Հայերեն   English   Русский  

Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ռևանշիստական մղումներից ելնելով վերաբացել մարտի 1-ի գործը. քաղաքագետ


  
դիտումներ: 137

«Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ պատրաստվում են պատերազմի, և հետաքրքիրն այն է, որ ներքին պատերազմի են պատրաստվում»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Օրինակ Սասուն Միքայելյանն ասում է, որ միտինգ անողների վերջը լավ չի լինելու, Լենա Նազարյանն ասում է, որ կան մարդիկ, որոնց ուղորդում են, Արարտ Միրզոյանն ասում է, որ հայկական երազանքին մարտահրավեր է նետված, Նիկոլ Փաշինյանն էլ նշում է, որ մարդկանց պետք է բոմժերի վերածել: Ինձ թվում է, որ, ինչպես ասում էր Նիւկոլ Փաշինյանը, մարդիկ փողոցից դեռ կաբինետ չեն եկել, չեն հասկանում, որ երկիր են կառավարում»:

Քաղաքագետն անդրադառնալով երեկ՝ հունիսի 16-ին տեղի ունեցած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարին, որի ընթացքում ընտրվեցին վարչության անդամներն ու նախագահը, ասաց, որ այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իշխանության գալուց հետո 1 տարվա ընթացքում իշխող վերնախավը ոչ մի հետևություն չի արել:

«Էնտեղ ֆունդամենտալ, գլոբալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել, գաղափարական իմաստով էլ ոչ մի զարգացում չտեսանք: Լուրջ հարցեր, օրինակ ՔՊ-ի ծրագրի փոփոխություն, առաջարկներ այլ քաղաքական ուժերին, որ եկեք նստենք սեղանի շուրջ, իրական ներառական իշխանություն ձևավորենք, չեղան: Բայց տեսանք, որ հակառակ բանը տեղի ունեցավ, նորից բաժանարար գծեր գծվեցին: Կարելի է ասել, որ ՔՊ-ն հասել է իր նպատակին՝ եկել է իշխանության, ու հիմա այդ իշխանությունը պահելու համար ներքին թշնամիներ է փնտրում, հանձնաժողովներ է ստեղծում»:

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի և Արցախի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մասին խոսելով՝ քաղաքագետը գտնում է, որ այս երկուսը լինելու են այն անկյունաքարային հարցերը, որոնց պատճառով Նիկոլ Փաշինյանը զրկվելու է իշխանությունից:

«Իշխանության գլուխ կանգնած մարդիկ ոչ սթափ են գնահատում երկրում տեղի ունեցող զարգացումները, բայց որպեսզի հասկանանք, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, պետք է հիշել, թե ինչ քաղաքական թիմից է դուրս եկել Նիկոլ Փաշինյանը: Վերջիվերջո նա Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է դուրս եկել, այդ թիմի համար 1-ին թշնամին միշտ եղել է ու միշտ կմնա Ռոբերտ Քոչարյանը: Բայց ոչ թե ինչ-որ գաղափարական խնդիրներից ելնելով, այլ նրա համար, որ Լևոն Տեր- Պետրոսյանը Քոչարյանի պատճառով է զրկվել իշխանությունից: Գալով իշխանության Նիկոլ Փաշինյանը փորձեց ռևանշիստական մղումներից ելնելով վերաբացել մարտի 1-ի գործը, հետապնդում է իրականացվում միայն 1 հոգու նկատմամբ: Կարելի է ասել մարդիկ եկել են իշխանության, որպեսզի անձնական խնդիրները լուծեն»,-նշում է Բենիամին Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանաքները քննող հանձնաժողովը նույնպես վրեժխնդրական ու իշխանությունը պահելու մտադրությամբ է ստեղծվել:

«Կարծում եմ, որ քննությունը հիմնականում շեշտը դնելու է Արցախի ռազմական վերնախավի վրա, ինչ-որ պատասխանատվություն է դնելու նրանց վրա: Հնարավոր է, որ փորձեն Սերժ Սարգսյանին ներգրավել այս գործընթացում: Հետաքրքիր մի փաստ. որոշ ռազմական տեսաբաններ ասում են, որ ապրիլյան պատերազմի բացթողումների հիմնական պատասխանատուներից մեկը մեր հետախուզության ղեկավարն էր՝ Արշակ Կարապետյանը: Նրան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հեռացրեց աշխատանքից, բայց Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին դարձրեց իրեն խորհրդական, քանի որ նա միակ մարդն էր, որ ցուցմունք տվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այս պարագայում հնարավոր չէ իրականում բացահայտումներ անել»:

Մաթևոսյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն իր 2018 թվականի մարտի քայլարշավը սկսելուց առաջ հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել:

«Հետաքրքիր է, թե ձևավորված հանձնաժողովը կքննի Փաշինյանի այս հայտրարությունը, կհարցնի, թե ինչ հիմքերից ելնելով է նման բան հայտարարել: Թե բանը կհասնի նրան, որ Փաշինյանը կհայտարարի, որ ինքը ուրիշ Ռուսաստանի է նկատի ունեցել»:

Քաղաքագետը նշում է, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այն է ներքին թշնամիներ մատնանշել և այդ կերպ փորձել իշխանությունը պահել, երկար չի կարող օգնել: Որպես օրինակ ներկայացնում է Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: