Հայերեն   English   Русский  

ԵՊՀ, ԵՊԲՀ և ՀԱՊՀ հավատարմագրման մասին որոշում կկայացվի


  
դիտումներ: 1292

Փետրվարի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի երեք բուհերի`Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկին ՀՊՃՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:

Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերը:

Հավատարմագրման հանձնաժողովը նիստի ավարտին որոշում կկայացնի`այդ մասին իրազեկելով բուհին: Որոշումը կուղարկվի Կրթության և գիտության նախարարություն: ԿԳՆ-ի կողմից հաստատվելուց հետո որոշումը կգրանցվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, ապա նաև կհրապարակվի:

Ըստ գործող հավատարմագրման կարգի`հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:

Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը վեց ամիսը մեկ պետք է գրավոր զեկույց ներկայացնեն ՈԱԱԿ-ին փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում բուհը զրկվում է պետության կողմից հատկացվող ֆինանսավորումից, մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը:

Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Նշենք, որ ներկա դրությամբ հավատարմագրման գործընթացն անցել են 15 բուհեր` Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, Հյուսիսային համալսարանը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Հավատարմագրման հանձնաժողովը վաղը 3 բուհերի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո առաջիկայում որոշում կկայացնի նաև մյուս 12 բուհերի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: