Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս ապահովել դիպլոմի արժանահավատությունը․ լուծում են առաջարկում դասախոսներն ու ուսանողները


  
դիտումներ: 2565

Ինչպե՞ս անել, որ մասնագիտական կրթության մասին դիպլոմը վկայի այն կրողի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին։ Պատասխանը միանշանակ չէ, խնդիրն էլ բազմաթիվ բաղադրիչներ ունի։

Օրերս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողովը, որի ընթացքում հայաստանյան բուհերի և քոլեջների դասախոսները, ուսանողները, կրթության որակի ապահովման մասնագետները քննարկեցին խնդիրը՝ փորձելով լուծման ուղղությամբ որոշակի միասնական մոտեցում ձևավորել։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ շնորհված որակավորումների արժանահավատության գործում կարևոր է ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը։ «Բուհերը հաճախ են ասում՝ ութերով ընդունվողներին չեն կարող տասնութերով ավարտող շրջանավարտ դարձնել»,- ասում է Թոփչյանը և հավելում, որ խնդիրը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ «Ողջ աշխարհում այդ խնդիրը կա․ բարձրագույն կրթության հանրայնացման արդյունքում երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։ Աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել»,- ասում է Թոփչյանը։ Համաժողովի ընթացքում այս առումով շեշտադրվեց՝ քանի որ ընդունելության շեմն իջել է, համապատասխանաբար պետք է վերանայվեն ուսուցման, ուսանողի առաջընթացի պլանավորման և վերջնարդյունքի ապահովման մոտեցումները։ Կարևոր է նաև ուսանող-դասախոս համագործակցությունը լսարանից դուրս, հետադարձ կապի առկայությունը, ինչը հնարավորություն կտա ուսանողին սովորել իր սխալների վրա, զարգացնել իր կարողություններն ու հմտությունները։

Համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ շեշտադրվեց՝ գործատուն բուհերից ակնկալում է միանգամից աշխատաշուկա մտնելուն պատրաստ շրջանավարտներ։ Մինչդեռ բուհում կրթությունն ավելի շատ տեսական է՝ ուսանողը միշտ չէ, որ գիտի, թե իր գիտելիքները որտեղ և ինչպես կարող է կիրառել։

«Բուհում ուսանողն ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցնի աշխատաշուկայի պահանջներին։ Եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայում իրավիճակն այլ է՝ գործատուն բուհերից ակնկալում է շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։ Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- ասում է Ռ․ Թոփչյանը։

ԵՊԼՀ ուսանողուհի Տաթև Մովսիսյանի կարծիքով՝ ուսուցումն ավելի պրակտիկ կդառնա, եթե, օրինակ՝ բուհերի մագիստրոսական թեզերը գրվեն աշխատաշուկային հետաքրքրող թեմաներով։ «Կարծում եմ, որ կստացվի միանգամից աշխատաշուկա անցնելուն պատրաստ շրջանավարտ ունենալ, եթե կրթական ծրագրերն ավելի ճկուն լինեն և բուհ-գործատու երկխոսությունն արդյունավետ լինի։ Այսօր աշխատաշուկային վերաբերող վերլուծությունների կարիք ունենք։ Նման հետազոտությունները, վերլուծությունները կնպաստեն և ուսուցման կիրառականության ապահովմանը, և աշխատաշուկայի խնդիրները վեր կհանվեն»,- ասում է նա։

Իր փորձը ներկայացնելով՝ ՀԱԱՀ ուսանողուհի Ալա Ավագյանն ասում է․ «Գիտելիք միանշանակ ստանում ենք, բայց ստանում ենք տեսության տեսքով։ Որպես այդ գիտելիքների կիրառություն, իհարկե, ունենում ենք պրակտիկաներ, բայց քիչ։ Չեմ կարծում, որ ավարտելուց հետո կկարողանանք միանգամից աշխատել։ Կուզենայի, որ հիմնականում պրակտիկայի միջոցով լիներ ուսուցումը։ Տեսական գիտելիքներ առաջին և երկրորդ կուրսերում ստանայինք, հետո արդեն գերազանցապես պրակտիկայի տեսքով լիներ ուսուցումը, որ մենք պատրաստի աշխատողներ լինեինք»։

Միսակ Մարկոսյան

Իսկ ահա Ոստիկանության կրթահամալիրի Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ, իրավագիտության թեկնածու, դոցենտ Միսակ Մարկոսյանը առաջարկում է մոտեցում, որը կիրառում են հենց իրենց ուսումնական հաստատությունում. «Կրթական ծրագիրը կազմելիս շատ ենք խոսում վերջնարդյունքահեն մոտեցման մասին, բայց խնդիրն այն է, թե ինչ ենք դրա տակ հասկանում։ Մենք պետք է հասկանանք՝ երբ ուսանողը դառնա շրջանավարտ, կոպիտ ասած ի՞նչ արտադրանք է նա տալու, և նրա կողմից տրված արտադրանքի վրա հիմնվելով մենք պետք է կառուցենք գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շրջանակը, որոնք պետք է ձգտենք ձևավորել։

Ոստիկանության կրթահամալիրի դիրքերից ասեմ՝ ոչ թե պետք է մտածենք, թե ինչ սովորեցնենք ոստիկանին, այլ պետք է մտածենք՝ ինչ է անում ոստիկանը կոնկրետ տեղերում և իր արածի որակը բարձրացնելու համար նրան ինչ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ են պետք։ Որակյալ կրթական ծրագիր ստանալ առանց գործատուի հետ անմիջական կապի անհնար է։ Գործատուն պետք է ասի, թե իրենք այսօր ինչ են անում, որ մենք դա կարողանանք սովորեցնել։ Շրջանավարտի նկարագիրը պետք է ձևավորի գործատուն, ոչ թե բուհը»։

Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ որպեսզի սահմանված վերջնարդյունքներն ապահովվեն և շրջանավարտն իսկապես մասնագետ լինի, կարևոր է, որ ուսուցման գործընթացի բոլոր մասնակիցները մոտիվացված լինեն։ Դասախոսը պետք է մոտիվացված լինի սովորեցնել, ուսանողը՝ սովորել, իսկ ուսումնական միջավայրն էլ մոտիվացնող պետք է լինի։ Քննարկումների արդյունքում, օրինակ՝ տեսակետ հնչեց, որ դասախոսի համար մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։ Այն է՝ դասախոսները որպես կանոն հետազոտում են իրենց մասնագիտացման ոլորտին առնչվող խնդիրներ, բայց ոչ ուսուցման և ուսումնառության հետ կապված խնդիրներ։ Եթե բուհերը խրախուսեն, որ դասախոսները հետազոտեն ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրները, այդպես և առկա խնդիրներին գիտական լուծումներ կառաջարկվեն, և հետազոտող դասախոսները հայտնիություն և հեղինակություն ձեռք կբերեն իրենց գործընկերների շրջանում։ Այդ հետազոտությունները դասախոսի համար կարող են ծառայել թե որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտների, թե մոտիվացիայի աղբյուր։

Անդրադառնալով ուսանողներին մոտիվացնելու խնդրին՝ համաժողովի մասնակիցները համաձայնեցին, որ կարևոր է՝ ուսանողն իմանա, թե իր ձեռք բերած գիտելիքներն ինչպես և որտեղ է կիրառելու, դրանք ինչպես են ծառայելու իր մասնագիտական առաջխաղացմանը։ Մարկոսյանի խոսքով, օրինակ՝ Ոստիկանության կրթահամալիրում ուսանողներին ներգրավում են տարբեր գործողություններում, այդ թվում և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանմանը։ «Այսպես նրանք լսարանում սովորածը տեղում փորձարկում են, հասկանում են, թե ինչն է իրենց մոտ պակաս, դա նպաստում է հմտությունների ձևավորմանը։ Սա նաև մոտիվացնող գործոն է»,- ասում է նա։

Ուսանողուհի Ալա Ավագյանի կարծիքով էլ՝ ուսանողին մոտիվացնելու գործում առավել հաջողում են երիտասարդ դասախոսները։ «Դասախոսները, որոնք 40-50 տարի դասախոսում են, փորձառու են, բայց իրենց մոտ դասախոսելու մոտիվացիան պակասել է»,- ասում է նա՝ հավելելով, որ երիտասարդ դասախոսները ոգևորված են իրենց աշխատանքով, ձգտում են իրենց ոգևորությունը նաև ուսանողին փոխանցել։

Որակավորումների արժանահավատության թեմայով քննարկումները մեկ համաժողովով չեն սահմանափակվելու։ ՈԱԱԿ-ն իր 10-ամյակի առթիվ 2019-ը հայտարարել է որակի տարի։ Ուստի տարվա ընթացքում պարբերաբար ոլորտի մասնագետները կքննարկեն որակի ապահովմանն առնչվող արդիական խնդիրները՝ լուծման միասնական մոտեցում ձևավորելու նպատակով։ Իսկ որակի տարվա միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։ Համաժողովին կմասնակցեն շուրջ 150 օտարերկրյա հեղինակավոր մասնագետներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: