Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 609

Շաբաթի առաջին օրն իսկ աշխարհից հասնող լուրերից մեկը բավական տխուր էր և հակասական մտորումների տեղիք տվող:

Դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ Եգիպտոսի նախկին նախագահ, 67-ամյա Մուհամեդ Մուրսին: Նախկին նախագահը և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս գործիչները մեղադրվում են բանտից փախչելու և 2011 թ. «արաբական գարնան» ժամանակ ոստիկանների սպանության ու անկարգություններ հրահրելու մեջ: Մուրսին մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի ուշ վճռաբեկ դատարանը չեղյալ էր համարել վճիռը: Մուրսին մեղադրվում էր նաև պաղեստինյան ծայրահեղական «Համաս» խմբավորման և լիբանանյան «Հզբոլլահի» հետ կապերի մեջ: Եգիպտական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Մուրսին մահացել է սրտի կաթվածից:

Մյուս տխուր լուրը Նիգերիայից էր: Ահաբեկիչները պայթյուններ իրականացրին Մախդարարի բնակավայրում՝ բժշկական կենտրոնի և հեռուստահեռարձակումների դահլիճի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին ֆուտբոլային հանդիպում էին ցուցադրում: Պետք է տեղի ունենար ևս մի պայթյուն՝ երրորդը, բարեբախտաբար պայթուցիկ սարքը «դավաճանեց», և մահապարտ կինը ձերբկալվեց: Այս ահաբեկչության հետևանքով 30 մարդ զոհվեց և 40 մարդ վիարվորվեց:

Հրթիռակոծության ենթարկվեց Իրաքի Մոսուլ քաղաքում նախագահական պալատի շենքերի համալիրը: Զոհեր և տուժածներ եղան Չինաստանում և Ճապոնիայում, սակայն տարերային աղետից՝ երկրաշարժից: Ուրուգվայում էլ ջրհեղեղների պատճառով առնվազն 8,5 հազար աղետյալ մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները:

Էապես սրվեց Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի ապօրինի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը, ինչը ԵՄ անդամ երկրների նախարարների մտահոգության և քննարկման առարկա դարձավ: Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեց, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ վերջ դնել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտեց ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանց մեջ քաղաքական շարժառիթ նկատեց:

Էլ ավելի սրվեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Հունիսի 20-ին Իրանի Հորմոզգան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի սահմանը խախտելու պատճառով ամերիկյան Global Hawk անօդաչու սարք խոցեց: Այս երկրները գրեթե զինված հակամարտություն սկսելու եզրին էին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մտադիր էր իրանական օբյեկտներին հարված հասցնելու հրաման տալ և այդ որոշումից հետ կանգնեց գործողությունները սկսելուց ընդամենը 10 րոպե առաջ: «Մենք լիովին պատրաստ էինք վրեժխնդրության երեք տարբեր օբյեկտների ուղղությամբ, բայց ես հարցրեցի, թե քանի մարդ է զոհվելու: «150 մարդ, պարոն»,- պատասխանեց ինձ գեներալը: Հարվածից մոտ 10 րոպե առաջ ես նրան կանգնեցրի՝ գտնելով, որ դա անհամաչափ պատասխան է անօդաչու թռչող սարք խոցելու համար»,- խոստովանեց Թրամփը:

Դա էլ բավական չէր, անսպասելիորեն ևս մի թեժ կետ առաջացավ, ինչպես ասում են, մեր քթի տակ՝ հարևան Վրաստանում:

Բավական է ասել, որ ոստիկանության հետ բախումների պատճառով շուրջ 240 մարդ հայտնվեց հիվանդանոցում, մեկ մարդ զոհվեց, 2 հոգի աչքից զրկվեց, մոտ 400 մարդ էլ բերման ենթարկվեց։

Ամեն ինչ սկսվեց Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ համաժողովից, որի ժամանակ վեհաժողովը նախագահողը՝ ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին և իր ելույթը սկսեց ռուսերենով։ Այնտեղ ներկա գտնվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» պատգամավորներն ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Վրացական ընդդիմադիրները հայտարարեցին, որ Վրաստանի իշխանությունները ծախել են հայրենիքը՝ թույլ տալով, որ երկիր մտնի ու խորհրդարանում պատվավոր տեղում նստի մի մարդ, որը հանդես է եկել Աբխազիայի անկախությունն աջակցող հայտարարություններով և մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմական գործողություններին:

Ընդհարումը տեղափոխվեց փողոց և վերածվեց պերմանենտ բողոքի ցույցերի, բողոքի թիրախն էլ ՌԴ պատվիրակությունից շուտով տեղափոխվեց իշխանությունների կողմը: Ցուցարարների հիմնական պահանջը դարձավ իշխանավորների հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ցուցարարներն անգամ փորձեցին գրավել Վրաստանի խորհրդարանի շենքը։ Իրավապահները հարկադրված էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե մահակներ օգտագործել։

Հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը 2019 թ. հուլիսի 8-ից արգելում է ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանից քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան:

Շաբաթն ավարտվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցության պարտությամբ: Երկրորդ անգամ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմն ընդունեց իր պարտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: