Հայերեն   English   Русский  

Ի՞նչ և ինչո՞ւ է կատարվում Վրաստանում


  
դիտումներ: 421

Վրաստանում իրադրությունը շարունակում է լարված մնալ։

Ընդդիմությունը պահանջում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ձերբակալվածներին ազատ արձակել և իշխանությունների հետ սկսել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին հարցի քննարկումը։Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նախատեսված են 2020-ի աշնանը։

Արդեն իսկ հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն,մանդատը վայր է դրել «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին, որը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչն էր։ Մասնագետների կարծիքով՝ պաշտոնանկությունները դեռևս կշարունակվեն։ Եվ ժամանակ կպահանջվի, մինչև իշխանությունները կարողանան կայունացնել իրավիճակը երկրում։ Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ հավասարակշռված և գրագետ պահվածքը, ինչպես նաև կադրային փոփոխությունները կարող են լիցքաթափել իրավիճակը և հնարավորություն տալ իշխանությանը պահպանել դիրքերը մինչև 2020-ի խորհրդարանական ընտրությունները՝ խուսափելով արտահերթ ընտրությունների հեռանկարից։

Ինչից ամեն ինչ սկսվեց

Ոստիկանության հետ բախումների պատճառով շուրջ 240 մարդ հիվանդանոցում է, 350-ից ավելի մարդ բերման է ենթարկվել։ Իսկ բողոքի ցույցերի ու ոստիկանության հետ բախումների պատճառն այն է, որ Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ համաժողովի ժամանակ վեհաժողովը նախագահողը՝ ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի ԱԺ նախագահի բազկաթոռին և իր ելույթը սկսել ռուսերենով։

Այնտեղ ներկա գտնվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» պատգամավորներն ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Վրացական ընդդիմադիրները հայտարարեցին, որ Վրաստանի իշխանությունները ծախել են հայրենիքը՝ թույլ տալով, որ երկիր մտնի ու խորհրդարանում պատվավոր տեղում նստի մի մարդ, որը հանդես է եկել Աբխազիայի անկախությունն աջակցող հայտարարություններով և մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմական գործողություններին: Ռազմական գործողություններին մասնակցած լինելու փաստը, սակայն, ապացուցված չէ։ Գավրիլովը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։

Հաջորդեցին բողոքի ակցիաներն արդեն փողոցում։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ շուրջ հազար մարդ է մասնակցել ցույցին։ Սկզբում ցուցարարները պահանջում էին, որ ՌԴ պատվիրակությունն անհապաղ հեռանա Վրաստանից։ Նրանք անգամ ջրել են հյուրանոցից դուրս եկող ռուսական պատվիրակությունը։ Նշենք, որ ռուսական պատվիրակության անվտանգությունն ապահովում էին վրացի իրավապահները։ Շուտով, սակայն, ցուցարարների դժգոհությունն ուղղվեց իշխանությունների դեմ։ Սկսեցին պահանջել հրաժարականներ իշխանավորների շարքերից և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում միայն համամասնական ընտրակարգով։

Ցուցարարներն անգամ փորձել են ուժով գրավել Վրաստանի խորհրդարանի շենքը։ Իրավապահները պատասխանել են ուժի կիրառմամբ․ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե մահակներ են օգտագործել։ Ցույցերի հետևանքով տուժել է 30-ից ավել լրագրող։ Բերման ենթարկվածների թվում կա նաև ՀՀ մեկ քաղաքացի՝ 24-ամյա երիտասարդն ուսանում է Վրաստանում։ Դատարանի որոշմամբ նա 13 օր կալանքի տակ կմնա։

Խորքային պատճառները

ցույցեր Վրաստանում

Մասնագետների կարծիքով՝ կազմակերպիչների կողմից, իհարկե, բացթողումներ եղել են։ Իմանալով, որ Գավրիլովն է նախագահելու վերահոժողվը, տեղյակ լինելով նաև հասարակական տրամադրությունների մասին, կարող էին միջոցառման համար այլ վայր ընտրել, ոչ թե խորհրդարանի դահլիճը։ Քննադատվել է նաև միջոցառումն ուղիղ հեռարձակելու նախաձեռնությունը։

Միևնույն ժամանակ, մասնագետները կարծում են, որ միջադեպն ընդամենն առիթ էր ընդդիմության համար, որպեսզի քայլեր ձեռնարկեն իշխանության դիրքերը թուլացնելու և իշխանափոխություն իրականացնելու համար։Վրացագետ Ջոնի Մելիքյանն, օրինակ, նշում է, որ Վրաստանում վերջին տարիներին գնալով խորանում է քաղաքացիների դժգոհությունն իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից։ Եվ պարբերաբար տարաբնույթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Այս անգամ, սակայն, ընդդիմությունը շեշտադրումն ուղղեց հակառուսականության գործոնի վրա՝ նշելով, թե Ռուսաստանն ինչ ուզում, անում է Վրաստանում։

Փոխադարձ մեղադրանքներ

Պաշտոնական այցով Բելառուսում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհատեց իր այցը և Վրաստան վերադարձավ։ Նա տեղի ունեցածի համար մեղադրեց Ռուսաստանին։ «Երկրի և հասարակության պառակտումը և ներքին դիմակայությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին, և այսօր դա նրա ամենափորձված զենքն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի նախագահը։Նրա խոսքով՝ ռուսական հինգերորդ շարասյունը ներկա վիճակում ավելի վտանգավոր է, քան բացահայտ ագրեսիան: Զուրաբիշվիլին ընդգծել է՝ նրանք, ովքեր խրախուսում են ներքին դիմակայությունը Վրաստանում, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքականությունը և իրականացնում են Կրեմլի պլանները: «Ռուսաստանը մեր թշնամին է և զավթիչ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի հայտարարությանն արձագանքել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Վրաստանի նախագահը կամ խնդրից տեղյակ չէ, կամ էլ խաթարում է իրավիճակը։ Ըստ ՌԴ վարչապետի, Վրաստանում ստեղծված իրավիճակը կապված է արմատական ընդդիմության և իշխանամետ ուժերի հետ: Նրա խոսքերով, բողոքն ուղղված է Վրաստանում քաղաքական համակարգի չարաշահմանը:

Մեդվեդևը հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել։ ՌԴ նախագահը նաև հանձնարարել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգ վերադարձը հայրենիք։

Պուտինը նաև կոչ է արել տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը։

Հայկական պատվիրակությունը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրել է Սիմոնյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի միջոցով, հայկական պատվիրակությունը լքել է խորհրդարանի շենքը, երբ պարզ է դարձել, որ նիստը չի շարունակվելու։ «Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը: Շուտով կվերադառնանք Հայաստան, տնից լավ տեղ չկա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ հայկական պատվիրակությունը ճիշտ է վարվել։ Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը հնարավոր մանիպուլյացիաների առիթ չի տվել։ Վրացագետը նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ տեղի ունեցողը զուտ ներքաղաքական բնույթ է կրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: