Հայերեն   English   Русский  

Կանանց նիստ Ազգային ժողովում


  
դիտումներ: 488

Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների և տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդիպման ժամանակ նշել է, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը հաջողել է այն սկզբունքների և արժեքների շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին քաղաքացիներն իրենց իշխանությունը երկրում հաստատելու համար: Որպես այդպիսիք բանախոսը նշել է արդարությունը, ազատությունը, հավասարությունը, բռնության բացառումը:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած և ընթացող փոփոխությունները, անդրադարձել բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անցումային արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարումը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը:

Մարիա Կարապետյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին՝ նշելով, որ այն բացառապես խաղաղ լուծում պետք է գտնի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափում:

Պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներին, Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներին, սոցիալական լրատվական հարթակների գործունեությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: