Հայերեն   English   Русский  

Նոր օրինագիծ․ ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանություններին հրապարակային վիրավորելը


  
դիտումներ: 1642

Իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, կամ գործողություններ իրականացնելը, որոնց նպատակն է խոչընդոտել պաշտոնյայի ծառայողական պարտականությունների կատարմանը, Հայաստանում կարղ է համարվել քրեական հանցանք։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում եղել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

Նա առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարել և նոր հոդվածներ ավելացնել, ըստ որի իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու համար կսահմանվի տուգանքնվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով կամ կալանք առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

Իսկ ահա իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Փոփոխությունների անհրաժեշտությունը օրինագծի հեղինակն այսպես է հիմնավորում․ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն և ոչ այնքան նրա պատվի և արժանապատվության, որքան կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ»:

Մյուս դրույթի հիմնավորումն այսպիսին է․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները խոչընդոտող և անգործությամբ դրսևորվող արարքի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարման համար: Մինչդեռ, գործնականում անձը իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը կարող է խոչընդոտել նաև գործողությունների կատարմամբ կամ, այսպես կոչված, ակտիվ անհնազանդությամբ: Այդ գործողությունների առավել վտանգավոր դրսևորումները` բռնություն գործադրելը և դրա սպառնալիքը, քրեականացված են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:

Սակայն, բացի բռնությունից և դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ ևս, օրինակ` արգելքներ տեղադրելը ոստիկանության տրանսպորտային միջոցների և վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն»:

Օրինագծի հեղինակը համեմատական է անցկացնում ԱՊՀ երկրների հետ՝նշելով, որ այդ երկրներում նման արարքների համար շատ ավելի խիստ պատիժ է սահմանված։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ վիրավորանքի հարցը շատ նուրբ է և սուբյեկտիվ մոտեցման տեղիք կարող է տալ։

Ավետիք Իշխանյան

«Նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներ կան, որոնք պետական գործչի նկատմամբ վիրավորանքը չեն համարում հանցագործություն՝ համարելով, որ պետական պաշտոնյան պետք է շատ ավելի հանդուրժող լինի, քան ոչ հանրային գործիչը»,- ասում էնա։

Իշխանյանն անընդունելի է համարում իշխանության ներկայացուցչի նկատմամբ վիրավորանքը քրեականացնելը կամ դրա համար պատասխանատվության ենթարկելը։

«Որպեսզի վիրավորանքը դուրս գա մեր քաղաքական բանավեճից և կյանքից, ապա առաջին հերթին իշխանությունները, օրինակ ծառայելով,պետք է զուսպ լինեն և փորձեն երբեք ածականներով, պիտակներով չխոսել իրենց հակառակորդների մասին»,- ասում է նա։

Ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու առումով Իշխանյանը նշում է, որ դա ևս նուրբ հարց է։

«Ի՞նչ է նշանակում խոչընդոտել։ Ի վերջո նույն խաղաղ հավաքների իրավունքի առումով միջազգային նորմեր, ՄԻԵԴ որոշումներ կան, ըստ որոնց որևէ հարցով բողոքողները պետք է հնարավորություն ունենան իրենց բողոքն այնպիսի վայրում տեղ հասցնել, որ հասցեատերը մոտ լինի։ Այսինքն եթե դժգոհություն կա նախագահից, վարչապետից, Ազգային ժողովից, ապա այդ մարմնի մոտ կարող են բողոքել, որը, բնականաբար, կարող է դիտվել որպես խոչընդոտ իշխանությունների աշխատանքին»,- ասում է նա։

Իշխանյանի խոսքով՝ նման օրենսդրական նախաձեռնությունը կամ արվել է առանց գիտակցելու, կա, եթե գիտակցված քայլ է, եթե իշխող քաղաքական ուժն ուզում է այսպիսի օրինագիծ անցկացնել, ապա «դա վտանգում է և՛ խոսքի ազատությունը, և՛ խաղաղ հավաքների ազատությունը, և դա կլինի նահանջ Հայաստանում ժողովրդավարության և միջազգային պարտավորությունների իրականացման տեսանկյունից»։

Իշխանյանի կարծիքով՝ եթե օրինագիծն ընդունվի և ինչ-որ պահի պատասխանատվության հարց լինի, առաջին հերթին այն կվերաբերվի քաղաքական ընդդիմությանը։

Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այդպիսի նորմերը գործում և աշխատում են դրական, եթե քաղաքական վերնախավն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ամբողջովին անաչառ և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ջատագով։

«Ցավոք սրտի, այս իշխանությունները մեզ նման օրինակներ չեն տալիս, հակառակը, մենք անընդմեջ ականատես ենք դառնում ընտրովի արդարադատության բավականին քաղաքականացված մեթոդին»,- ասում է նա։

«Այս վիճակով ես բավականին մեծ անհանգստություն ունեմ ոչ միայնխոսքի ազատության, այլ նաև ընտրովի արդարադատության առումով, այն է՝ այլախոսների հանդեպ կոշտ վերաբերմունք և այդ նորմի կիրառում, իսկ յուրայինների այդ նույն արտահայտության համար՝ ոչինչ։ Օրինակ, հիմա Ջիվան Աբրահամյանին պետք է ներկայացնեին մեղադրանք Քրեական օրենսգրքի 316 հոդվածով, այնինչ իրեն ոչ միայն մեղադրանք չեն ներկայացրել, ավելին, նա կրկնել է իր քրեորեն հետապնդվող արարքը։ Սա է իմ անհանգստությունը»,- ասում է Ալավերդյանը։

Նա շեշտում է՝ երբ ժամանակին վիրավորանքն ապաքրեականացվեց, միջազգային կառույցների կողմից դա գնահատվեց որպես ևս մեկ քայլ խոսքի ազատության ապահովման ուղղությամբ։ «Հիմա, երբ այն քրեականացվի, անշուշտ, դա կգնահատվի որպես ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ»,- ասում է Ալավերդյանը։

Նա վստահ է, օրինագծի ընդունման դեպքում «ընտրովի արդարադատությունը կդառնա մեր առօրյան, թե այլախոսների, թե ԶԼՄ-ների հանդեպ այն կդառնա պատժամիջոցի հաճախակի օգտագործվող ձևերից մեկը, իսկ յուրայինների համար այն բոլորովին չի օգտագործվի»։

Անդրադառնալով իրողությանը, որ օրինագծի հեղինակը համեմատականներ է անցկացնում ԱՊՀ երկրների հետ, Ալավերդյանն ասում է․ «Որքան գիտեմ, մենք համեմատվում ենք ոչ թե ԱՊՀ երկրների, այլ Եվրոպայի խորհրդի և անգամ ԵՄ հետ։ Մենք պետք է հասկանանք, թե որ ստանդարտներին ենք ձգտում։ Երբ հետևում ես ԵԽ կամ ԵՄ պահանջներին, դու չես հակասում ԱՊՀ երկրներին, հակառակը մի քիչ առաջ ես անցնում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: