Հայերեն   English   Русский  

​Ջրալցվել է Գյումրու տիկնիկային թատրոնը


  
դիտումներ: 245

Ցերեկը տեղացած անձրևը ջրածածկ է արել Գյումրու տիկնիկային թատրոնը:

Հրատապ նորոգման կարիք ունեցող տանիքից անձրևաջուրը ողողում է թատրոնի դահլիճն ու բեմը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը Անկախի հետ զրույցում նշում է, հեղեղ էր ու ջուրը լցվել էր դահլիճը, այնտեղից էլ բեմ, որն համեմատաբար ավելի ցածրադիր է: Այս իրավիճակը Գյումրու տիկնիկային թատրոնի համար նոր չէ, տարիների խնդիր է, որը գնալով ավելի է խորացել: Ամենուհի Մանուկյանը դեռ մեկ տարի չկա, որ ղեկավարում է այս մշակութային հաստատությունը, թեև դրանից առաջ էլ աշխատել է թատրոնում և հիշում է ինչպես էին պայքարում անձրևաջրերի դեմ.

- Աչքիս առաջ է, ոնց էինք աշխատակիցներով հավաքվում ջուրը դուրս բերում, հետո դռները բացում, ջեռուցումը միացնում, որպեսզի չորանար: Այսօր ցերեկն էլ խայտառակ եղանակ էր, լավ է ներկայացում չկար:
Իսկ երբ ներսում ներկայացում է լինում, իսկ դրսում անձրև՝ երեխաների ոտքերի մոտ դույլեր են շարում, բեմում տիկնիկներն ու դերասաններն ամբողջովին թրջվում են:

- Հաճախ, տեսած էլ կլինեք, տիկնիկները շարում ենք Աբովյան փողոցում, որպեսզի չորանան, իրենց նյութն այնպիսին է, որ արագ փչանում են: Դերասաններն էլ են տուժում. մինչև այդ խոնավ պատերի մեջ այդքան ջուրը չորանա՝ խոնավությունը կմնա թատրոնի ներսում. այդ օդում փորձեր, ներկայացումներ, նաև հանդիսատես երեխաների համար հաճելի չէ այդ օդը, - ասում է տիկնիկային թատրոնի տնօրենը:

Այս խնդիրների դեմ առնելու համար թատրոնում որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դրանք քիչ են և արդյունք չեն տվել, հետո քաղաքապետարանից առաջարկել են տանիքի նորոգման նախահաշիվ ներկայացնել ավագանու հաստատմանը.

- Փոխքաղաքապետն առաջարկեց որևէ մեկին ուղորդել, որպեսզի գան տեսնեն տարածքը, տանիքը, հասկանան ինչ չափի վնաս է, նախահաշիվ կազմվի, գործընթացը, կոպիտ ասած «չլչլվեց», էդ տղան գնաց ու նախահաշիվը չստացանք, - ասում է տնօրենը:

Իսկ Գյումրու ավագանին գումար է հատկացրել թատրոնին գույքի նորացման և ջեռուցման կաթսա գնելու համար: Հիմա տնօրենը հույս ունի գոնե ավագանու հաջորդ նիստում կունենան տանիքի նախահաշիվը և խնդիրը կլուծվի, քանի դեռ ամառ է:

- Դեռևս չեմ խոսել մշակույթի բաժնի պետի հետ, որ հասկանանք ինչ կարող ենք անել, զբաղված էինք ջուրը շենքից դուրս բերելով: Տանիքի կեսը Երիտասարդական պալատինն է, մյուս կեսը մերը, հենց այդ միացման հատվածից էլ ավելի շատ է ջուրը լցվում ներս: Սա կարևորագույն խնդիր է և պետք է արագ լուծում ստանա, - Անկախի հետ զրույցում նշեց Արմենուհի Մանուկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: