  
դիտումներ: 146

Գյումրիում «Սասստեքս» կարի գործարանում տևական ժամանակ է, լարվածություն է աշխատակիցների և ղեկավար կազմի միջև: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ աշխատակիցներին վճարվել էր նվազագույնից քիչ աշխատավարձ: Նրանք սկսեցին բողոքել, ինչից հետո, ինչպես գործարանի աշխատակիցներն են ասում՝ իրենց զգուշացրել են, ովքեր հարցազրույց տան լրագրողներին, գործարանում էլ չեն աշխատի:

Աշխատակիցներին ցածր են վարձատրել, քանի որ կատարված աշխատանքը եվրոպական շուկայում չեն ընդունել. սա ընկերության պատասխանն է եղել.

«Եթե աշխատավարձը տալիս են գործարքային, էդ ինչպես է ստացվում, որ ես էլ, կողքիս ագրեգատն էլ, էն մյուսն էլ նույն չափով ենք աշխատում, նույն տեսակի բրակ ենք տալիս, որ բոլորիս աշխատավարձը հստակ կազմում է 27962 դրամ»,-ասում են աշխատակիցները:

Առհասարակ, գործարանում տիրող մթնոլորտի ու պայմանների մասին սկսեցին պատմել հենց այս դեպքից հետո: Ըստ աշխատողների՝ առավոտյան 8:30-ին դուռը փակում են ուշացող աշխատակիցների առաջ. «Դուռը բաց է միայն կադրերի բաժնի կողմից, որպեսզի ուշացող մարդուն տեսնեն: Բայց եթե երկրաշարժ լինի, ես մինչև պտտվեմ գամ կադրերի բաժնից դուրս գամ, էղավ որ կմնամ ներսում»:

«Հակահրդեհային էդ բալոններից ընդամենը մեկն է դրված, էն էլ՝ դրսի դռան մոտ: Քանի անգամ է պլիտա փչացել, մուխ ու ծուխ եղել, մեքենա է վառվել՝ նստած տեղը կարի մեքենան այրվել է: Հարմարվել ենք նույնիսկ էդ պայմաններին»:

Պատմում են, որ գործարանից նաև հաճախակի շտապ օգնության կանչեր են գրանցվում, աշխատակիցները ուշաթափվում են:

«Գնացել լաբորատոր հետազոտվել եմ, բժիշկն ասել է թունավորում է: Մտածեցի սնունդից է, ասաց չէ՝ շնչառական է: Հարցրեց՝ որտեղ ես աշխատում, ասացի՝ կարի արտադրամասում, պատասխանեց՝ դրանից է: Ապրիլին էր»:

«Հատուկ կամբինիզոններ ենք կարում, որի կտորը հրակայուն է, պատկերացրեք ինչ քարից է մշակված, որ մեքենայի ասեղը չի մտնում մեջը: Այդ կտորներով աշխատելն առողջության համար վտանգավոր է, տարածքը պետք է մշտապես օդափոխվի, մենք այդ հնարավորությունը չունենք, օդափոխման համակարգեր չկան: Պատուհան ենք բացում՝ մրսում հիվանդանում ենք, չենք բացում՝ էդ օդից մեկի մոտ ալերգիա է սկսվում, մյուսի մոտ շնչուղիների բորբոքում, էն մեկի աչքերն են բորբոքվում: Ղեկավարներն ասում են՝ ժողովուրդ, հիվանդ եք, մի եկեք աշխատանքի»:

«Հեռախոսով ես խոսում, խնդիր է, երկու անգամ զուգարան ես գնում՝ խնդիր է: Սա լրիվ կանանց գաղութ է»:

Այս ամենի բարձրաձայնումից հետո ընկերությունով սկսել է հետաքրքրվել ՄԻՊ գրասենյակը, իսկ գործարանի բողոքող աշխատակիցների հետ նոր պայմանագրեր չեն կնքվել, նրանք պարապուրդի են մատնված: Այսօր գործարանում հանդիպում է լինելու, որին մասնակցելու են նաև լրատվամիջոցները, հավելենք, որ այս հաստատության դռները փակ են բոլորի առաջ, այդ թվում լրագրողներին չի թույլատրվում մոտենալ տարածքին:

Գործարանը Գյումրիում հիմնել է գործարար Վարդան Սրմաքեշը, այն հանձնված է Քրիստիան Գելիջիի ղեկավարմանը: Ընկերությունը տեղակայված է Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի շենքում, որը կառավարությունը տրամադրել է մի պայմանով, որ ներդրում կատարվի և Գյումրիում աշխատատեղ ստեղծվի, բայց աշխատակիցներն ասում են՝ մեքենասարքավորումներն այնքան են օգտագործվել, որ պարբերաբար նորոգում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: