Հայերեն   English   Русский  

Ապագայի շարժվող արվեստն Ապարանում. ֆոտոշարք


  
դիտումներ: 774

Եթե երբևէ չեք եղել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ապա հիմա այնտեղ լինելու համար ունեք շատ լավ առիթ:

Հունիսի 1-ից Ապարանում մեկնարկել է Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումը: Քաղաքի «Վերածնունդ» պուրակը 17 երկրից ժամանած ավելի քան 21 արվեստագետների շնորհիվ վերածվել է իսկական արվեստանոցի:

Ապարան Սիմպոզիում

Հայաստանից, Բելգիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Պերուից, Իրանից, Քուվեյթից, Ավստրալիայից, Ռումինիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Չիլիից, Մալազիայից, Գերմանիայից, Իռլանդիայից ժամանած քանդակագործները կարծես իսկական խառնաշփոթ են ստեղծել պուրակում. քարեր, մետաղներ, մի քիչ փոշոտ դեմքերով մարդիկ, ամեն տեղ աշխատանք, աշխատանք:

Բայց խառնաշփոթը միայն առաջին հայացքից է, հետո տպավորությունը փոխվում է, որովհետև հայտնվում են աշխատանքի պտուղները՝ մեկը մյուսից հետաքրքիր ու զարմացնող քանդակները:

Հայտնի քանդակագործ, ոսկերիչ, դիզայներ Արման Նուռը, որ սիմպոզիումի ստեղծագործական մասի ոգեշնչողն ու կազմակերպիչներից է, ասում է, որ նման մասշտաբների սիմպոզիում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

«Երկրների նման բազմազանություն, նման որակի ու հայտնիության քանդակագործներ առաջին անգամ են հավաքվել Հայաստանում։ Այս սիմպոզիումին ընդհանուր առմամբ եղել է մասնակցության 94 հայտ, բայց ընտրվել են 17 երկրներ: Նրանց միացել են նաև մի քանի հայ քանդակագործներ, ովքեր իրենց քանդակների վրա են աշխատում։ Ընդհանուր առմամբ 21 արվեստագետ է աշխատում սիմպոզիումի շրջանակներում»,-ասում է Նուռը։

Սիմպոզիումն անցկացվում է Ապարանի համայնքապետի և անձամբ քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հովանավորությամբ։

Ապարան Սիմպոզիում

«Չգիտեմ ինչու, բայց մեր պետությունը այս ամենին չի մասնակցում։ Կարծում եմ հաջորդ սիմպոզիումների ընթացքում, տեսնելով նաև մասնակցության այս ծավալները, կհասկանան կարևորությունը և կսկսեն աջակցել»,-նշում է Արման Նուռը։

Սիմպոզիումի կազմկոմիտեի անդամ, մասնակից բելգիահայ Արա Բադալյանն է առաջարկել միջոցառման խորագիրը. «Ապագայի շարժվող արվեստ»: Եվ հենց այս սիմպոզիումի շնորհիվ արդեն երկրորդ տարին է արվեստն ու մշակույթը զարգանում ու առաջ են շարժվում Ապարանում: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու է միջազգային սիմպոզիումը անցկացվում հենց Ապարան քաղաքում: Պատասխանը շատ պարզ է. արվեստագետները փորձում են նման ձևով զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն առաջացնել բնակավայրի նկատմամբ:

«Ի տարբերություն Հայաստանի մի շարք բնակավայրերի, որոնք զբոսաշրջիկներին ցույց տալու ու զարմացնելու շատ բաներ ունեն, Ապարանը մի փոքր հետ է մնում։ Հետևաբար այստեղ շատ քիչ տուրիստներ են գալիս, ու շրջանը չի զարգանում, սրճարաններ, ռեստորաններ, հյուրատներ չեն կառուցվում։ Այդ պատճառով թե անցյալ տարի, թե այս տարի սիմպոզիումը անցկացվում է Ապարան քաղաքում։ Եթե տարեկան մոտավոր հաշվարկներով 20 արձան էլ ավելացնենք այս պուրակում, 5 տարի հետո 200-ից ավելի ժամանակակից արվեստի նմուշ ենք ունենալու։ Սիմպոզիումի նպատակն է Ապարանի այս պուրակը վերածել ժամանակակից արվեստի այգու»,-ասում են կազմակերպիչները։

Ապարան Սիմպոզիում

Թեև Ապարանում քիչ տեսարժան վայրեր կան, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին, բայց Ապարանի հրաշալի բնությունն ու ապարանցիների, նաև հարակից համայնքների բնակիչների վերաբերմունքն իսկապես զարմացրել ու հիացրել է սիմպոզիումի մասնակիցներին: Ապարան քաղաքին հարակից Արագած գյուղի արվեստի դպրոցի սաները իրենց ձեռքով պատրաստված գաթան և պանիրը վերցրել ու եկել էին պուրակ՝ հյուրասիրելու արտասահմանից ժամանած հյուրերին, ծանոթաքնալու նրանց ու նրանց քանդակների հետ:

«Եկանք էստեղ ու ափսոսեցինք, որ ավելի շուտ չենք եկել: Արվեստի դպրոցի մեր գորգագործության դասն այսօր որոշեցինք անցկացնել սիմպոզիումի մասնակիցների կողքին»,-ասում է Արագած համայնքի արվեստի դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը և հավելում, որ սաները հիացած են սիմպոզիումով:

Ապարան Սիմպոզիում

Արման Նուռը նշում է, որ այս սիմպոզիումի շրջանակներում իրենք մասնակից արվեստագետների համար նաև խմբակային ցուցադրություն են կազմակերպել:

«Ցանկացած սիմպոզիումի առաջնային նպատակն այն է, որ արվեստագետները շփվեն միմյանց հետ, փոխանակվեն փորձով, օգնեն իրար աշխատել, նոր բաներ սովորեն և կարևորը լավ ժամանակ անցկացնեն։ Բայց բացի սրանից երբ կազմակերպում էինք սիմպոզիումը, մի միտք ծագեց, որ արվեստագետները գալիս հասնում են Հայաստան, պետք է օգտակար լինենք իրենց։ Ես առաջարկեցի, որ ամեն մեկը մի փոքրիկ գործ բերի, և մենք կազմակերպենք իրենց խմբակային ցուցահանդեսը»,-ասում է նա:

Ապարան Սիմպոզիում

Այժմ սիմպոզիումի մասնակիցների քանդակները ցուցադրված են Երևանում՝ «Նուռ» ցուցասրահում: Իսկ արդեն Ապարանում հունիսի 20-ին տեղի կունենա Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումի փակման հանդիսավոր արարողությունը:

Նկարները՝ Րաֆֆի Յուրեդջիանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: