Հայերեն   English   Русский  

ԵՄ-ի կոչը Եվրահանձնաժողովին. «Թուրքիայի դեմ պետք է միջոցներ ձեռնարկել»


  
դիտումներ: 149

ԵՄ անդամ երկրների նախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը:

ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ:

Նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան:

Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Հանը նշել է, որ հորատիչ նավերի հարցը եղել է հանդիպման օրակարգային թեման: ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին:

Հանձնակատարն անընդունելի է համարել Թուրքիայի հորատման աշխատանքները:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանք քաղաքական շարժառիթ որակել:

«Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ որոշումները հակաիրավական են», -ասված է հայտարարության մեջ:

Թուրքիան ԵՄ-ին կոչ էր արել «վերանայել այդ կողմնակալ և իրականությունը չարտացոլող դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։

Նախօրեին Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: