Հայերեն   English   Русский  

Բնության նկատմամբ սեր ու հոգատարություն քարոզող թանգարան...


  
դիտումներ: 1077

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ անդրադարձել ենք այս թանգարանի առանձնահատկություններին, կատարած աշխատանքներին ու ձեռքբերումներին:

Գայանե Ղազարյան

-Տիկին Ղազարյան, ինչո՞վ է յուրահատուկ Հայաստանի բնության պետական թանգարանը: Ի՞նչ առաքելություն ունի այն մեր հասարակության կյանքում:

-Հայաստանի բնության պետական թանգարանը տարածաշրջանում միակն է այս պահի դրությամբ: Այն ներկայացնում է Հայաստանի բնությունն իր ամբողջության մեջ՝ կենդանական, բուսական աշխարհը, ընդերքը, հողը, ջուրը, օգտակար հանածոները և այլն: Անգամ այն ամենը, ինչ գոյություն ունի, բայց հնարավոր չէ տեսնել բնության մեջ, ևս ներկայացված են մեզ մոտ: Օրինակ՝ մեր թանգարանում կարելի է հանդիպել Կարմիր գրքում գրանցված կենդանիների խրտվիլակների:

Մենք քարոզում ենք բնապահպանական կրթություն, դաստիարակում ենք սեր ու հոգատարություն բնության նկատմամբ, ինչն այսօր այնքան անհրաժեշտ է:

Բնապահպանությունը մեր երկրի և ամբողջ աշխարհի ցավոտ կետերից է, և մեզ մոտ այցելող ցանկացած մեկը, առավել ևս՝ երեխաները, առաջին հերթին սովորում են մաքուր պահել իրենց շրջապատը, խնամք տանել բնության նկատմամբ: Անգամ մանկապարտեզներից մեզ մոտ այցելած փոքրիկներին ենք մենք համապատասխան մակարդակով ուսուցանում այս ամենը:

Օրինակ՝ ամռան այս տապին շատանում է Սևանա լիճ հանգստանալու մեկնողների թիվը: Մենք երեխաներին տարբեր ուսուցողական մեթոդներով սովորեցնում ենք, որ երբ դասարանով կամ ընտանիքով կայցելեն Սևան, անպայման օրվա ընթացքում մաքուր պահեն իրենց շրջակայքը, որ իրենցից հետո բնությունը աղտոտված չլինի: Փոքրիկները ոգևորվում են և խոստանում համապատասխան վարք դրսևորել բնության գրկում: Գուցե ինչ-որ մեկը մտածի, որ այս ամենն այդքան էլ կարևոր չէ, բայց երբ տեսնում ես, թե որքան հաճախակի են կազմակերպվում շաբաթօրյակներ մեր երկրում, հասկանում ես, որ մեր հասարակության անդամները դեռ ի վիճակի չեն ամեն օր իրենց վրա վերցնել իրենց իսկ շրջապատող տարածքը չաղտոտելու պարտականությունը:

-Ովքե՞ր են հիմնականում այցելում Ձեր թանգարան:

Հայաստանի բնության պետական թանգարան

-Մեր հիմնական այցելուները դպրոցահասակ երեխաներն են, բայց, ինչպես արդեն հասկացաք, թանգարանը սիրում են նաև մանկապարտեզային տարիքի փոքրիկները:

Բոլոր երեխաներին շատ հետաքրքրում է ներկայացված կենդանական աշխարհը: Ինչպես նաև ունենք ակվարիումային ձկնատեսակների ցուցադրություն, որը ևս գրավում է նրանց: Երեխաները շատ հարցեր են տալիս, թե ինչպես պետք է պահել ու խնամել ձկներին և այլն: Արդյունքում նրանք թանգարանից հեռանում են՝ հարստացած Հայաստանի մասին գիտելիքների մեծ պաշարով: Ամռան այս ամիսներին մեզ մոտ շատ են այցելում նաև հանրապետության տարբեր ամառային դպրոցներից, որոնց գրեթե բոլորի ուսումնական ծրագրերում մենք ընդգրկված ենք:

-Ի՞նչ նորարարական մեխանիզմներ եք կիրառում ժամանակակից այցելուին գրավելու համար:

-Լինելով Հայաստանի բնության պետական թանգարան՝ մենք շատ նման ենք մեր երկրին: Ուստի անկախ մեր պատկառելի տարիքից՝ բավական երիտասարդ ենք հոգով:

Շատ ենք ցանկանում ամենատարբեր նորարարական նախագծեր իրագործել, բայց դրանք կամ ֆինանսի հետ են կապված կամ տարածքի: Ավելի շատ մեզ անհանգստացնում է մեր թանգարանի փոքր տարածքը: Մտածում ենք 3D տարբերակով ստեղծել մի սրահ, որտեղ այցելելով՝ երեխան, ասենք, հայտնվի անտառում՝ կենդանիների մեջ, բայց դա առաջին հերթին կապված է տարածքի հետ:

Այս չափերով տարածքը մեր թանգարանի նման թանգարանի համար, որը հանրապետությունում միակն է և շատ պահանջված, բավականին փոքր է: Դրա համար, երբ ես պետք է ներկայացնեմ մեր խնդիրները, միշտ նշում եմ, որ մեր միակ թույլ և ցավոտ տեղը մեր տարածքի փոքրությունն է: Եթե այն մեծ լիներ, մենք ավելի շատ ցուցադրելու և ստեղծագործելու հնարավորություն կունենայինք: Ներկայումս մեր ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ ոչ միայն տեղացի այցելուների թիվն է շատացել թանգարանում, այլև օտարերկրյա զբոսաշրջիկների, ինչը ուրախալի է և պարտավորեցնող: Ես շատ գոհ եմ մեր այցելուներից, որոնք իրենց հերթին տպավորված են հեռանում մեր թանգարանից: Շատ արվեստագետների շուրթերից եմ լսել, որ թանգարան այցելելուց հետո յուրովի են ճանաչել Հայաստանը:

-Համացանցի օգնությամբ թանգարանի առօրյային ծանոթանալիս միանգամից պարզ է դառնում, որ բավական ակտիվ եք տարբեր միջոցառումներ կազմակերպելու առումով: Որքանո՞վ եք կարևորում դրանց դերը թանգարանի հիմնական գործունեությանը զուգահեռ:

Հայաստանի բնության պետական թանգարան

-Միջոցառումների տարեկան պլանային կտրվածքով մենք պետք է ունենանք տասը ցուցահանդեսներ և պիտի նշենք նույնքան բնապահպանական օրեր, որոնցից ոչ մեկ բաց չենք թողնում՝ կարևորելով դրանց դերն այս կամ այն խնդրի վերհանման առումով:

Նաև շատ նկարիչներ այս ամենից զատ ցանկանում են մեզ մոտ ցուցահանդես կազմակերպել: Քանի որ հայ նկարիչները հիմնականում բնություն են նկարում, նկարները ցուցադրելու ամենահարմար տեղը մեր թանգարանն է դառնում: Կարծես ստացվում է բնությունը բնության մեջ: Այս տրամաբանությամբ բազում հայ երիտասարդ նկարիչներ մեզ մոտ են արել իրենց առաջին քայլերը:

Դպրոցահասակ երեխաների առօրյայի հետ կապված մենք ունենք բազմաթիվ կրթական ծրագրեր: Անցկացնում ենք խաղ-վիկտորինաներ, մրցույթներ, որոնց մի մասի հարցաշարը տպվում է «Կրթություն» թերթում, ինչը հնարավորություն է տալիս, որ այդ ամենին մասնակցեն նաև մարզերում սովորող երեխաները: Արդյունքում հաղթողներին հրավիրում ենք թանգարան, անցկացնում երկրորդ փուլ և այսպես շարունակ:

Երեխաների գիտելիքների խորացման համար սա բավական գրավիչ մոտեցում է: Բայց մենք լավ ենք գիտակցում նաև, որ ժամանակակից երեխաների մեծ մասն ակտիվորեն օգտվում է համացանցից, ուստի վերջին շրջանում սկսել ենք օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները: Բնության այս կամ այն երևույթ, որը տվյալ շրջանում դառնում է կարևոր, մենք դրա մասին անպայման տվյալներ ենք տեղադրում՝ փորձելով օգնել մարդկանց: Օրինակ՝ այժմ օձերի ակտիվության շրջանն է, ուստի թանգարանի ՖԲ էջում կտեսնեք բավական հետաքրքիր տեղեկություններ այդ թեմայով:

Մեզ համար շատ ոգևորիչ է տեսնել, որ տարիների ընթացքում ոչ միայն մենք ենք միջոցառումներ կազմակերպում և հրավիրում տարբեր դպրոցների, այլև վերջիններս իրենք են դառնում առավել ակտիվ, նախաձեռնող: Արդյունքում մեծանում է մեզ հետ համագործակցելու, մեր թանգարանում տարբեր թեմատիկ միջոցառումներ անցկացնելու ցանկությունը: Օրինակ՝ մայիսի 22-ին, Կենսաբազմազանության պահպանության միջազգային օրվան նվիրված «Հայրենի բնաշխարհ» խորագրով միջոցառում ունեցանք, որի մասնակիցները 116 դպրոցի սաներն էին: Ստացվում է, որ մեր թանգարանը կրթական և ուսուցողական նշանակություն էլ ունի հասարակության շրջանում:

-Ձեր ցուցանմուշները բավական լուրջ խնամք ու հոգածություն են պահանջում: Ինչպե՞ս եք լուծում այս դժվարին ու պատասխանատու հարցը: Նաև ինչպե՞ս եք ձեռք բերում խրտվիլակներ:

Հայաստանի բնության պետական թանգարան

-Դա իրապես շատ բարդ աշխատանք է: Եթե փորձեմ ավելի մատչելի բացատրել, մարդիկ մեկ բնական մուշտակ են ունենում և բավականին ժամանակ են տրամադրում դրա խնամքին: Մեզ մոտ պատկերացրեք՝ որքան շատ է այդ մուշտակների թիվը:

Բոլոր կենդանիներն ու թռչուններն իրենց բնական մորթիներով են: Այդ պատճառով էլ տարին չորս անգամ մենք ախտախահանում ենք դրանք շատ խիստ պայմաններում՝ օգտագործելով տարբեր վտանգավոր քիմիկատներ: Դրա համար մենք հաճախ մեր ազատ օրերի հաշվին ենք իրականացնում այդ ամենը, որ ախտահանումից հետո այցելուները ոչինչ չզգան: Այնինչ, մենք ապրում ու աշխատում ենք այդ ամենի մեջ:

Շեշտեմ, որ մեր թանգարանը երբևէ բնությանը չի վնասում: Մենք համագործակցում ենք տարբեր կառույցների հետ, որոնց օգնությամբ էլ ձեռք ենք բերում խրտվիլակները: Օրինակ՝ Բնապահպանական պետական տեսչությունը, երբ որսագողերից բռնագրավում է սպանված կենդանիները, հանձնում է մեզ և մեր համապատասխան մասնագետները ստանում են դրանց խրտվիլակները:

Բավական երկար աշխատել ենք նաև Կենդանաբական այգու հետ: Նրանք մեզ են հանձնել սատկած կենդանիների մորթիները, որոնց մենք, այսպես ասած, երկրորդ կյանք ենք տվել: Համատեղ աշխատում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտների հետ: Մեզ անընդհատ աջակցում են Բնապահպանության նախարարության մեր որակյալ մասնագետներն իրենց խորհուրդներով ու ցուցումներով: Կարելի է ասել՝ աշխատում ենք բոլոր մասնագիտական կառույցների հետ՝ ճշտելով մեզ անհրաժեշտ տվյալների իսկությունը՝ սկսած ցուցանմուշների անուններից:

-Տիկին Ղազարյան, ի՞նչ ապագա ծրագրեր ունի Հայաստանի բնության պետական թանգարանը:

-2012-ին Արփի լիճ ազգային պարկում մեզ տրամադրեցին տարածք, որտեղ բացեցինք մեր թանգարանի մասնաճյուղը: Այդտեղ հիմնականում ներկայացված է Հայաստանը, մասնավորապես՝ Շիրակի մարզն ու Արփի լիճը: Մինչ այդ Գյումրիում ենք մասնաճյուղ ունեցել, որն ինչ-ինչ պատճառներով դադարեցրեց իր գործունեությունը: Այսօր արդեն ծրագրում ենք մասնաճյուղեր բացել Սյունիքում, Դիլիջանում, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ինչպես կզարգանան գործընթացները:

Աշնանը՝ ուսումնական տարին սկսելուն զուգահեռ, պլանավորում ենք մեր թանգարանում ներկայացնել Արցախի բնությունը Հայաստանի և Արցախի ուսանողների աչքերով:

Ամենակարևոր ծրագիրն իրականում մեր ամենօրյա գործունեությունն է՝ իր հարուստ միջոցառումներով, ցուցահանդեսներով, կրթական նախագծերով: Մենք անընդհատ աշխատում ենք, և մեր նախագծերը բազմազան են ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի բնաշխարհը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: