Հայերեն   English   Русский  

​Երբ փորձում ես գլխիցդ հանել աղքատությունը, գլուխդ խփում ես բետոնին


  
դիտումներ: 174

ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մեր երկրում տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող ես ստանալ, եթե լրացել է 63 տարիդ և առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքի ստաժ ունես:

Եթե ոչ, ապա ըստ նույն օրենքի 25-րդ հոդվածի՝ կսատանաս ծերության սոցիալական կենսաթոշակ, բայց արդեն 65 տարեկանից:

Արարատ քաղաքի բնակիչ Անահիտ Հովհաննիսյանը, որ իրականում 37 տարվա աշխատանքային ստաժ ունի, անցած տարվա նոյեմբերի վերջին 63 տարին լրանալուն պես ուրախ-ուրախ գնացել է, որ կենսաթոշակը ձևակերպի, սակայն նրան պատասխանել են, որ չի կարող անցնել աշխատանքային կենսաթոշակի, քանի որ նվազագույն աշխատանքային ստաժի 10 տարուն չի բավականացնում 8 ամիս: Բանն այն է, որ մնացած 27 տարիներին նա աշխատավարձ ստացել է, բայց պաշտոնապես ձևակերպված չի եղել, հետևաբար սոցիալական ապահովության և եկամտահարկ չի վճարվել:

Այդ օրվանից Անահիտ Հովհաննիսյանն աշխատանք է փնտրում, որպեսզի լրացնի անհրաժեշտ 8 ամսվա ստաժը, սակայն աշխատանք չկա:

Ի վերջո, հուսահատված նամակ է գրում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի օգնի իրեն այդ հարցում: Նամակը մակագրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այնտեղից էլ Արարատի զբաղվածության տարածքային կենտրոնին: Այստեղ էլ Անահիտին խոստանում են աշխատատեղ բացվելու առաջին իսկ հնարավորության դեպքում իրեն կանչել: Վերջապես անցած մայիսին կանչում են և ասում, որ նոր՝ վարձատրվող բարեկարգման աշխատանքների ծրագիր ունեն, Անահիտը կարող է այդ ծրագրով աշխատել մեկ ամիս և 74 հազար դրամ աշխատավարձ ստանալ: Աշխատանքը պիտի լիներ քաղաքի այգում մաքրությանը և բուսականությանը հետևելը: Տնային կառավարչությունում պայմանագիր կնքելուց և այգում երկու օր աշխատելուց հետո Անահիտին ուղարկում են քաղաքում գտնվող հանրակացարանի ետնաբակը մաքրելու, որտեղ, իր ասելով, տարիների աղբ էր կուտակված: Այստեղ նա մի տոննա աղբ է հավաքում և հեռացնում, ապա չափազանց հոգնած՝ գնում է զբաղվածության կենտրոն և բողոքում, թե իրեն խաբել են՝ պայմանագիր կնքելով ավելի թեթև աշխատանքի համար, ինքը չի կարող կատարել այդ ծանր աշխատանքը, ուստի հրաժարվում է: Այնտեղ էլ պատասխանում են, որ առանց այդ էլ այդ ծրագիրը կասեցվել է: Իսկ աշխատավա՞րձը… Մի խոսքով, վիճաբանություն է սկսվում, Անահիտն ուշաթափվում է ու հոսպիտալացվում և թեպետ հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, հիմա էլ իրեն լավ չի զգում, քանի որ վայր ընկնելիս գլուխը խփել է բետոնին:

Արարատի փոխքաղաքապետ Սարգիս Միշիկյանը և զբաղվածության կենտրոնի ղեկավար Վաչիկ Աղազարյանն այս իրողությունն, իհարկե, այլ կերպ պատմեցին, ոչ այսքան ողբերգական, բայց դրամատիկ, քանի որ տիկնոջ աշխատանքի տեղավորման հարցը չեն կարողանում լուծել, քաղաքապետը մի քանի անգամ հավաքարարի աշխատանք է առաջարկել, որին Անահիտը չի համաձայնել, իսկ տվյալ ծրագիրը հանձնաժողովը նպատակահարմար է գտել իրականացնել դեկտեմբերին ծառատունկի ժամանակ: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Անահիտն աշխատել է մի քանի օր, ինչպե՞ս կարող են մի ամսվա աշխատավարձ վճարել, քաղաքապետը ստիպված իր գրպանից 15 հազար դրամ է տվել: Ինչ վերաբերում է Անահիտի ինքնազգացողությանը, ապա բժիշկների հավաստմամբ՝ դա տեղի է ունեցել բարձր ճնշման պատճառով:

«Ի՞նչ կարող ենք անել, կնոջն աշխատանք է պետք, սակայն նա ամեն աշխատանք չի կարող անել, առողջական խնդիրներ ունի, իսկ նրան համապատասխան թեթև աշխատանք էլ չկա, սա է իրավիճակը»,- ասաց զբաղվածության կենտրոնի ղեկավար Վաչիկ Աղազարյանը:

«Շատ ցավալի է, գալիս են մարդիկ, որոնց ստաժին ընդամենը 2 օր է պակասում, բայց ես մերժում եմ: Ի՞նչ կարող եմ անել, օրենքն օրենք է,- ասաց Երևանի վարչական շրջաններից մեկի կենսաթոշակային հիմնադրամի աշխատակիցը:- Մարդիկ ե՞րբ պիտի հասկանան, որ չի կարելի առանց պայմանագիր կնքելու և ձևակերպվելու աշխատել, ե՞րբ պիտի հասկանան, որ այդպես զրկում են իրենց ապահովությունից ծերության ժամանակ»:

Այո, հավանաբար ներկա իրավիճակը նաև անիրազեկության հետևանք է: Բայց դա չէ հիմնական պատճառը: Մարդիկ երբեմն համաձայնում են աշխատել ստվերում, քանի որ ընտրություն չունեն, հարկադրված են գնում դրան: Իսկ գործատուն էլ հարկադրված է ընտրություն կատարում ստվերի օգտին, քանի որ հարկերը խեղդում են, ինչպես ասում են, «եթե ամեն ինչ ձևակերպենք և հարկերը վճարենք, ուղղակի տակ կտանք»:

Ամիսներ առաջ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց իր սիրելի ժողովրդին հանել գլխից աղքատությունը: Սակայն չասաց՝ ինչպես: Հավանաբար նկատի ուներ ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը: Սակայն յուրաքանչյուր ոք, երբ անոթի է մնում, յուրովի է լուծում այդ հարցը: Երբ մարդ հացի փող չունի, համաձայնում է ամեն ինչի, թեկուզ օրենքը շրջանցելուն, մտածելով, որ դա ժամանակավոր է: Սակայն այդ ժամանակավորը դառնում է շարունակական, և գալիս է մի օր, երբ արդեն անկարող ես աշխատել, պետությունն էլ հրաժարվում է քեզ ապահովել, թե շրջանցել ես օրենքը: Դեռ չասենք այն մասին, որ օրինապահ լինելու դեպքում էլ ապահովության երաշխիք չունես, քանի որ օրենքով սահմանված թոշակը 30-40 տարվա ստաժ ունենալու դեպքում կոմունալ վճարների հետ միասին ընդամենը մի շաբաթ է հերիքում:

Հիմա գուցե բացատրի՞ պարոն Փաշինյանը, թե ինչպես աղքատությունը գլխից հանեն Անահիտ Հովհաննիսյանը և նրա նմանները, որոնք միայնակ են ապրում, կերակրող չունեն, տարիներ շարունակ աշխատել են առանց պաշտոնապես հաշվառվելու և հիմա չեն կարող հետ բերել անցած տարիները: Ով-ով, բայց նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հո լավ գիտի, որ մարդիկ այդպես են աշխատել ոչ լավ օրից: Հիմա ի՞նչ պիտի անեն, ինչպե՞ս հանեն գլուխներից աղքատությունը, երբ դրա միակ միջոցը աշխատանք ունենալն է, երբ խնդիրը նույնիսկ աղքատի կարգավիճակից ձերբաժատվելը չէ, այլ սոսկ մի կերպ գոյատևելը: Նրանք պատասխան են փնտրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: