Հայերեն   English   Русский  

Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Արցախի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով


  
դիտումներ: 183

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է` երբ կարող է կայանալ հերթական հանդիպումը հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հայաստանն ու Ադրբեջանը երկու–երեք ամիս աշխատելու են նոր փաստաթղթերի վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ներկայացրել են Վաշինգտոնում։ Այս մասին այսօր, ռուսական ԶԼՄ–ների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով` այդ ժամկետը լրանալուն պես Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով նոր հանդիպում է նախատեսվում։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպում

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորմանը վերաբերող նոր փաստաթղթեր էին մեզ ներկայացրել։ Մենք պայմանավորվեցինք երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել այդ փաստաթղթերի վրա, որից հետո համանախագահներ հերթական հանդիպման օր կառաջարկեն (արդեն նախարարների մակարդակով)», – ասել է Մամեդյարովը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայացել է հունիսի 20–ին ԱՄՆ–ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ավելի վաղ ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները, կոչ էին արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Մամուլի համար մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած բանակցությունները` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հանդիպումից անմիջապես առաջ տեղի ունեցած իրադարձությունները (երկու կողմերից զոհերի հանգեցրեց հրադադարի ռեժիմի խախտումը – խմբ.) իրենց բացասական ազդեցությունն են ունեցել դրանց բնույթի վրա։

Այնուամենայնիվ, Մնացականյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «լուրջ տարաձայնություններ ունեն» և ընդգծել է, որ, այդուամենայնիվ, Մնացականյանի հետ բանակցութունները «ինտենսիվ ու խորն էին»։

Հիշեցնենք` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի (համանախագահներն են` Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան) շրջանակում իրականացվում են 1992 թվականից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: