Հայերեն   English   Русский  

​Արմեն Շահինյան. Ապահովագրական համակարգում առանցքային դերում պետք է լինի բժիշկը


  
դիտումներ: 214

«Սիլ ինշուրանս» ընկերության Առողջության ապահովագրության վարչության պետ Արմեն Շահինյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Ակունքներից սկսած՝ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է ապահովագրությունը, և ինչ խնդիրներ կան այսօր ձևավորված: Շատ ուրախ եմ, որ այսօր կա քաղաքական կամք՝ ունենալու համապարփակ պետական ապահովագրություն: Ես ուղղակի ուզում եմ բարձրաձայն մտածել, հարց տալ՝ ինչպե՞ս են դա պատկերացնում այսօր, արդյո՞ք Հայաստանում ունենք ապահովագրական բժշկության ինստիտուտ որպես այդպիսին, ինչպե՞ս է ձևավորվում մեկ անձի ապահովագրական վճարը:

Եթե ես ուզում եմ ապահովագրել որևէ ռիսկ, բայց պետության կողմից չկա ապահովագրական գումար, այդ հասկացողությունը մի քիչ անսովոր է, ինձ համար անհասկանալի է, և հիմնական հարցը՝ ապահովագրական բժշկության համակարգի ներդրումը ստեղծվելու է, թե չի ստեղծվելու, եթե ստեղծվել է, ապա ի՞նչ փուլում է և ե՞րբ է դա վերջնական տեսքի գալու:

Ապահովագրությունը հիմնված է բավական լուրջ վիճակագրական վերլուծությունների վրա: Ապահովագրական ընկերությունը այդ ոլորտը տիրապետում է վիճակագրությունով, թե ինչքան դեպք ենք ունենում այսքան բնակչության քանակով՝ այս ծառայության կամ այս հիվանդության գծով և այլն: Դրա շուրջ մենք արդեն հաշվարկներ ենք անում, որ կոչվում է ակտուարական հաշվարկներ, և ստանում ենք որոշակի սակագին, ըստ դրա՝ մենք արդեն որոշակի ապահովագրական վճարի ձևավորումն ենք տալիս:

Բնականաբար, քանի որ կորպորատիվ հաճախորդներ են, այդ գործն ավելի հեշտացած է, որովհետև դրանք պարբերաբար կրկնվում են, վերակնքվում են, և գինը ձևավորելու խնդիրը մենք չենք ունենում: Բայց, եթե չեմ սխալվում, բնակչության 6 տոկոսն է կորպորատիվ հաճախորդ: Եվ կորպորատիվ, այսինքն կամավոր ապահովագրության տեսակը պետականի հետ համեմատելը ճիշտ չէ: Դրանք լրիվ տարբեր ծածկույթներ են, տարբեր մոտեցումներ են, տարբեր ինստիտուտներ են: Մինչև չլինի ապահովագրական բժշկության համակարգ, ոչ մի բան ես չեմ պատկերացնում, որ կարելի է մտածել:

Առանցքայինը պետք է լինի բժիշկը: Իսկ մենք ի՞նչ ենք անում. ես էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ եմ, գնում եմ և գլխավորի հետ եմ խոսում, գին ենք պայմանավորվում, ծառայություններ ենք պայմանավորվում, այսինքն՝ բժիշկը այսօր որպես ծառայություն մատուցող ամենաառանցքային հատվածը, անտեսված է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: