Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 657

Շաբաթի առաջին օրն անցավ նախօրեին հանրապետության 23 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արդյունքների քննարկմամբ:

Սակայն ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այժմ քննարկման հիմնական առարկան Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էին, քանի որ հանրության մեծ մասը համարում էր, որ այստեղ ախոյանները ոչ այնքան թեկնածուներն էին, որքան «Բարգավաճ Հայաստան» և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ավելի ստույգ՝ դրանց առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, որ մեծ ազդեցություն ունի այդ մարզում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս վճռականորեն գործի դրեց վարչական բոլոր հնարավոր և անհնարին լծակները, նույնիսկ չզլացավ անձամբ մասնակցել իրենց կողմից աջակցություն վայելող թեկնածուի համակիրների քայլերթին: Իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուղղակի կաշվից դուրս էր գալիս: Եղան նույնիսկ սադրանքներ՝ «Բարգավաճ Հայաստանի» աջակցությունը վայելող և գործող քաղաքապետի համակիրների դեմ քրեական գործ սարքելու հեռանկարով: Քվեարկության օրը նաև գործող քաղաքապետի համակիրներից մի քանիսին բերման ենթարկեցին, իսկ մարզպետը բացահայտ ցուցումներ էր տալիս ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամներին:

Այսուհանդերձ հաղթեց գործող քաղաքապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չէր մնում, քան արձանագրել, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը: Դա նույնքան ծիծաղելի էր, որքան Գագիկ Ծառուկյանի հեգնախառն մեկնաբանությունը, թե հաղթել է հեղափոխությունը: Ավելին՝ նա ակնարկեց, որ հաղթանակը շատ ավելի ջախջախիչ կլիներ, եթե ինքն էլ մասնակցեր քարոզարշավին:

Շատ վերլուծաբաններ արձանագրեցին, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ոմանք էլ այս փաստը բացատրեցին այն հանգամանքով, որ ընրտողներն արդեն ձերբազատվել են էյֆորիայից և սկսել են դատել սառը բանականությամբ: Այսպես թե այնպես այս ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանրության շրջանում չունի այլևս այն աջակցությունը, ինչ ուներ մի տարի առաջ:

Անցած շաբաթ հանրության ուշադրության կիզակետում հայտնվեց Արցախը: Արթուր Աղաբեկյանն ազատվեց Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, Վիտալի Բալասանյանն էլ ազատվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Եվ թեպետ Ստեփանակերտը հերքեց, Հայաստանում տարածում գտավ այն համոզմունքը, որ Բալասանյանի պաշտոնանկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճնշման հետևանք էր: Նախկին պաշտպանության բանակի հրամանատար և ներկայիս արտակարգ իրավիճակների ծառայության պետ Լևոն Մնացականյանը նշանակվեց ոստիկանապետ: Արտակարգ իրավիճակների ծառայությունում նրան փոխարինեց Վլադիկ Խաչատրյանը, իսկ Իգոր Գրիգորյանը նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական- նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ:

Մյուս իրարանցումն առաջացավ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հետևանքով: Նրան ոստիկանություն տարան ձեռնաշղթաներով: Նա միտումնավոր արել էր Նիկոլ Փաշինյանի հասցեին այն նույն կոչը (գլուխը քարով ջարդելու), ինչ օրեր առաջ արել էր Ջիվան Աբրահամյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, և ոստիկանությունը դրա մեջ որևէ հանցակազմ չէր տեսել: Այդ ծուղակից դուրս գալու համար ոստիկանությունը մի ելք ուներ՝ բաց թողնել Արթուր Դանիելյանին, որից հետո «Ադեկվադ» նախաձեռնության անդամները գնացին Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակի մոտ և միացան բողոքի ակցիա իրականացնող «Վետօ» շարժմանը:

Հունիսի 12-ին տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իր պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Վարչապետը Փարիզում, անդրադառնալով նախկին նախագահին ազատ արձակելու մեկնաբանությանը, հայտարարել էր. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Վարչապետի ներկայացուցիչը հայտարարեց, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, մի բան, որ հենց հայցվորի պայմանն էր: Ուստի նրա փաստաբանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի հայցից։

Վերաքննիչ դատարանում էլ, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Նրանք բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումները: Իսկ դատարանի բակում դարձյալ իրար դիմաց ցույց էին անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա կալանավորումը պահանջողները:

Այս դատավարությունը, որ շարունակվեց հունիսի 14-ին, ուշագրավ էր նրանով, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին և՛ Քոչարյանի պաշտպանները, և՛ գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը: Դատավոր Արմեն Դանիելյանը առաջինների միջնորդությունը մերժեց և ստիպված եղավ երկրորդ անգամ հեռանալ խորհրդակցական սենյակ երկրորդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Ուշագրավ էր նաև այն փաստը, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 13-ին այցելեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ և մեկ ժամից ավելի զրույց ունեցավ նրա հետ։

Անցած շաբաթը նշանավորվեց նաև Բրաձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներով: Ինչպես գիտենք, արդեն հրաժարական էին տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը և նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը: Այս շաբաթ էլ իրար հետևից հրաժարական տվեցին խորհրդի անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը: ԲԴԽ–ում մնաց 4 անդամ` Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը (նախագահի պաշտոնակար), Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը։

Վերջապես նշանակվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որի մասին վաղուց էին խոսում: Զարեհ Սինանյանն արդեն հրաժարվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից և սպասում էր իր նշանակմանը:

Անցած շաբաթ զարմանալի լուրեր եկան Ֆրանսիայից: Ֆրանսիական քաղաքները հերթով չեղարկեցին Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը:

Իսկ սահմանում իրավիճակը սովորականից ավելի լարված էր, նույնիսկ զոհ ունեցանք: Հունիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվեց զինծառայող, 1999 թ. ծնված Արտյոմ Խաչատրյանը: Նա երկու ամիս անց զորացրվելու էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: