Հայերեն   English   Русский  

Քաղաքական իրողությունները թերեւս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձեւախեղման. ՀՀԿ հայտարարությունը


  
դիտումներ: 525

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: Արձանագրելով, որ

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձման օրը՝ 2018 թ․ ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրական դատարանի նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ և գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, ով ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Սակայն նույնը վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2005 թ․փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը և տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի և ՍԴ դատավորի միջև չի դիտարկում որևիցե տարբերություն։

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` թե՛ Սահմանադրական դատարանի անդամի, թե՛ սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները նույն են` Սահմանադրական դատարանի կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:

Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի`Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:

Եթե Վ. Գրիգորյանի մեկնաբանությունը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների տեղերը թափուր են և թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը և թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն:

Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձեւով մեկնաբանել Սահմանադրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերևս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձևախեղման:

Ավելին, Վ․ Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձեւ, որը կոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որեւէ մեկնաբանություն արդյունքում հանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի եւ դատական համակարգի հանդեպ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Մենք շարունակելու ենք հետեւողական պայքարը երկրում Սահմանադրության եւ օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ միջազգային հարթակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: