Հայերեն   English   Русский  

Վալերի Գերգիևը հյուրընկալվել է Իվան Ուրգանտին և պատմել հայերի դերի մասին իր` որպես երաժիշտ կայանալու մեջ


  
դիտումներ: 797

Աշխարհահռչակ դիրիժոր, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը հյուրընկալվել է Իվան Ուրգանտին և պատմել հայերի դերի մասին իր` որպես երաժիշտ կայանալու մեջ։

Վալերի Աբիսալի Գերգիև ծնվ. 1953 թ. մայիսի 2, Մոսկվա), ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից)։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)։ 2007 թ-ից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Ծագումով օս է։ Վ. Գերգիևն արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար։

Նա մեծապես ընդլայնել է Մարիինյան թատրոնի երկացանկը՝ համագործակցելով «Քովենտ Գարդեն», «Լա Սկալա», «Նյու Իսրայել», ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերային թատրոնների, Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, շվեդական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի, Քլիվլենդի, Դալասի, Հյուստոնի, Մինեսոտայի, Մոնրեալի և Բիրմինգհեմի նվագախմբերի հետ։ Գերգիևը ղեկավարել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։

1981 թ. հայ դասական երաժշտարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով հրավիրվել է Հայաստան, որտեղ 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Գերգիևի ղեկավարությամբ նվագախումը այդ շրջանում կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ նորովի ու թարմ շնչով։

Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» շոուի եթերում պատմել է, թե ինչպես է մանուկ հասակում հայ հարևանը ստիպել Գերգիևի մորը տղային տանել երաժշտական դպրոց` ի հեճուկս ուսուցիչների կանխատեսումների։

Դիրիժորի խոսքով` մանուկ հասակում նրան չեն ցանկացել վերցնել երաժշտական դպրոց, որովհետև հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել կրկնել լսած տակտը։ Ընդ որում` պատանու երաժշտական կրթություն ստանալու անհրաժեշտությունը պնդել են ոչ թե Գերգիևի ծնողները, այլ հայ հարևանը։

«Այդ դեպքից հետո մայրս սրտնեղել էր, բայց ամենից շատ զայրացել էր հարևանս։ Նա մեկ ամիս շարունակ «ռմբակոծում» էր ծնողներիս... Հարևանս հայ էր` Յուրի Արզումանի Արզումանյան։ Նա շարունակ ստիպում էր ծնողներիս ինչ–որ բան անել. ու մի պատահական մի օր, հորս հետ ռեստորանում ընթրելիս, նա այդ մասին ասում է կոմպոզիտոր Լևոն Սիմոնի Դավիդովին, Դավիդյանին. նույնպես հայ է», – պատմել է Գերգիևը։

Այդ նույն ռեստորանում կոմպոզիտորի հայրը բողոքում է նրանից, որ որդուն չեն ընդունում երաժշտական դպրոց։ Դրանից հետո Լևոն Դավիդյանը որոշում է ինքը ստուգել տղայի ընդունակությունները` հյուր գնալով Գերգիևներին։

«Նա զանգահարեց դպրոց տնօրեն Հակոբյանին», – ժպիտով պատմում է Գերգիևը։

«Դա կարծես աննշան դետալ է, բայց դուք արդեն մի անգամ չէ, որ դա նշում եք», – կատակել է Ուրգանտը։

«Ահա այդպես ես հետագայում 27 տարեկանում դարձա Հայաստանի նվագախմբի դիրիժոր», – նշել է Գերգիևը։

«Ահա։ Ես հենց դրան էլ տանում էի», – բացականչել է Ուրգանտը։

«Բոլորը մտածում են, որ ես ամբողջովին պատկանում եմ Մարիինյան թատրոնին, բայց չորս տարի եղել եմ Հայաստանի պետական նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Դա կյանքի ահռելի դաս էր ինձ համար։ Ինչպես ինձ ասացին այդ ժամանակ. «Եթե դու ղեկավարում ես հարյուր հայերի, ապա քեզ համար այլևս ոչինչ սարսափելի չէ»։ Դա ինձ վաղուց են ասել», – կատակել է կոմպոզիտորը։

Գերգիևը նաև պատմել է ֆուտբոլի նկատմամբ սիրո և բակային մանկության մասին։ Ուրգանտը նշել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Գերգիևի համերկրացին է։ Կոմպոզիտորը նշել է, որ դեմ չէր լինի մեկ օրով փոխվել նրա հետ տեղերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: