Հայերեն   English   Русский  

Իմ վրա մատ թափ չտաք. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը Հայկ Ալումյանին


  
դիտումներ: 387

Այսօր՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունն անցնում է լարված մթնոլորտում։

Դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արմեն Դանիելյանը տեխնիկական հարցեր քննարկելով՝ թույլ չէր տալիս պաշտպաններին իրենց դիրքորոշումները հայտնել։

Դատավորը հայտարարեց, որ հնարավոր է քննարկվի Միհրան Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը՝ իր հետ զուգահեռ խոսելու համար։ Այնուհետեւ Դանիելյանը հանդիմանեց պաշտպան Հայկ Ալումյանին՝ ծիծաղելու համար։

«Պարոն Ալումյան, կարծում եմ ոչ ոքի հրճվանքը չեմ առաջացրել»,–հայտարարեց դատավորը, իսկ Ալումյանն էլ պատասխանեց, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ։

«Առաջին անգամ մեղմ ասում եմ՝ հրճվանք բառն իմ նկատմամբ չկիրառեք, մյուս անգամ շատ կոպիտ եմ ասելու»,–ասաց Ալումյանը։

Նախագահող դատավորն էլ հորդորեց պաշտպանին՝ «իր վրա մատ թափ չտալ»՝ նշելով, որ ինքը դատարան չի եկել որևէ մեկի հետ վիճելու։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: