Հայերեն   English   Русский  

Դատախազները միջնորդեցին՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը


  
դիտումներ: 114

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու մայիսի 18–ի կայացրած որոշումով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որն ազդել է գործի ելքի վրա։

Դատախազի խոսքով, թեև դատարանը կասկածի տակ չի դրել գործով ձեռք բերված փաստական տվյալներով Քոչարյանին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով մեղսագրված արարքների կատարմանը նրա առնչության հիմնավոր կասկածը, սակայն ըստ նրա՝ անհասկանալիորեն, առանց պատճառաբանության դատավոր Դավիթ Գրիգորյանը միտք է արտահայտնել այն մասին, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով։

«Դատարանի նման հետևությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանի որ 300.1 հոդվածի 1–ին մասի սահմանադրականության հետ կապված որևէ փաստարկ դատարանի կողմից չի բերվել, բացի այդ, գործով ձեռք բերված փաստական տվյալներով դատարանն այլևս չէր կարող կասկածներ հարուցել այդ հոդվածի սահմանադրականության հետ կապված, քանի որ այդ կերպ դատարանը հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է 300.1 հոդվածը»,–ասաց նա։

Դատախազը մանրամասնորեն վերլուծելով առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասն, արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չպետք է նման խափանման միջոց ընտրվեր։

«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,–հայտարարեց նա։

Դատական ակտն ըստ դատախազի՝ օրինական, պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

Այսպիսով դատախազը խնդրեց դատարանին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ միջնորդեց ամբողջությամբ բեկանել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու մայիսի 20–ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: