Հայերեն   English   Русский  

​Արտագաղթ. Հանրային խորհուրդը նախագահի հետ քննարկել է երկրին սպառնացող գերխնդիրը


  
դիտումներ: 1536

Հուլիսի 24-ին, ավանդույթի համաձայն, ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է երկրի ղեկավարի հետ: Խորհրդի անդամները Սերժ Սարգսյանին են ներկայացրել հանրությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտագաղթը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը և այլ հարցեր:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք ընտրել են այնպիսի հարցեր, որոնք հիմնարար են և վերաբերում են ոչ միայն ներկա իրավիճակին կամ ներկա իշխանություններին, այլև ապագա սերունդներին:

«Առաջինն արտագաղթի հարցն է: Դա լրջագույն խնդիր է, քանի որ գերազանցում է բնակչության բնական աճը: Դա նշանակում է, որ պետությունը դատարկվում է, առաջին գիծը պաշտպանողների թիվը պակասում է: Եթե դա երկար տևի, ապա լուրջ վտանգ կներկայացնի անգամ պետության գոյության համար»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ արտագաղթն այն խնդիրներից է, որը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է, և իրենք մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրացրել են նախագահի և նախկին վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:

Հանրային խորհուրդը համարում է, որ արտագաղթի պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ հոգեբանական: Եվ եթե օբյեկտիվ պատճառներից են աշխատատեղերի ոչ բավարար քանակը, եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը, սեփական բիզնես սկսելու բարդությունները՝ կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ, բարեկեցիկ պայմաններում ապրելու մարդկանց բնական ձգտումը, անավարտ պատերազմը կամ բոլորի համար օրենքի կիրառման բացակայությունը, ապա հոգեբանական գործոնն այն խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունն է, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության կորստի` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:

«Մենք նախագահին ասացինք` բաներ կան, որ կախված են իշխանություններից՝ օրենքներ փոխել, ինչ-որ իրավիճակներ փոխել, բաներ կան, որ օբյեկտիվ են, փոխել հնարավոր չէ, ամեն դեպքում, նշեցինք, որ ճիշտ կլինի, եթե կառավարությունն ամեն տարի նաև արտագաղթի վերաբերյալ հաշվետվություն տա և դա դարձնի իր գործունեության կարևորագույն կետերից մեկը,- ասում է Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ ապագա ընտրություններում ամենակարևոր հարցը լինելու է այն, թե ով ինչ կխոստանա արտագաղթը նվազեցնելու, կանխելու ուղղությամբ:- Նաև նշեցինք, որ իշխանությունը պետք է դիմի հասարակությանը՝ խնդրելով նրա աջակցությունը երկրի առջև ծառացած այդ լրջագույն մարտահրավերը լուծելու համար: Այսինքն` հասարակությունը ոչ թե պետք է դժգոհ երեխայի դերակատարություն վերցնի իր վրա, այլև մասնակից դառնա այդ պրոցեսներին»:

«Հաջորդը, որ ներկայացվել է նախագահին, սահմանների պաշտպանության հարցն է, հատկապես` վերջին դեպքերի հետ կապված, և հասարակության մեջ վտանգի զգացողությունն ու տագնապը»,- ասաց ՀԽ նախագահը:

Մանուկյանի խոսքով՝ սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը մեր առջև ծառացած լրջագույն խնդիրներից են, որոնց լուծումը որոշակիորեն կնպաստի նաև արտագաղթի խնդրի լուծմանը:

Խորհուրդը համոզված է, որ դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլև սահմանամերձ գոտու բնակչությանը ներգրավել սահմանի պաշտպանությանը:

Սահմաններն ամուր պահելու կարևորագույն երաշխիքներից մեկն էլ, ըստ Մանուկյանի, սոցիալական բարենպաստ պայմանների ստեղծումն է, որպեսզի սահմանամերձ գոտուց արտագաղթը կանխվի: «Սահմանամերձ գոտու բնակիչներին պետք է տրվեն լրացուցիչ արտոնություններ սոցիալական ոլորտում՝ առողջապահություն, կրթություն, թոշակներ, նաև պետք է տրվի հնարավորություն, որ այդ մարդիկ սեփական աշխատանքով կարողանան բարելավել իրենց կյանքը և ստիպված չլինեն հեռանալ»,- նշում է ՀԽ նախագահը:

Հանրային խորհուրդը գտնում է, որ սահմանային գոտում անհրաժեշտ է էապես նվազեցնել հարկերը, ընդհուպ ` վերացնել, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդեր ստեղծել, գյուղատնտեսությունը պետական կամ փոքր գումարներով ապահովագրել և այլն:

«Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամբ կիրառվել են որոշ արտոնություններ, մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից, սակայն պետք է նշել, որ շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: Օրինակ՝ 2001 թ. կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007 թ., դրա հետևանքով սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը»,-ասում է Մանուկյանը:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը նույնպես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է, և խորհրդում բազմիցս են քննարկել դա՝ նկատելով, որ առկա են մի շարք հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն:

«Մենք լիովին համամիտ ենք, որ անվտանգության, տնտեսության որոշ ոլորտների միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք, բացի այդ, քանի որ ԵՏՄ-ն նոր է սկսել ձևավորվել, դա Հայաստանին հնարավորություն կտա մասնակցելու ԵՏՄ ստեղծման գործընթացներին, կենսական նշանակություն կհաղորդի ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությանը ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ ինչպես պետությունների ամեն մի դաշինքում, այնպես էլ այստեղ առկա են շահերի բնական հակասություններ»,- նշում է ՀԽ ղեկավարը:

Ըստ Մանուկյանի` ակնհայտ է, որ օրինակ` Ղազախստանը չի ցանկանում Հայաստանը տեսնել այդ միության կազմում, քանի որ որպես թրքախոս ժողովուրդ լուրջ շահեր ունի Ղազախստանի հետ:

Ընդհանրապես Վազգեն Մանուկյանը Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան եռյակը Հայաստանի համար համարում է ոչ այնքան շահավետ և հուսալի, որքան, եթե միության կազմում լինի, օրինակ, Չինաստանը:

Մանուկյանը համոզված է, որ Եվրասիական միությունը կընդլայնվի՝ ներառելով Չինաստանը, հակառակ դեպքում այդ կառույցն ապագա չի ունենա:

Ճիշտ է՝ Հայաստանն ի սկզբանե իր անվտանգությունը կապել է Ռուսաստանի հետ, սակայն ապագայում տնտեսական տեսանկյունից Հայաստանին ձեռնտու է եվրոպական ուղղությունը: Ինչ վերաբերում է ներկային, ապա այսօր տնտեսական առումով եվրոպական շուկա մտնելը Հայաստանի համար լուրջ խնդիր է. «Հետագայում, եթե Ռուսաստանը կամ Եվրասիական միությունը չփորձեն գնալ եվրոպական ճանապարհով, փոխարենը Եվրոպան գնա առաջ, իրենք մնան հետ, ապա դա ձեռնտու չի լինի ո՛չ այդ միությանը, ո՛չ էլ Հայաստանին»:

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը համակարգված ձևով զուգահեռ պետք է իրականացնի մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին` Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:

ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկված ոչ պակաս կարևոր հարցերից է եղել ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը, որը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` նվազագույն տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:

Հանրային խորհուրդը կարծում է, որ ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին, հատկապես` գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի դրույթները` խորհուրդը համարում է, որ հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ապա Հանրային խորհուրդը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում է՛լ ավելի անմրցունակ:

ՀԽ-ն նախագահին ներկայացրել է քննարկումների ընթացքում խորհրդում ձևավորված այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ, և այդ ամենի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը:

Հանրային խորհուրդը ներկայացրել է այդ հարցի լուծման իր առաջարկները՝ առաջին հերթին նշելով, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:

Նախագահի ուշադրությանն է ներկայացվել նաև կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

Խորհուրդը գտնում է, որ հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:

Հանրային խորհուրդն առաջարկել է տվյալ օրենքի շրջանակներից դուրս ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:

ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը նույնպես նախագահի հետ քննարկման թեմա է դարձել:

Հանրային խորհուրդը համաձայն է այն գաղափարին, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է Սահմանադրության մեջ իրականացնել բարեփոխումներ, բայց միաժամանակ ներկայացրել է մի շարք մտահոգություններ, որոնք հստակեցման կարիք ունեն: Օրինակ` Հանրային խորհուրդը սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի այն դրույթը, ըստ որի` ՀՀ նախագահն ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, անվանել է «հեղափոխական» փոփոխություն՝ համարելով, որ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:

Նախագահի հետ քննարկվել է նաև «կարմիր գծերի» հարցը, այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը, տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը, քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:

Խորհրդի անդամները փաստել են, որ վերջին հարցը մտել է լուծման փուլ, միաժամանակ ընդգծել, որ նման հարցերը ժամանակին պետք է կարգավորված լինեին՝ համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշների հիման վրա:

Անկախ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: