Հայերեն   English   Русский  

«Քանի վուր ջան իմ» երգում է Դան Ղարիբյանը


  
դիտումներ: 823

Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» երգը գերեց շատերի սրտերը:

Հատկապես Հայաստանում մարդիկ սկսեցին հետաքրքրվել երգի պատմությամբ։

Հունիսի 14-22-ը ֆրանսիահայ երաժիշտ Դան Ղարիբյանը՝ «Dan Gharibian Trio» երաժշտական խմբի հետ համերգային ելույթներով Հայաստանում է լինելու։ Այս մասին «Bratsch» խմբի նախկին կիթառահարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ անվճար բացօթյա մենահամերգ է ունենալու նաև Երևանում՝ Սիրահարների այգում, հունիսի 21-ին։ Երգիչն իր գրառման մեջ մասնավորապես նշել է․

«Հունիս ամիսը Dan Gharibian Trio-ի համար թռիչքի ամիս է լինելու։ Մենք կմագլցենք մի կախարդական բարձունք, որը մեզ կտանի Հայաստան՝ հունիսի 14-ից-22-ը ունենալու ենք մի քանի համերգներ, ներառյալ հունիսի 21-ին Երևանի Սիրահարների այգում՝ երաժշտական փառատոնի շրջանակներում»։

Նշենք, որ համերգը լիենու է ժամը 18.30-ից սկսած՝ այգու Բողոսյան ամֆիթատրոնում:

Երևանում կայանալիք բացօթյա համերգի ժամանակ հնչելու են երգեր ֆրանսիական երաժշտության երգացանկից, գնչուական բալլադներ, Երևանին, Սալոնիկին և Օդեսսային նվիրված երգեր՝ Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ:

Հիշեցնենք, որ Դան Ղարիբյանը Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս»-ի, կամ, ինչպես ավելի շատ տպավորվել է հայ հանրության մոտ՝ «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգի բառերի եւ երաժշտության հեղինակն է։

Նաև նշենք, որ վերջերս երաժիշտը ներկայացրել է երգի բոլորովին նոր գործիքավորմամբ տարբերակը՝ կրկին իր կատարմամբ, որն էլ հավանաբար հնչելու է Երևանում։

Համերգի կազմակերպիչը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է, որը երաժշտական այս տոնը երևանցիներին նվիրելու է 1982թ-ից սկսած և ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հունիսի 21-ին նշվող «Fête de la Musique» (Երաժշտության տոն) ամենամյա փառատոնի շրջանակներում։

Նշենք, որ Դան Ղարիբյանի դուստրը, Մաշա Ղարիբյանը, ևս Ֆրասիայում հայտնի երաժիշտ է։ Տաղանդավոր ջազ-դաշնակահարուհին նույնպես պլանավորում է ելույթներով առաջիկայում այցելել պատմական հայրենիք։

Այժմ Դան Ղարիբյանը Հայաստանում է։Նա Bratsch խմբի հիմնադիրներից մեկն է,նա հայ հանրության շրջանում հատկապես հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունից հետո։

Դան Ղարիբյանը, Սայաթ–Նովայի «Քանի վուր ջան իմ» ստեղծագործությունն է երգում Գեղարդի վանքում։

«Գեղարդի վանք Հայաստան կատարած ուղևորության ամենագեղեցիկ պահերից մեկը », – գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: