Հայերեն   English   Русский  

Լինել կին պատգամավոր նշանակում է լինել փոքրամասնություն ԱԺ-ում, բայց ներկայացնել մեծամասնության կարծիքը․ Նազելի Բաղդասարյան


  
դիտումներ: 4041

Պատգամավոր լինելու առանձնահատկությունների մասին է «Անկախը» զրուցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։

-Տիկին Բաղդասարյան, մասնագիտությամբ իրավաբան եք, աշխատել եք նաև որպես լրագրող։ Կպատմեք՝ ի՞նչը պատճառ դարձավ, որ որոշեցիք քաղաքականություն մտնել։

-Երևի թե ժամանակի ընթացքում որոշակի պահանջներ են հասունանում։ 2003-2004 թվականներին ԱԺ-ում եմ աշխատել, եղել եմ օգնական պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Այն ժամանակվանից օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու տրամադրվածություն կար։ Ինձ համար ԱԺ-ում պատգամավոր լինելը նախ և առաջ օրինաստեղծ գործունեություն է, հետո միայն քաղաքականություն։ Գուցե պատճառն այն է, որ ես չունեմ կուսակցական պատկանելություն։ Բայց և այնպես հասկանում եմ, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է։

Լինելով հաղորդավար, լինելով ԶԼՄ-ի ներկայացուցիչ՝ տարիներ շարունակ բարձրացրել եմ հարցեր։ Բայց մի բան է խնդիրներ բարձրացնելը, մեկ այլ բան է ակնկալելը, որ դրանց լուծում կտրվի։ Պահ եկավ, որ հասկացա՝ բավ է՝ որքան խնդիրներ բարձրացրեցի, եկել է այն պահը, որ փորձեմ ինքս այդ խնդիրներին լուծում տալ։ Թերևս սա ինձ մղեց, և ես այսօր ազգային ժողովում եմ։

-Ինչպե՞ս հասունացավ որոշման կայացումը։ Ասացիք, որ նախկինում էլ քաղաքականություն մտնելու ցանկություն ունեցել եք, բայց նման որոշում չեք կայացրել։

-Այո, ես մի քանի տարի շարունակ ինքս ինձ պատրաստում էի այս ամենի համար։ Դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք քաղաքական ուժեր առաջարկել են առաջադրվել իրենց ռեյտինգային ցուցակներով։ Բայց ես չէի համարձակվում, քանի որ այս ոլորտ մտնելով պետք է հասկանաս, որ որոշակի քաղաքական գաղափարներ ես կրում։

Կարծում եմ՝ տարիքս և մասնագիտական փորձս ներեցին, որ ես այդ որոշումը կայացրեցի։ Եվ կայացրեցի նախորդ տարի հուլիս-օգոստոս ամիսներին։ Երբ ինձ առաջարկվեց ստանձնել Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը, ես հասկացա, որ սա առաջին քայլն է դեպի մեծ քաղաքականություն։ Կարճ ժամանակ, ընդամենը երեք ամիս զբաղեցրեցի այդ պաշտոնը, որից հետո ազգային ժողովի ընտրություններում առաջադրվեցի և այսօր Շիրակի մարզից տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր եմ։

-Ասացիք, որ նախկինում չեք առաջադրվել, քանի որ պետք է այդ քաղաքական ուժի գաղափարների կրողը լինեիք։ Այժմ կուսակցական չեք։ Արդյո՞ք իշխող քաղաքական ուժի գաղափարների կրողն եք։

-«Իմ քայլը» դաշինքն ուներ նախընտրական ծրագիր։ Ինձ համար ցանկացած կուսակցություն կամ քաղաքական ուժ նախ և առաջ հիմնարար փաստաթուղթ հանդիսացող գաղափարներն են և ծրագիրը․ ի՞նչ մոտեցումներ են առաջ քաշում, ի՞նչ եղանակով և որքանո՞վ է դա լուծելի։ Ցավոք սրտի, նախկինում տեսնում էինք, որ նախընտրական ծրագրերը զուտ փաստաթղթեր էին, որոնցում ճոխ գրված կենացներ էին, որոնք աղերս չունեին իրականության հետ։ Անցնում էին տարիները, և հաջորդ ընտրություններին տեսնում էիր, որ տվյալ քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրից ոչինչ չի կատարել, ոչ թե այն պատճառով, որ չի ուզել, այլ գրածն այնքան համահունչ չի եղել ժամանակի հետ, որ պարզապես հնարավոր չի եղել կատարել։ Այստեղ իրատեսական ծրագիր կար։ Եվ դա այն կարևոր բաղադրիչն է, որին ես հավատացել եմ։ Այսօր մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, հենց նախընտրական ծրագրի տրամաբանության մեջ են․ բժշկության ոլորտում համընդհանուր ապահովագրություն, կրթական բարեփոխումների փաթեթ, անցումային արդարադատություն, սրանք այն մեխանիզմներն են, որոնք պետք է անմիջականորեն իրականացնել, եթե ուզում ենք տեսնել այդ փոփոխությունները։ Տարբեր ոլորտներում մենք սեգմենտավորված աշխատում ենք։

-Ձեր մասնագիտությունները, փորձառությունը որքանո՞վ են օգնում պատգամավորի աշխատանքում։

-Անշուշտ օգնում է։ Լրագրողի փորձն օգնում է անմիջական ազատ խոսք ունենալուն։ Ես երբևէ ամբիոնին թղթով չեմ մոտենում, դա ինձ համար սկզբունք է։ Որպես իրավաբան իրավական գիտելիքներս ինձ օգնում են այն ոլորտում, որտեղ հմտանում եմ․ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եմ։ Քաղաքացիական իրավունքի մասնագետ եմ, նեղ մասնագիտացումս մեդիա իրավունքն է՝ ԶԼՄ-ներում ատելության խոսք, խոսքի ազատություն, որոնք Հայաստանում, կարծում եմ, որոշակիորեն շտկելու տեղ ունենք, և կարծում եմ, որ իմ համեստ կարողությունները կկարողանամ ծառայեցնել այս ոլորտում։

-Ատելության խոսքի առումով ներկայում արդյ՞ոք խնդիրներ տեսնում եք, որոնք օրենսդրական նախաձեռնություններով կարելի է շտկել։

-Չէ, կարծում եմ, որ Հայաստանում խոսքի ազատությունը գտնվում է ամուր ու վստահ հիմքերի վրա։ Շատ կարևոր էր, որ մենք տարիներ առաջ կարողացանք ապաքրեականացնել զրպարտությունը և վիրավորանքը, որը նաև Եվրոպայի խորհրդի պահանջն էր։ Եվ սա հստակ և մեծ քայլ էր խոսքի ազատության բնագավառում։ Հետխորհրդային տարածքում այն եզակի երկրներից ենք, որտեղ այս դրույթներն ապաքրեականացված են։

Ինչ վերաբերում է ատելության խոսքին, այն բնականաբար դատապարտելի է։ Խոսքի ազատությունը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով բացարձակ իրավունք չի համարվում, և եթե կա ատելության խոսք, այո, խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել։ Բայց ատելության խոսքն էլ պետք է ունենա հիմքեր՝ կրոնական, ռասսայակայան, քաղաքական․․․

-Իսկ դուք ներկայում նման խնդիր չե՞ք նկատում։ Օրինակ՝ ատելության խոսքը ձեր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

-Ատելության խոսք շատ է սոցիալական ցանցերում, բայց սա չի կարող բերել նրան, որ խոսքի ազատությունը սահմանափակվի։ Եթե ատելության խոսք կա, դրա հետ կապված քրեական տարրերը կան, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

-Դուք ձեռքբերում համարեցիք, որ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են ժամանակին։ Բայց ընդամենն օրեր առաջ ձեր խմբակցության պատգամավորը օրինագիծ էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելը։ Ճիշտ է, օրինագիծը ժամանակավորապես հանվել է շրջանառությունից։

-Որովհետև մենք մասնագիտական քննարկումներ ունեցանք, որ այս ամենը կարող է դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակում, իսկ մենք միջազգայնորեն ստանձնած պարտավորություններ ունենք և, իհարկե, չենք կարող հետ կանգնել մեր որոշումներից։ Այստեղ պետք է նաև հասկանանք, որ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր գործունեության մեջ։ Պատգամավորը կարող է սեփական նախաձեռնությամբ որևէ օրինագիծ դնել շրջանառության մեջ։ Դրա համար էլ խորհրդարանական օրինաստեղծ գործունեության մեջ կան բազմաթիվ էտապներ։ Շատ լավ է, որ իմ գործընկերը հասկացավ, որ այս պահին դա ժամանակավրեպ մոտեցում է։

Եվ ես, լրագրող լինելով, ցանկացած երևույթ, որ վտանգում է խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, խստորեն դատապարտում եմ։

-Տիկին Բաղդասարյան, ի՞նչ է նշանակում լինել կին պատգամավոր։

-Կին քաղաքական գործիչ, պատգամավոր լինել նշանակում է լինել փոքրամասնություն ազգային ժողովում, բայց ներկայացնել մեծամասնության կարծիքը։ Եվ դա պետք է անել հիմնավոր կերպով։ Կա կարծիք, որ կին քաղաքական գործիչները կամ պատգամավորները ավելի խոցելի են։ Բայց ես կարծում եմ, որ ոչ։ Հատկապես յոթերորդ գումարման ազգային ժողովում մենք շատ փայլուն, համարձակ, կայցած կանայք ունենք, և ես վստահ եմ, որ այս ոլորտում մենք անելիք և ասելիք ունենք։ Ցանկացած պարագայում ես կարծում եմ, որ ներկայացվածությունը պետք է լինի ոչ միայն քանակական, այլ նաև բովանդակային, որովհետև կանանց քվոտաները եթե ավելացնենք ԱԺ-ում, բայց բովանդակային ներկայացվածություն չունենանք, սա նույնպես խնդիր է։ Նախ և առաջ հանրության տարբեր շերտերից պետք է կարողանանք կրթել այն կանանց, որոնք մուտք կգործեն քաղաքականություն, և այդպիսով դարձնենք քաղաքականությունն ավելի ներառական։

ԱԺ-ում այժմ ¼ ներկայացվածություն ունենք, բայց մենք շատ ցավալի պատկեր ունենք մարզերում․ ունենք շատ քիչ կին ավագանու անդաներ և համայնքների ղեկավարներ։ Միայն ԱԺ-ում չէ, որ պետք է կանայք ներկայացված լինեն։ Տեղական ինքնակառավարման առաջին մակարդակից պետք է փորձենք այդ ամենն իրականացնել։

-Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Գո՞ւցե քաղաքական կամք։ Հեղափոխությունից հետո վարչապետն էլ ընդունեց, որ կանայք մեծ դերակատարություն են ունեցել հեղափոխության գործում։ Բայց իշխանությունում կանայք շատ քիչ են ներգրավված, նույնը և ՔՊ վարչությունում, որն օրերս ձևավորվեց։

-Չէի ուզենա մեկնաբանել ՔՊ ընտրությունները, քանի որ ազատ ընտրություններ են եղել, ես էլ կուսակցական տրամաբանություն և մտածելակերպ չունեմ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է պետք անել, պետք է կրթել։ Ես իմ օրինակով ասեմ՝ ամեն անգամ, երբ շփվում եմ տարբեր գյուղական համայնքների կանանց հետ, ասում եմ՝ եթե կարողացել եմ ես, կկարողանաք նաև դուք, դրա համար պետք է հավատալ սեփական ուժերին ու զարգացնել կարողություններն ու հմտությունները։ Ես մի մարզից եմ, որը համարվում է շատ պահպանողական, շատ պատրիարխալ։ Այնուամենայնիվ, Շիրակի մարզից մենք ունենք տարածքային ցուցակներով ընտրված երկու կին պատգամավորներ։ Այսինքն, շիրակցին իր քվեն վստահել է կին թեկնածուներին, ինչը, կարծում եմ, ցուցիչ է և մենք մեր օրինակով պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը։

-Իսկ ինչպիսի՞ օրինակ եք ձգտում լինել։

-Այնպիսի օրինակ, որը հնարավորություն կտա կնոջը հավատալ սեփական ուժերին։ Սա շատ կարևոր է։

Անկախ սեռային պատկանելությունից, կարևոր նշանակություն ունի կրթությունը և այն աշխատանքը, որն ամեն օր անում ես ինքդ քեզ հետ։ Պետք է համարձակ լինես որոշումների կայացման հարցում և անվերապահորեն ունենաս ընտանիքիդ աջակցությունը: Առանց դրա չի կարող լինել։ Ցանկացած ուժեղ կին իր կողքին ունի ավելի ուժեղ տղամարդ։

-Պատգամավոր ընտրվելուց հետո ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

-Ժամանակը չի հերիքում։ Ընդհանրապես ժամանակը չի բավարարում, որպեսզի կարողանաս ճիշտ կողմնորոշվել և ճիշտ տեղաբաշել։ Իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում։ Ես աշխատանքի բերումով շաբաթվա մի մասը Երևանում եմ։ Ժամանակը չի բավարարում, որպեսզի կարողանաս իրականացնել այն ամենը, ինչ ուզում ես։ Ժամանակ չի մնում, որ ինքդ քեզ հատկացնես։

Ցանկացած գործ զոհողություն է սիրում։ Կարծում եմ, որ պետական ծառայությունն այդ զոհողությանն արժանի է։

-Լավ պատգամավորի Ձեր բանաձևը ո՞րն է։

-Պատգամավորը պետք է լինի պարտաճանաչ, բարձր պատասխանատվությամբ և առաջնորդվի խղճով։ Սա շատ կարևոր է, որովհետև պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, և ցանկացած որոշման հիմքում պետք է սեփական համոզմունքներն ու խիղճը լինեն։ Ցանկացած ընտրություն կատարելիս պետք է հասկանաս, թե ինչպես դա կանդրադառնա քո երկրի, քո քաղաքի վրա։

-Ընտրվելուց առաջ հայտարարել էիք, որ չեք պատրաստվում դառնալ պարզապես կոճակ սեղմող։ Օրենսդրական ի՞նչ նախաձեռնությունների գաղափարներով եք ԱԺ եկել, առաջիկայում ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես գալու։

-Դեռևս մեկ օրինագիծ ունեմ դրված շրջանառության մեջ՝ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», առաջիկայում հետամուտ եմ լինելու ոչ միայն օրենսդրական փոփոխությունների, այլ նոր օրենք դաշտ բերելուն, որը կապված կլինի երիտասարդների հետ, երիտասարդների մասին օրենք ՀՀ-ն չունի։ Այս ոլորտում մտադիր եմ աշխատել ամառային ամիսներին և հուսամ, որ աշնանային նստաշրջանում արդեն կունենանք փաստաթուղթ, երիտասարդության ոլորտը համակարգող իրավական հիմք։ Երկրորդ օրինագիծը, որի վրա աշխատում եմ, վերաբերում է երեխաների իրավունքներին, սա առնչվում է նաև ԶԼՄ-ներին։ Հաճախ լուսաբանումներ են տեղի ունենում, որոնք ոտնահարում են երեխաների իրավունքներն ու արժանապատվությունը։ Հաջորդ օրինագիծն ուղղված կլինի այդ ամենին։

-Եվ վերջին հարցը․ տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը։

-Շատ առողջ եմ վերաբերվում։ Եթե հանրային պաշտոնյա ես, պետք է պատրաստ լինես քննադատության։ Ոչ թե դու անպաշտպան ես, այլ դա քո կարգավիճակից է բխում, որ կարող ես քննադատվել, և դա կարող է լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ քննադատություն։ Պետք է բաց լինես հանրության առջև և ֆինանսական միջոցներով, և անգամ անձնական կյանքով։ Ո՞վ է ասել, որ պաշտոն զբաղեցնելը հեշտ է, ով՞ է ասել, որ իշխանությունը հեշտ բան է։

Կարծում եմ, որ այդ գիտակցումով եմ եկել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: