Հայերեն   English   Русский  

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավո՞ր, թե՞ նախագահ


  
դիտումներ: 147

Հունիսի 18-ին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրեց փաստաբան Վահե Գրիգորյանին: Հաջորդ օրը Գրիգորյանը ԱԺ-ում երդման արարողության ժամանակ ասաց, որ Սահմանադրական դատարանը ունի 2 դատավոր, և ինքը այս պաշտոնում ընտրվելով ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց իրավական հանրության կողմից:

Փաստաբանների, իրավաբանների մի մասը կարծում է, որ Գրիգորյանի հայտարքարությունը բխում է Սահմանադրության նորմերից, մյուս մասը հակառակն է պնդում:

«Փաստացի այսօր Սահմանադրական դատարանում դատավորներ չկան ու ընդամենը 2 դատավոր կա Ազգային ժողովի կողմից ընտրված: Առաջինը Արման Դիլանյանն է, որ այս պահին արձակուրդում է, իսկ մյուսը նորընտիր Վահե Գրիգորյանն է, և եթե դատարանն այժմ ունի 1 դատավոր, ուրեմն այդ 1 դատավորը հարկադրված է կատարել նաև նախագահի պաշտոնը: Եվ Վահե Գրիգորյանն էլ հարկադրված էր հայտարարել, որ ինքը ոչ թե դառնում է ՍԴ նախագահ, այլ իրականացնում է նախագահի պարտականությունները»,-ասում է փաստաբան Կարապետ Բադալյանը:

Հակառակն է պնդում իրավաբան Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ այս հայտարևրությունից հետո շատ իրավաբաններ չեն խոսում դրա միասին, չեն արձագանքում՝ զուտ մասնագիտական հարգանքից ելնելով:

«Խոսելով Սահմանադրական դատարանի կազմի մասին՝ մենք կարծես մոռանում ենք Սահմանադրական դատարանի նախագահին: Սահմանդրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ ՍԴ-ի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել: Եթե ՍԴ-ի դատավորների ու անդամների հետ կապված որոշակի բառային քննարկման նորմ կա, ապա նախագահի գործունեության հետ կապված հստակ է, որ նա շարունակում է իր գործունեությունը»,-ասում է Բաբայանը:

Ըստ Բաբայանի չի կարելի վերցնել և հայոց լեզվի կանոներով մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարությունը կամ Սահմանադրության հոդվածները, քանի որ դա իրավաբանությունից հեռու է:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ պնդում է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը բխում է հենց Սահմանդրությունից:

«Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը ՍԴ-ի 2-րդ դատավորն է, և որ ստնաձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների և լիազորությունների կատարումը, բխում է հենց Սահմանադրությունից, այն Սահմանադրությունից, որ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքներով պարտադրվեց ժողովրդին»:

Շուշանյանը նշում է, որ Սահմանադրության 213-րդ հոդվածով սահմանված ՍԴ դատավորների պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ 7-րդ գլուխը ուժի մեջ չի մտել:

«Սահմանադրության 7-րդ գլուխը և մի շարք այլ գլուխներ ուժի մեջ են մտել 2018 թվականի ապրիլի 9-ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Մինչև այդ օրը ՍԴ դատավորները պաշտոնավարել են, բայց հոդվածի մյուս նախադասությունը սահմանում է, որ 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերը համալրվում են նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության կողմից արվող առաջադրումների հիման վրա»:

Ըստ Շուշանյանի Վահե Գրիգորյանը ունի լեգիտիմություն ու նրա անձի հանդեպ վստահություն կա, սակայն այլ բան է պնդում Բաբայանը. «Լեգիտիմություն ունի բայց չունի լեգալություն: Մենք գործ ունենք դատական իշխանության հետ որը պետք է անկախ լինի քաղաքականութունից»:

Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ Սահմանադրական դատարանի մնացած 7 անդամները, որ չեն ընտրվել ներկայիս Ազգային ժողովի կողմից, պետք է հրաժարական տան և դադարեցնեն իրենց գործունեությունը: Հակառակ կողմն էլ պնդում է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը և իրեն ՍԴ նախագահ հռչակելը վտանգավոր երևույթ է և իրավական տեսանկյունից ոչ մի տեղ չի տանելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: