Հայերեն   English   Русский  

​Ե՞րբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը


  
դիտումներ: 922

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 1,000,000 դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20-ին:

Այս տարի միջոցառումն անցկացվելու է նոր ձևաչափով։ Մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Նա նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ է։ Հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում հայտնի մարդու իրավունքների պաշտպան, ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված «Enough» նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում:Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դեմքերին:

Մեկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել լավագույն փորձը, սերտած դասերը, որոշ դեպքերում՝ ամենատարբեր խնդիրների հաջող և հեղափոխական լուծումները՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ:

2019թ.–ի «Ավրորայի» հերթական հերոսներից մեկն էլ հոկտեմբերի 20-ին կհայտարարվի դափնեկիր`արժանանալով 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի։

«Ավրորա» ֆորումն իրականացվում է հայկական և միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, որոնք համակարծիք են այսօր մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: