Հայերեն   English   Русский  

Դուք պետք է լինեք բոլորի վարչապետը. Մարուքյանը Փաշինյանին


  
դիտումներ: 156

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:

«Պետք է ասեմ, որ էքստրաօրդինար քննարկում է, որովհետև մի կողմից գիտենք ինչի մասին է, մի կարևոր փաստաթղթի, որտեղ ընդիմությունը պետք է միշտ ասելիք ունենա, մյուս կողմից քննարկում ենք մի բյուջե, մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը վարչապետը»,-իր ելույթում ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,- «Ոչ սովորական պայմաններում իրականացված պետական բյուջեի կատարողականն ենք քննարկում, և կանգնած ենք հետաքրքիր մարտահրավերի առաջ: Այն, որ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը: Ըստ էության բազմիցս նշել ենք, որ Կառավարությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Հիմա մենք չենք կարող չխոսել խնդիրների մասին, որոնք տեսնում ենք, որ պետք է ինչ-որ ձևով լուծել, որ դրանց դեմն առնենք, որ նույնի առաջ չկանգնանեք 2020, 2021 թվականներին»:

Անդրադառնալով խնդիրներին՝ Մարուքյանը դրանցից 3-ն առանձնացրեց. «Առաջինը կադրային պրոբլեմն է, որ մենք քննադատել ենք, քննադատում ենք, և եթե այսպես շարունակվի քննադատելու ենք: Մենք գտնում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է: 2-րդը՝ խոստումներն են, որոնք դրժվել են: Եղել են միասնական ընդիմության խոստումներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներ, Կառավարության խոստումներ, մենք հետևելու ենք, որ դրանք կատարվեն: Եվ 3-րդ կետը, որ մենք անընդհատ կոչ ենք արել, որ պետք է վեր կանգնել ամեն ինչից և ներառական մոտեցումներով հանդես գալ: Այսինքն լինել բոլորի վարչապետը, լինել բոլորի կառավարությունը: Ամենախիստ ձևով մենք քննադատել ենք սևերի ու սպիատակների քաղաքականությունը, որ Երևանի քաղաքապետը վերջերս կրկնեց, ասաց՝ ինչ ասել է ճիշտ է ասել: Բաներ կան, որոնցից մարդիկ դասեր չեն քաղում»:

Ըստ Մարուքյանի եթե Կառավարությունը լիներ ավելի ներառական ամեն ինչ շատ ավելի լավ ընթացք կունենար:

«Միանշանակ կարծում եմ, որ արդյունքները կարող էին շատ ավելի լավը լինել, եթե Կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, մի քիչ ավելի ներառական մոտեցումներ ցուցաբերող: Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության, ժողովրդի պատգամավորի հետ, հետաքրքիր է բա ընդիմությունը ո՞ր ժողովրդինն է: Երեկ Գյումրիում ջրհեղեղ էր, մարդիկ գանդոլաներով էին դուրս եկել փողոց: Վենետիկն էր դարձել: Բա ո՞վ պետք է մտածի դրանց մասին: Ուզու՞մ եք մինչև 2021 թվականը գանդոլաներ դնենք, տուրիզմի կենտրոն սարքենք, ասենք սիրահար զույգեր գան անձրևների ժամանակ պտտվե՞ն: Սրանց դեմը պետք է առնենք»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառանոլով բյուջեի կատարաողականին Մարուքյանն ասաց, որ տարբերություն չկա խորհրդարանը կընդունի, թե կմերժի այն, քանի որ Սահմանադրությամբ եթե ընդունում են համարվում է ընդունմված, իսկ մերժելու դեպքում ոչինչ լինում:

«Կիսանախագահական կառավարաման ժամանակ բյուջեի կատարողականը եթե չընդունվեր, Կառավարությունը հրաժարական էր տալիս: Իսկ հիմա մենք քննարկում ենք մի կարևոր փաստաթուղթ, որն այդքան էլ կարևոր չի, որովհետև քննարկման արդյունքում ոչ մի բան չի կարող լինել: Սրա համար քաղաքական կամք է պետք, որ փոխվի էս կարգը: Ոչ թե գաք մեզ ասեք հիմա մի քիչ խառն ենք, հեսա սրանով զբաղվենք, հետո ձեզ կասենք ինչ ենք անում»:

Մարուքյանը ելույթի վերջում նշեց, որ առաջիկա օրերին իրենց խմբակցությունը կհրապարակի վեթթինգի վերաբերյալ իրենց տեսակետներն ու սկզբունքներն ու ավելացրեց, որ այնուամենայնիվ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի կատարողականի ընդունմանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում հակադարձեց Մարուքյանին. «Խոսում եք կադրային քաղաքականությունից: Ասում եք վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չի: Իհարկե վատ կադրային քաղաքականություն է, ոչ մի նախարար չկա, որ 250 անշարժ գույք ունենա, ոչ մեկի էրխու հաշվին 10 միլիոն դրամ չկա: Ռուստամ Բադասյանը դեռ չի նշանակվել, ասում եք վատ կադրային քաղաքականություն է, դե կտեսնեք, որ նրանից ավելի լավ Արդարադատության նախարար չի եղել: Ինչ վերաբերուևմ է ներառականությանը, գոնե դրա մասին մի խոսեք: Վերցրեք վիճակագրությունը, տեսեք վերջին 5 տարվա ընթացքում ընդիմությունից էսքան նախագիծ ընդունվել է: Ասում եք Իմ քայլի պատգամավորները Կառավարությանը հարցեր չեն տալիս: Էնքան հարցեր են տալիս, որ ես շփոթում եմ՝ սա իշխանական ֆրակցիան է, թե ընդիմական»,-ասաց Միրզոյանը:

Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում Ազգային ժողովում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: