Հայերեն   English   Русский  

Պետք է թույլ տանք, որ Թումանյանը ազգայինի կաղապարներից դուրս գա. Ա. Եղիազարյան


  
դիտումներ: 2989

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Արդեն 6-րդ տարին այս օրն նշվում է որպես գիրք նվիրելու օր` կրկնակի օր նվիրելով գրքասերներին:

Ըստ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանի` այս միջոցառումը համապատասխան է Թումանյանի բնավորությանը. «Դա Թումանյանի կենսաձևին հարազատ է: ժամանակիցները վկայում են, որ նա մինչև վերջին դրամը տալիս էր գիրք գնելու համար: Նա նաև մեծ ուշադրություն էր դարձնում գրքի արտաքին շքեղությանը: Այդ պատճառով Թումանյանը ամեն բան անում էր, որ իր գրքերը ևս լինեն հնարավորինս ճոխ»:

Օրվա առթիվ դեռևս երեկվանից նկատվել է աշխուժություն Թումանյանի թանգարանը այցելողները շարքում:

Նշենք, որ այստեղ գտնվում են նրան պատկանող 8 հազարից ավելի գրքեր: Նրա գրքերը 10 հազարից ավելին էին, սակայն, ընկերները տարել են ընթերցելու համար և չեն վերադարձրել. գրողի պատին մինչև հիմա փակցված է նրա խնդրանքը. «Խնդրում եմ` գիրք չխնդրել»:

Հաճախ հնչում են կարծիքներ, որ Թումանյանը զուտ ազգային գրող էր, սակայն Անի Եղիազարյանը համաձայն չէ այդ կարծիքի հետ. «Նրանք, ովքեր ասում են դա, իրենք են այդ կաղապարը ստեղծում: Մենք դպրոցում անցնում ենք նրա` «Շունն ու կատուն», «Գիքորը», որոնք իսկապես ազգային հենք ունեն: Հետո նույն միտումը շարունակվում է համալսարանում: Այնուհետև ասպիրանտուրայում: Մենք պետք է թույլ տանք, որ Թումանյանը այդ կաղապարներից դուրս գա. նա համամարդկային գրող է»:

Թումանյանի տուն-թանգարանը այս տարի բազմաթիվ ծրագրեր է պատրաստվում իրակացնել: Մասնավորապես զորավար Անդրանիկի 150-ամյակին ընդառաջ լույս կտեսնի նրա և Թումանյանի կապը արտացոլող նյութերը, նամակները և այլն:

Նախատեսված է նաև հրատարակել գրքեր նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին և Համաշխարհային երկրորդ պատերազմի 70-ամյակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: