Հայերեն   English   Русский  

Լարված իրավիճակ է Վերաքննիչ դատարանի բակում և նիստերի դահլիճում


  
դիտումներ: 205

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 20-ին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:

Ինչպես նախորդ օրերին՝ այսօր ևս դատարանի դիմաց հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ հանդես եկողները: Նշենք, որ երեկ երկու կողմերից մեկական ցուցարար բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Այսօր ոչ միայն լարված իրավիճակ է դատարանի բակում, այլև նիստերի դահլիճում: Դատական նիստի ընթացքում դահլիճում գտնվող մարտի մեկի տուժողների իրավահաջորդներն ու Քոչարյանի աջակիցները սկսեցին վիճել, որից հետո նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց ու հրահանգեց բոլորին դուրս հանել դահլիճից:

Նշենք, որ նախորդ դատական նիստում իրենց բողոքները ներկայացրին մեղադրող դատախազները և տուժող կողմը, իսկ այսօրվա նիստում բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն պաշտպանները։ Դատական նիստին ներկա են նաև մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները:

Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրին նախագահող դատավորին, սակայն Արմեն Դանիելյանը մերժեց միջնորդությունը: Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ հունիսի 18–ի դատական նիստում Արմեն Դանիելյանի դրսևորած վարքագիծն էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: