Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. դատախազները ներկայացրին միջնորդություն


  
դիտումներ: 151

ՀՀԿ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատախազի՝ փորձաքննությունը բխում է Գրիգորյանի շահերից:

Դատախազը միջնորդությամբ նշեց, որ փորձագիտական հանձնաժողովին պետք է հղել հետևյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում են արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի որշման հավելվածում նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններին։

«Դա ևս մեկ անգամ փաստում է, որ անհիմն է պաշտպանական կողմի այն մտահգությունները, թե դատախազությունը չի հետաքրքրվում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»,- ասաց մեղադրող դատախազներից Հայկ Պետրոսյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ նշեց, որ առանց Մանվել Գրիգորյանի ներկայության դատարանը չի կարող քննության առնել սույն միջնորդությունը:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը, իսկ ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ նաև՝ դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 25–ին, ժամը 12:00–ին։

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ նիստերին, այսօր ևս Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ պաշտպանների՝ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս, որ Գրիգորյանը ներկա գտնվի դատարանի դահլիճում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: