Հայերեն   English   Русский  

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու


  
դիտումներ: 199

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արդեն երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ հունիսի 18–ի դատական նիստում Արմեն Դանիելյանի դրսևորած վարքագիծն է։

Քոչարյանի պաշտպան Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18–ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ։

Ըստ նրա՝ դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ և հայտարարեց, որ ինքնաբացարակի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 12:30-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: