Հայերեն   English   Русский  

Յուրի Խաչատուրովի պաշտպանն անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան


  
դիտումներ: 548

Այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ ՀՀ ՔՕ 300.1 (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) հոդվածի սահմանադրականության հետ կապված անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում վերջիվերջո պատասխան չի տրվում այն հարցին, թե արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ՝ ոչ, այդ հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան՝ մատնանշելով օրենքի որոշակիության, հետադարձ ուժ տալու հարցերի մասին: Այդ հարցերը կարող է պարզաբանել միայն Սահմանադրական դատարանը: Ընդհանուր իրավասության որևէ դատարան, երբ քննում է օրենքի սահմանադրականության հետ կապված հարցեր, պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, սա դատարանների պարտականությունն է»,–ասաց նա։

Միհրան Պողոսյանը, անդրադառնալով այս գործով տուժող կողմի ներկայացրած բողոքներին, կարծիք հայտնեց, որ ի սկզբանե խափանման միջոցների հետ կապված տուժողների և տուժողների իրավահաջորդների բողոքները ենթակա չէին վարույթ ընդունվելու։

«Ես ձեռնպահ կմնամ նրանց բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ այդ բողոքները չեն ընթանում քրեական դատավարության օրենքով նախատեսված կարգով, քանի որ նրանք նման բողոք ներկայացնելու իրավասություն չունեին»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանն անհիմն է այդ բողոքներն ընդունել վարույթ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: