Հայերեն   English   Русский  

Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին և պահանջել եմ հարուցել քրեական գործ. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 188

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հունիսի 11–ին 1in.am–ին տված հարցազրույցում, խոսելով «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին, մի շարք հայտարարություններ էր արել, որոնք, ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, հանցագործության տարրեր են պարունակում:

«Ես այսօր իմ անունից հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին ու պահանջել, որ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունները հիմք ընդունելով քրեական գործ հարուցեն: Ջհանգիրյանն իր հարցազրույցում երեք կարևոր հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է։ Նա իր հարցազրույցում հանգամանքներ է վկայակոչում, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Հարցազրույցի վերջում Ջհանգիրյանն ասաց, որ Սահմնարադրական դատարանը հնարավորություն է տալիս դատարաններին, որ իրենք իրենց սխալն ուղղեն»,–ասաց Ալումյանը։

Ըստ Ալումյանի Ջհանգիրյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Սահմանադրական դատարանը պետք է ձգձգի գործի քննությունը, իսկ այդ ընթացքում Վերաքննիչը բեկանի Առաջին ատյանի դատարանի որոշումը, և եթե նման բան տեղի ունենա, ապա կնշանակի, որ նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք:

Փաստաբանը, վկայակոչելով Ջհանգիրյանի ասածները, նկատեց, որ այն միտքը, թե ՍԴ–ն դիմումը չի քննելու, նշանակում է, որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն:

«Ջհանգիրյանը վերջում ավելացրեց, որ Սահմանադրական դատարանը ներկա կազմով գործը չի քննելու: Հետևաբար պետք է հասկանալ, որ ՍԴ-ում նախատեսված են նաև փոփոխություններ: Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»,–ասաց Ալումյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: