Հայերեն   English   Русский  

Մենք բոլորս գիտենք՝ ով, որ մարզում, երբ և ինչքան է կերել. Նազելի Բաղդասարյանը Սերգեյ Բագրատյանին


  
դիտումներ: 124

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծով առաջարկվող փոփոխություններից է, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված` մեկ միասնական թեկնածու:

Իսկ եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:

Ընդդիմադիր խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու այս նախագծին։ Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և նշեց, որ նախագիծն ունի դրական նպատակ, բայց խնդիր են տեսնում որոշ կարգավորումներում, ուստի իրենք դեմ են քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց լսել իր՝ կես ժամ առաջ ունեցած ելույթը, որտեղ ասել էր, թե այս օրենսդրական նախաձեռնությունը կռիվ է գցում ընդդիմադիրների միջև, իսկ հիմա արտահայտում է նախորդ ասածից 180 աստաիճանով տարբեր տեսակետ։

«Գնացեք, նայեք ձեր ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների համար»,-ասաց նա։

Պատգամավորների այս լեզվակռվին միջամտեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով՝ «սատանան ասում է՝ բռնենք ու դեմ քվեարկենք, բայց սա չենք անում ոչ ձեր համար, չենք անում որևիցե այլ խմբակցության համար, անում ենք ՀՀ-ի համար»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ, անդրադառնալով այս նախագծի վերաբերյալ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի քննադատությանը, որ այն կրում է իմիտացիոն բնույթ ասաց, որ կարիք չկա կոնտեքստից կտրված հայտարարարություններ անել, իսկ ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորին դուր չի եկել իր գործընկերներից մեկի՝ «ուտելուց է ախորժակը բացվում» դիտարկումը, Բաղդասարյանն ասաց․ «Մենք բոլորս գիտենք, ով, որ մարզում, երբ և ինչքան է կերել»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: