Հայերեն   English   Русский  

​Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի (աշխատանքային խորհրդակցություն)


  
դիտումներ: 391

Կադաստրի կոմիտեում ձևավորվող աշխատանքային խումբը մինչև օգոստոսի 1-ը կներկայացնի KPI-ի ցուցիչը հաշվարկելու տարբերակը,

իսկ սեպտեմբերի 1-ից խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրի համակարգում կբաշխվի այդ ցուցիչով հաշված արդյունքի հիման վրա։ Արդեն տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, և ձևավորվել են այն հիմնական մոտեցումները, որոնցով իրականացվելու է յուրաքանչյուր աշխատակցի կատարողականի գնահատումը։ Այսօրվա աշխատանքային խորհրդակցությանն այս մասին հայտնեց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ խումբը կղեկավարի Արայիկ Սահակյանը (Կոմիտեի ղեկավարի տեղակալ)։ Խմբում աշխատելու են Գոհար Գրիգորյանը (գլխավոր քարտուղար), գրանցման վարչությունից՝ Էդգար Պետրոսյանը, գրասենյակների վարչությունից՝ Նաիրա Խաչատրյանը և նույն վարչության փորձագետ Անուշ Ղազանչյանը, ֆինանսատնտեսագիտական վարչությունից՝ Ռոզա Սարոյանը։ Քննարկումներին շաբաթը մեկ անգամ կմասնակցի նաև Կոմիտեի ղեկավարը։

KPI-ը (Key Performance Indicator՝ հիմնական կատարողական ցուցիչ) աշխատանքային փաստացի արդյունքի քանակային ցուցիչն է։ Չափման նպատակը հիմնարկի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն է։ Դա նաև գործիք է՝ գնահատելու յուրաքանչյուրի աշխատանքային արդյունավետության մակարդակը։

Խորհրդակցությանն արծարծված մյուս կարևոր հարցերից էր Կադաստրի գրասենյակներում կատարվող տեսաներածման որակը, ինչից Կոմիտեի ղեկավարությունն այս պահին դժգոհ է։ Սարհատ Պետրոսյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի ղեկավար Կարեն Գրիգորյանին, գրասենյակների վարչության պետ Արման Օսիկյանին և անշարժ գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանին հանձնարարեց տեղակալ Լևոն Մելիքյանի հետ միասին լուծել հարցը։ Մեկ շաբաթում բոլոր 40 գրասենյակներում համապատասխան սարքերի վիճակագրությունը պետք է կազմվի և անհրաժեշտ նոր սարքերի որակական ու քանակական կարիքները հաշվարկվեն.

«Գումարը չդիտարկե'լ որպես խնդիր. որքան պետք է՝ կհատկացվի, բայց տեսաներածումը պետք է լինի պատշաճ որակով, ամո'թ է»,- ասաց Պետրոսյանը՝ երկու շաբաթ ժամանակ սահմանելով սարքերը սպասարկելու ուղեցույց կազմելու համար։

Նա խորհրդակցությանը նշեց, որ Կոմիտեում մշակվող իրավական ակտերի նախագծերն ուղեկցող փաստաթղթերը երբեմն շատ խրթին լեզվով են գրվում, մյուս կողմից՝ «ջուրը դրանցում շատ է լինում», կարևոր հիմնավորումները՝ բացակա։ Օրինակ բերեց անշարժ գույքի հարկման բազային առնչվող օրինագծի հիմնավորումը։ Նախագիծը որոշ շրջանակներում շահարկումների արժանացավ, թե իբր այսպիսով «բարձրանում է գույքահարկը», մինչդեռ հիմնավորումից պետք է հստակ հասկացվեր, որ նախագիծը նման բան չի ենթադրում.

«Ես հասկանում եմ, որ շահարկել ցանկացողն առանց հիմքի էլ կշահարկի, բայց հանրային քննարկման դրված մեր փաստաթղթում, օրինակ, չկար այն փաստը, որ այդպիսի վերանայում վերջին անգամ կատարվել է 2002 թվականին…»։

Այս շաբաթ Կոմիտեի ղեկավարությունն առանձին ամենամսյա հանդիպումների է հրավիրում բոլոր վարչությունների և բաժինների պետերին ու տեղակալներին, ժամատախտակի մասին յուրաքանչյուրը նախապես կտեղեկացվի։ Իսկ հունիսի 30-ի (այս տարի կիրակի օր է) մասնագիտական տոնին արհմիությունը համակարգի բոլոր աշխատակիցներին հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոն.

«Մարզերից եկողների համար գործուղում կձևակերպվի, բայց չլինի' այնպես, որ մարզերում երկուշաբթի գրասենյակներն այդ պատճառով աշխատանքային ժամից ուշ բացվեն»։

--

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: