Հայերեն   English   Русский  

​Անցումային արդարադատություն. նախադրյալները և գործիքները


  
դիտումներ: 1956

Անցումային արդարադատությունը չունի որոշակի և ունիվերսալ կիրառում: Եթե ուսումնասիրենք բոլոր այն երկրները, որտեղ ներդրվել է անցումային արդարադատությունը,

  • ապա կտեսնենք, որ այդ երկրներում անցումային արդարադատությունն արտահայտվել է տարբեր եղանակներով, իսկ դա էլ իր հերթին պայմանավորված է երկու հիմնական առանձնահատկությամբ.
  • անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտություն,անցումային արդարադատության իրականացման գործիքակազմ:

Ընդ որում, սրանք հաճախ տրամաբանորեն փոխկապակցված են և երկրորդը բխում է առաջինից:

Չնայած այն հանգամանքին, որ գոյություն չունի անցումային արդարադատության կիրառման համընդհանուր մոդել, առկա է դրա քիչ թե շատ ունիվերսալ և հեղինակավոր սահմանում: Այսպես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2004 թվականի «Իրավունքի գերակայությունը և անցումային արդարադատությունը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային հասարակություններում» վերտառությամբ զեկույցում ասվում է հետևյալը.

«Պատերազմ վերապրած հասարակություններին իրավունքի գերակայությունը վերականգնելու գործում օգնելը և նախկինում օրինականության խոշորաբասշտաբ խախտումների հետևանքները վերացնելը, այն էլ՝ այն պայմաններում, երբ ենթակառուցվածքները ոչնչացված են, ռեսուրսները սպառված են, ընդհանուր վիճակը մնում է տագնապալի, իսկ բնակչությունը հոգեբանորեն ծանր վիճակում է և բաժանված է, ամենադժվար և հաճախ անհնարին գործ է: …[Անհրաժեշտ է] անցյալում տեղի ունեցած լայնամասշտաբ իրավախախտումների հաղթահարման հետ կապված ընթացակարգերի և մեխանիզմների համալիր, որի նպատակն է ապահովել հաշվետվողականությունը, արդարությունը և հաշտեցումը»:

Պատմականորեն անցումային արդարադատությունը հաջորդել է կա՛մ ողբերգական դեպքերին (քաղաքացիական պատերազմներ, զանգվածային ջարդեր, ցեղասպանություններ), կա՛մ ավտորիտար ռեժիմների պայմաններում մարդու իրավունքների կոպիտ և լայնածավալ խախտումներին: Եվ, որպես կանոն, անցումային արդարադատության իրականացման նպատակ է հռչակվում հասարակության հաշտեցումը և իրավունքի գերակայության հաստատումը:

Ի՞նչ է իրավունքի գերակայությունը և ո՞րն է դրա բացակայության ցուցիչը:

Նույն զեկույցում բացահայտվում է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Այսպես, իրավունքի գերակայությունը կառավարման այնպիսի սկզբունք է, որի համաձայն՝ բոլոր անձինք, պետական և մասնավոր հաստատություններն ու կառույցները, այդ թվում նաև պետությունը, գործում են հանրորեն ընդունված օրենքների համաձայն, իսկ այդ օրենքները հավասարապես կիրառվում են դատական մարմինների կողմից և համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին:

Վերոնշյալ ձևակերպումից ելնելով՝ կարելի է պնդել, որ իրավունքի գերակայության բացակայությունը վերը թվարկվածի իսպառ բացակայությունն է: Մասնավորապես, երբ օրենսդրական դաշտը խեղաթյուրված է, պարունակում է անհավասար՝ խտրական մոտեցումներ հասարակության տարբեր շերտերի և խմբերի նկատմամբ, ինչպես նաև ունի խորը հակասություններ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական ակտերի հետ:

Անդրադառնանք անցումային արդարադատության հիմնական գործիքներին և դրանց մասնավոր դրսևորումներին։

Անցումային արդարադատության իրականացման գործիքակազմերը բազմազան են: Պրակտիկայում անցումային արդարադատությունն իրականացվել է արտակարգ դատարանների (այդ թվում միջազգային քրեական տրիբունալների), ճշմարտության հաստատման հանձնաժողովների, ռեպարացիայի, լյուստրացիայի և սքրինիգի մասին օրենքների, հրապարակային ներողությունների, իսկ որոշ հետխորհրդային երկրներում անգամ պատմության ընդհանուր խմբագրման միջոցներով: Այն երկրները, որտեղ իրականացվել է անցումային արդարադատությունը, կա՛մ ընտրում են վերոնշյալ միջոցներից մեկը, կա՛մ մի քանիսը: Եղել են դեպքեր, երբ մի գործիքը՝ ներման գործիքը, փոխարինվել է պատժի գործիքներով:

Քրեական հետապնդում

Անցումային արդարադատության անկյունաքարային տարրերից է նախորդ ռեժիմի օրոք մարդու իրավունքների լայնածավալ խախտումներում մեղավորություն ունեցող անձանց քրեական հետապնդումը։

Նման քրեական հետապնդումն իրականացվում է, որպես կանոն, միջազգային կամ խառը դատական մարմինների և ավելի հազվադեպ՝ ներպետական դատական ատյանների միջոցով։ Ի՞նչու են ավելի հազվադեպ դիմում ներպետական դատական ատյանների տարբերակին: Քանի որ ենթադրվում է՝ կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային հասարակության պայմաններում, երբ առկա է պետական մարմինների և դատարանների նկատմամբ վստահության խորը դեֆիցիտ, այս տարբերակով իրականացվող քրեական արդարադատությունը չի կարող լուծել անցումային արդարադատության առջև դրված կարևորագույն երկու խնդիրները՝ իրավունքի գերակայության հաստատումն ու հասարակության հաշտեցումը։

Այս գործիքի արդյունավետ կիրարկման ամենամեծ խոչընդոտն այն է, որ շատ հաճախ բացակայում է դրա իրավական հիմնավորումը (վաղեմության ժամկետ, նախկինում նման հանցակազմի բացակայություն, ենթադրյալ հանցանք կատարած սուբյեկտը մահացել է և այլն)։ Նման ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն լավ մշակված օրենսդրական (ներառյալ՝ սահմանադրական) փոփոխություններով։ Ընդ որում, վաղեմության ժամկետի խնդիրը գործնականում հնարավոր է իրավաչափ ճանապարհով լուծել միայն հղում կատարելով ՄԱԿ-ի 1968 թվականին ընդունած «Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետներ չկիրառելու մասին» կոնվենցիային, որի կարգավորման առարկան հատկորոշված է հենց կոնվենցիայի վերնագրով։ Մյուս միջազգային իրավական փաստաթուղթը, որը ստեղծում է վաղեմության ժամկետների արգելքը հաղթահարելու հնարավորությունները, ՄԱԿ-ի 2005 թվականին սահմանած «Անպատժելիության դեմ պայքարի միջոցով մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ամփոփ սկզբունքներն» են, որոնց առարկան էլ, միջազգային իրավունքի համաձայն, ծանր հանցագործություններն են, որոնք սահմանված են 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայով և դրա 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ։

Ճշմարտության հաստատման հանձնաժողովներ

Այս հանձնաժողովների խնդիրը ճշմարտության վերհանումն է։ Դա, որպես կանոն, իրականացվում է քվազիդատական մարմինների միջոցով, որոնք քննության են ենթարկում դեպքերը, վեր են հանում բոլոր հանգամանքները, տալիս են եզրակացություն, սակայն օժտված չեն իրավաբանական առումով պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ։ Այս հանձնաժողովների հիմնական գործիքն այն է, որ օրենքի ուժով երաշխավորվում է այս հանձնաժողովի հետ համագործակցող անձանց քրեական հետապնդում չիրականացնելու արտոնությունը։ Հենց այս մեթոդով է անցել ՀԱՀ-ը։

Ռեպարացիա՝ վնասների հատուցում

Վնասի հատուցումը իրավաբանական տեսության և պրակտիկայում բաժանվում է 4 հիմնական ձևերի՝ 1) ռեստիտուցիա, 2) փոխհատուցում, 3) ռեաբիլիտացիա, 4) սատիսֆակցիա։

Ռեստիտուցիան ենթադրում է տուժողի նախկին վիճակի վերականգնում (ազատում, իրավունքների վերականգնում, փաստաթղթերի վերականգնում, վերադարձ հին բնակավայր և աշխատանքին և այլն)։

Փոխհատուցումը ենթադրում է նյութական վնասին համարժեք դրամական փոխհատուցում։

Ռեաբիլիտացիան ենթադրում է բժշկական և հոգեբանական օգնություն, իրավաբանական և սոցիալական ծառայություններ։

Սատիսֆակցիան ավելի շատ սիմվոլիկ գործողություններ է ներառում։ Օրինակ՝ ճշմարտության հայտարարում, դիակի ճանաչում, վերահուղարկավորում և այլն։

Ապագայում չկրկնվելու երաշխիքների ներդրում

Այս գործիքն ընդգրկում է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որի շնորհիվ պետք է ստեղծվեն և ամրապնդվեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ սկսած օրենսդրական կարգավորումներից և վերջացրած նորմալ պետական ապարատի և դատական մարմինների ձևավորմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: