Հայերեն   English   Русский  

​Արտահանձնման մասին օրինագիծը Հոնկոնգում 1 միլիոն մարդու է փողոց դուրս բերել


  
դիտումներ: 623

Ցուցարարների ճնշումների ներքո Հոնկոնգի իշխանությունները հետաձգել են արտահանձնման մասին օրենքի փոփոխությունների ընդունումը։ Ցուցարարները, սակայն, բավարարված չեն արձանագրված արդյունքով, նրանք պահանջում են չեղարկել նախագիծը և հրաժարվել փոփոխությունների նախաձեռնություններից։ Արդյունքում Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Խաղաղ ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե մահակներ ու փամփուշտներ։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ցուցարարների շարքերը մարդաշատ են։ Սակայն արտահանձնման օրինագծի դեմ բողոքի ամենազանգվածային ակցիան տեղի է ունեցել հունիսի 9-ին, երբ, ըստ հաշվարկների, շուրջ մեկ միլիոն մարդ է փողոց դուրս եկել։ Ըստ գնահատականների՝ սա ամենազանգվածային ցույցն է 1997-ից ի վեր։

Ցուցարարները մեծամասամբ կրում են սև հագուստ, ոմանք նաև պատրաստ են ոստիկանության կողմից հնարավոր ուժի կիրառմանը՝ կրում են դեղին գույնի շինարարական սաղավարտներ և դիմակներ։ Շատ ցուցարարներ էլ անձրևանոցներով են դուրս եկել փողոց՝ այն ծառայեցնելով որպես պաշտպանական վահան։ Ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմում երիտասարդները։

Ինչո՞ւ են դժգոհում Հոնկոնգի բնակիչները

Հոնկոնգի օրենսդրական խորհուրդը նախատեսում է արտահանձնման մասին գործող օրենքում փոփոխություններ իրականացնել, ինչը հնարավորություն կտա Հոնկոնգի իշխանություններին արտահանձնել հետախուզվող անձանց կողմերին, որոնց հետ արտահանձնման մասին պայմանագիր չունի։ Այդպիսիք են, օրինակ՝ Մակաոն, Չինաստանը, Թայվանը։

Օրենսդրական փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ քաղաքական ենթատեքստ ունեցող արտահանձնումներ չեն լինելու։ Յուրաքանչյուր քաղաքացու գործ քննվելու է անհատապես, արտահանձնելու են միայն սպանության և բռնաբարության մեջ մեղադրվող անձանց։

Օրինագծի դեմ պայքարողները, սակայն, վստահ են, որ այն կդառնա քաղաքական հետապնդումների միջոց Չինաստանի համար, և պաշտոնական Պեկինի քաղաքականությունից դժգոհ ամեն մարդ, ամեն այլախոհ կարող է տարբեր պատրվակներով արտահանձնվել Չինաստանի իշխանություններին։ Այդ պարագայում ազատ խոսքը Հոնկոնգում վտանգված կլինի։

Հոնկոնգի կառավարիչ Քարի Լամը հայտարարել է, որ կասկածներ չունի, որ օրենսդրական նախաձեռնությունը տեղին է և այն չի ծառայելու այլակարծության և խոսքի ազատության ճնշմանը։ Նա ցուցարարներին համեմատել է ըմբոստ պատանիների հետ, որոնք հետո կհասկանան, թե որքան տեղին էր ծնողի խստությունը։

Հոնկոնգ

Արձագանքելով ցուցարարների մեղադրանքներին, թե նա «վաճառել է» Հոնկոնգը, Լամը հուզվել է ու հայտարարել․ «Ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, ինչպես և ամեն հոնկոնգցի։ Հանուն այս վայրի հանդեպ սիրո ես բազմաթիվ զոհողությունների եմ դիմել»։

Նշենք, որ Չինաստանի կենտրոնական իշխանությունները սատարում են այս օրինագիծը և Հոնկոնգի իշխանություններին ու նրանց գործողությունները ստեղծված իրավիճակում։

Մինչդեռ ցուցարարները պնդում են, որ որքան ուժեղ լինի իշխանությունների ազդեցությունը, այնքան առավել ուժեղ կլինի իրենց հակազդեցությունը։ Ամերիկյան The Washington Post պարբերականի հետ զրույցում ցուցարարները պնդել են, որ պայքարելու են մինչև վերջ՝ թույլ չտալու Չինաստանի կենտրոնական իշխանությունների դոմինանտությունն իրենց յուրահատուկ տարածքում։ Նրանք մտավախություն են հայտնում, որ օրինագծի ընդունումը կդառնա Հոնկոնգում ձևավորված դեմոկրատական արժեքների վախճանի սկիզբը։

Հավելյալ տեղեկություններ

Հոնկոնգը Չինաստանի կազմում հատուկ ադմինիստրատիվ գոտու կարգավիճակ ունի։ Չինաստանի ժողովրդական Հանրապետության կազմում գործում են երկու հատուկ ադմինիստրատիվ միավորներ՝ Հոնկոնգը և Մակաոն, որոնք ունեն բարձր ինքնավարություն բոլոր ոլորտներում, բացառությամբ պաշտպանության և արտաքին քաղաքականության։

«Մեր երկիր, երկու համակարգ» սկզբունքով ներդրված հատուկ ադմինիստրատիվ տարածքների գաղափարը ձևավորվել է 1980-ականներին՝ պայմանավորված արևմտյան երկրների կողմից երկար ժամանակով վարձակալված տարածքների՝ Չինաստանի կազմ վերադարձնելու անհրաժեշտությամբ։ Այժմ Չինաստանում նման կարգավիճակ ունեն Հոնկոնգը և Մակաոն, որոնք այդ կարգավիճակով Չինաստանի մաս են դարձել համապատասխանաբար 1997 և 1999 թվականներին։

Մինչ այդ Հոնկոնգը մեկ դարից ավելի եղել էր Մեծ Բրիտանիայի գաղութը։ Տարածքը Չինաստանին վերադարձնելու պայմաններից են եղել, որ Հոնկոնգը քաղաքական, իրավական, տնտեսական առումով կմնա անկախ՝ ունենալով իր առանձին օրենքները, դատական իշխանությունը և իմիգրացիոն համակարգը։ Շատերի կարծիքով՝ անցած տարիների ընթացքում Հոնկոնգի անկախությունը նշված ոլորտներում աստիճանաբար փոքրացել է, իսկ արտանահձնման մասին օրինագծի ընդունումը կարող է ինքնուրույնության կորստի վերջին նշույլը դառնալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: