Հայերեն   English   Русский  

Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, որ մեքենայից աղբ չնետեն. Հայկ Մարության


  
դիտումներ: 144

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ 46 համարի երթուղային միկրոավտոբուսում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած դեպքերին: Այն հարցին, թե արդյոք խնդիրը կլուծվի վարորդին աշխատանքից հեռացնելով, Հայկ Մարությանն ասել է.

«Վարորդին աշխատանքից հեռացնելու որոշումը կայացրել է այդ գծի սեփականատերը, իսկ երթուղին մասնավորին է պատկանում: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել վարորդին և պահանջներ ներկայացնել, որոնք ներկայացվում ենք ցանկացած վարորդի: Այո, շատ տարբեր տեսակի խախտումներ կան, որոնք կատարվում են Երևանի փողոցներում, ճանապարհատրասպորտային ոլորտում բավականին մեծ խնդիրներ ունենք: Մի տեղ վարորդը ծխում է, մյուս տեղում աղբ է նետում: Քանի որ ես եմ վարում իմ մեքենան, ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, որ մեքենայից շիշ, տոպրակով աղբ դուրս չնետեն»:

Ըստ նրա՝ տարբեր ճանապարհներ կան դաշտը կարգավորելու.համար, դրանցից մեկն այն է, որ պետությունը պահում է կարգ ու կանոնը, տուգանքների ու տույժերի միջոցով զսպում է քաղաքացիներին:

«Հանրային տրանսպորտը այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես անձամբ այս սխեմային դեմ եմ, գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծ մասամբ պետք է կառավարի համայնքը, պետք է կառավարի պետությունը»:

Քաղաքապետը նշեց, որ արդեն իսկ կա նոր ծրագիր, որը ներկայացվել է Կառավարությանը, և որով նախատեսվում է հանրային տրանսպորտի մեծ մասը դարձնել համայնքային:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ միջադեպ էր գրանցվել 46 համարի երթուղային միկրոավտոբուսում: Ուղևորը պահանջել էր, որ վարորդը դադարեցնի ծխելը, սակայն վարորդը հրաժարվել էր և վեճ էր սկսվել նրանց միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: