Հայերեն   English   Русский  

​Պարոն Քրիստիանը հիվանդ է, գործարանը փակ, աշխատակիցները՝ բողոքավոր


  
դիտումներ: 138

Բանվորական արտահագուստներ կարող Գյումրու «Սասստեքս» ընկերությունում այսօր մթնոլորտն առավել քան լարված էր:

Առավոտյան ստուգումներ կատարելու հանձնարարականով Գյումրի էին ժամանել առողջապահության և աշխատանքի անվտանգության տեսչության հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչները: Գործարանի աշխատակիցներին սկզբում չեն թույլատրել տեսչության աշխատակիցների հետ մուտք գործել շենք: Ստուգում կատարողները շրջել են գործարանի արտադրական հատվածներում, նայել սարքավորումները, ապա դրսից աշխատակիցներին հրավիրել շենք՝ իրենց դժգոհությունների մասին գրավոր հայտնելու համար:

«Սասստեքս» ընկերություն

Մինչ տեսչությունը ներսում ստուգումներ էր կատարում, գործարանի բակում իրարանցում էր՝ աշխատակիցներն իրենց դժգոհություններն ու առաջարկներն էին ներկայացնում, գործարանի շինարարության ղեկավարն էլ հանդես էր գալիս որպես պատասխանատու:
«Եթե մարդկանց վճարեն իրենց կատարած աշխատանքին համապատասխան, ինձ թվում է, բոլորն էլ կհամաձայնեն աշխատել: Բայց մեզ ասել են՝ այսուհետ վճարվելու եք գործարքային, ու 1 րոպեի դիմաց 10 դրամ են տալիս՝ աշխատանքի 50 տոկոսը կատարելու դեպքում միայն: Բայց այդ մեքենաներով հնարավոր չէ էդպես աշխատել, մենք պատրաստ ենք շաբաթ օրերն էլ աշխատել, բայց մեզ գոնե նվազագույն աշխատավարձ տան, ոչ թե 20-30 հազար դրամ»:

«Էսօր մեզ կանչել ասում էին՝ երբ թղթակիցները կգան, իրենց մոտ կասեք, որ սխալվել ենք, և համաձայնության եկեք նույն ձևով աշխատեք»:

«Սասստեքս» ընկերություն

Սա գործարանի աշխատակիցներն էին ասում: Այստեղ էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, որը պարապուրդի մատնված աշխատակիցներին հորդորեց անպայման տեր կանգնել իրենց իրավունքներին, քանի որ ՀՀ-ում չի կարող մարդը վճարվել օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձից քիչ, դա անթույլատրելի է, չի կարող լինել օրենքով ստրուկ հասկացությունը:

- Յուրաքանչյուր մարդ իր իրավունքների համար մինչև վերջ պիտի պայքարի: Երևէ մեկը կհրաժարվի ինքն իրեն պաշտպանելուց, ոչ մեկը չի կարողանալու իրեն օգնել: Այս պարագայում աշխատանքային օրենսգիրքը ձեր կողմն է, հստակ սահմանված է՝ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ, - նշեց Շիրակի մարզպետի տեղակալ:
Գործարանի աշխատակիցների հետ հանդիպման այդպես էլ մինչ օրս չի եկել գործարանի պատասխանատու Քրիստիան Գելիջին:

- Այստեղ ղեկավարությունից ոչ մեկն էլ չի եկել, մեզ հետ կապի ոչ մեկը դուրս չի եկել, մենք հրավիրել էինք, որ գային, չեն եկել: Կարծում եմ, եթե չեն գալիս իրենք իրենց հարցերը կարգավորելու՝ դա չի բխում իրենց շահերից, - ասում է Վարդան Գրիգորյանը:

Առկա բոլոր հարցերին պատասխաններ էր փորձում գտնել շինարարության բաժնի ղեկավար Ներսես Թաշչյանը, վերջինն էլ խիստ սրտնեղեց, երբ լսեց մարդկանց դժգոհությունը, որ վտանգավոր կտորներով են աշխատել ու առողջական խնդիրների բախվել: Այդ մասին ոչ ավել, ոչ պակաս ասել են լրատվամիջոցներով և գործարանում գտնվող առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին:

«Ես ուզում էի վայրկյան առաջ բացել, բայց որ այսքան ձգձգեցին, ասում են՝ թունավոր կտոր է, մյուսն ասում է՝ օդը փոխեք: Ասում եմ մտեք աշխատեք, ամեն պայման էլ կլուծվի, պետություն կա էսօր, ոչ մեկը չի կարող իր ուզածն անել՝ ոչ ես, ոչ էլ իրենք, սուտ խոսելով ոչ մի մարդ մի տեղ չի անցնելու: Հին պայմանը դեռ ուժի մեջ է, թող աշխատեն», - ասում է ընկերության շինարարության պատասխանատուն:

Փոխմարզպետի հարցին, թե առավոտյան այս մարդիկ կարո՞ղ են աշխատել, Ներսես Թաշչյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել: Աշխատակիցներն էլ ասում են, եթե նվազագույն աշխատավարձ գոնե կվճարվի իրենց, ապա կաշխատեն:

«Ապրանքի բրակ լինելը կապ չունի իրենց փողի հետ, իրենք մինիմալից քիչ են ստացել, որովհետև պայմանագիրը գործարքային է, քիչ են աշխատել: Բրակ միշտ էլ եղել է, բայց իրենց վճարվել են, դա խնդիր չէ», - աշխատավարձի նվազագույնից ցածր լինելու մասին ասում է Ներսես Թաշչյանը:

«10 հոգու պատճառով 1000 հոգին տուժվում ա: Բողոքողը 10 հոգի է, 10-ն էլ տարբեր բաներից է դժգոհ», - ավելացնում է նա:
Հարցին էլ՝ ինչու Քրիստիան Գելիջին չի այցելում Գյումրի, երբ մոտ մեկ ամիս է գործարանում այս վիճակը շարունակվում է, պատասխանեց.

«Պարոն Քրիստիանը երբ ուզենա կգա, ինքը վատառողջ է, ես շինարարն եմ, բայց մեր քույրերու համար ես պարտավոր եմ խառնվել, որովհետև սուտը չպիտի լինի»:

«Սասստեքս» ընկերություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործարանում ստուգումներ կիրականացնի մինչև հունիսի 21-ը: Աշխատակիցները վաղը գնալու են աշխատանքի, եթե գործատուն դարձյալ թույլ չտա մտնել շենք, դա էլ կլինի հենց աշխատողների օգտին, այդ պարագայում, հարկադիր պարապուրդի համար նրանց վճարելու են գոնե նվազագույն աշխատավարձի չափով:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: