Հայերեն   English   Русский  

​«Սասնա Ծռերը» ՀՀ ներքաղաքական հարցերը հորով-մորով արեցին, անցան տարածաշրջանային հարցերի «կարգավորմանը»


Վահե Սարգսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 177

Այսօր էլ որոշել են ջավախահայերին ողջախոհության և շրջահայացության դասեր տալ։

Այս պարոնների կոչին չէի անդրադառնա (ելնելով նրանում տեղ գտած պարզունակ, տեղ-տեղ ցնորամիտ և միմյանց ուղիղ հակասող դատողությունների շարանից), եթե կոչը կառուցված չլիներ մի շատ վտանգավոր և ջավախահայությանը թիկունքից հարվածող թեզի վրա։

Կոչի ենթատեքստից պարզորոշ է՝ «Սասնա Ծռերը» ջավախահայությանը վերագրում են ռուսական կողմնորոշում, դրանով նաև ինչ-որ տեղ արդարացնում Վրաստանի հակահայ քաղաքականությունը (սեփական հայրենակիցների հանդեպ դավաճանական այս վարքագիծը, հուսով ենք, դուրս չի գա այս կազմակերպության շրջանակներից) և արդյունքում փորձում են «կանխել» «ռուսամետ» ջավախահայության հնարավոր «ռուսաշահ» գործողությունները։

Հետաքրքիր է, թե ինչի՞ց ելնելով են քաղաքագիտական մտքի այս գուրուները ջավախահայությանը վերագրում ռուսական կողմնորոշում և դրանով ինչ-որ տեղ արդարացնում Վրաստանի հակահայ գործողությունները․ 1991 թ․ մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման հանրաքվեից ելնելո՞վ (հիշեցնեմ, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան չմիացան այս հանրաքվեին և գնացին Ռուսաստանի հետ միասին ԽՍՀՄ պահպանմանը կողմ քվեարկելուն), երբ Ջավախքի կազմակերպությունները կոչ արեցին գնալ Վրաստանի հետ և դեմ քվեարկել ԽՍՀՄ պահպանմանը, դրանից մի քանի օր անց՝ մարտի 31-ին Վրաստանի անկախությանը գրեթե 100%-ով կողմ քվեարկելու համա՞ր, 1990-ական թթ․ քաոսային և պատերազմական շրջանում ոչ մի վայրկյան Վրաստանին չդավաճանելո՞ւ, 2008 թ․ լարված օրերին հավասարակշռված քայլերի պատճառո՞վ, միգուցե այն պատճառով, որ ջավախահայությունը, ելնելով սոցիալական ծանր վիճակից և թուրք-ադրբեջանական վտանգից և սեփական անվտագային հարցերից, դե՞մ է եղել ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, միգուցե նրա համար, որ ջավախահայությունը իր հացը վաստակում է ՌԴ-ում, որի պատճառով «խզմալյանական» և «սաքունցական» հայհոյանքներ չի՞ տեղում այդ պետության հասցեին․․․

Ինչու՞ է այս լեգենդներին թվում, որ հայ իրականությանը տասնամյակներով խոշոր մեծեր տված Ջավախքում կամ հայաստանաբնակ ջավախահայերի շրջանում չկան սեփական երկրամասի շահերի գիտակներ, ովքեր, չհասկանալով իրավիճակի բարդությունը, դառնալու են Վրաստան պետության թշնամիները, ավելին՝ դրանով նաև նպաստելու են թուրք-ադրբեջանական հայակործան քաղաքականությանը։

Փաստորեն օրը ցերեկով ՀՀ-ի որոշ շրջանակներ մտավախություններ են հայտնում, որ ջավախահայությունը կարող է Վրաստանում հանկարծ վերածվել 5-րդ շարասյան։ Ջավախահայությանը թիկունքից շեշտակի հարվածող նման հիվանդագին կասկածներ տարածելու բարոյական իրավունքը ո՞վ է տվել այս արկածախնդիր պարոններին։ Ինչու՞ են այս շրջանակները գլուխները մտցնում սեփական վարքագծի հետ անհամատեղելի հարցերի մեջ, ո՞վ է այս գիտունիկներից պատասխան տալու ջավախահայության առջև, եթե վաղը Վրաստանի իշխանությունները ականջալուր լինեն այս կոչին և իրականացնեն զանգվածային միջոցառումներ ուժայինների միջոցով։ Այս «ֆիդայիները» մեկնելու են Ջավախք և տեղում հարցե՞ր են լուծելու, թե՞ դա դիտարկելու են «ապագաղութացում» և ծափեր են հնչեցնելու հեռվից։

Որպես ջավախահայ՝ մի փոքրիկ կոչ էլ ես հնչեցնեմ․ «ապագաղութացրե՛ք» Ջավախքից ձեր հիվանդագին, արկածախնդիր և չափազանց վտանգավոր քայլերը, պարոնայք «Սասնա Ծռեր», ջավախահայությանը տված այս և հետագայի ձեր ամենամեծ օգուտը դա կլինի։

Վահե Սարգսյան-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: