Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ են մտածում Մոսկվայի և Թբիլիսիի վեճի մասին վրացական ծագումով նշանավոր անձինք


  
դիտումներ: 379

Երբ ռուսական պատվիրակությանը վռնդեցին Վրաստանի խորհրդարանից, իսկ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույց սկսվեց, Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները նորից փչացան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց փակել օդային հաղորդակցությունը երկրների միջև, իսկ նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը թբիլիսյան ընդվզումը որակեց ռուսատյացության դրսևորում: ԲիԲիՍի-ն փորձել է պարզել, թե ինչ են մտածում այս կոնֆլիկտի մասին վրացական ծագումով երևելիները:

Բասիլաշվիլի

Օլեգ Բասիլաշվիլի, դերասան

…Ես ծանոթ չեմ այդ պատմությանը, խոսում եմ միայն իմ փորձից: Նախկին սոցիալիստական հանրապետություններից մեր նկատմամբ առավել բարեկամական տրամադրված ժողովուրդը վրացիներն են: Չի կարելի Ռուսաստանի նկատմամբ ավելի բարեկամական համարել ողջ Մերձբալթիկան, Միջին Ասիան, անգամ Հայաստանը:

Դավիդ Յակոբաշվիլի, գործարար

Ցավալի է: Ինչ ասես չենք արել հարաբերությունների համար, և հանկարծ իրավիճակը կրկին նույն փոսն է գլորվում: Շատ ցավալի է, խոսքեր չեմ գտնում: Սա դեպքերի շղթա է, մեկը մյուսի հետևից: Երբ մարդիկ չեն ջանում պահպանել խաղաղությունը, այսպես է լինում: Սա մարդկանց սխալն է,

Յակոբաշվիլի

նեղմտություն:

Երկու կողմերն էլ այն պահին, երբ պատահեց այն պատգամավորի հետ կապված դեպքը, իրենց այնքան էլ շրջահայաց չդրսևորեցին: Վրաստանում ընդդիմություն կա, մարդիկ, որոնք ուրիշ կերպ են մտածում, երիտասարդություն՝ միանգամայն այլ կերպ մտածող, [Վրաստանի իշխանությունները] պետք է ավելի զգույշ լինեն: Այն փխրուն խաղաղությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, որ վերջին ժամանակներս սկսել էր վերածնվել, ցավոք, չպահեցին:

Կիկաբիձե

Վախթանգ Կիկաբիձե, դերասան, ռեժիսոր

Վրաստանում ռուսատյացություն չկա, դա նողկալիորեն հորինել է այդ պատվիրակությունը, որ եկել էր: Վրաստանի 20 տոկոսը գրավել է Կրեմլը: Ի՞նչ եք կարծում, ուրիշ ի՞նչ կարող էր լինել [նրանց ժամանելուց հետո]: Ես նայում եմ բոլոր ռուսական հաղորդումները, այնտեղ այն չեն ասում, ինչ տեղի է ունենում: Նրանք Վրաստանի մասին ասում են, թե ինչ-որ խուլիգաններ են, և նրանք վիրավորել են… Ո՞վ է դա հնարել: Ծիծաղելի է առհասարակ:

Ես կարծում եմ, որ դա մտածված գործողություն էր: Ուզում են աստիճանաբար իրենցով անել այս փոքր հանրապետությունը: Ռուսաստանը նույն բանն է արել Ուկրաինայում, արել է նաև Վրաստանում: Երբ ասում եմ՝ Ռուսաստան, ես նկատի չունեմ ժողովրդին. Ժողովուրդը մի բան է, քաղաքականությունը՝ ուրիշ: Դա ի՞նչ է նրան [Պուտինին] տալու: Ուզում է Սովետական Միությունը վերականգնե՞լ: Ոչ ոք չի ուզում վերադառնալ այնտեղ: Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, մենք փոքր երկիր ենք: Նա երբ ուզի կփակի [ավիահաղորդակցությունը], երբ ուզի, կբացի: Ավիաթռիչքների արգելքը նախևառաջ վիրավորանք է: Մի ութ-տասը տարի առաջ նա հավաքեց այն վրացիներին, ծերերին, որոնք աշխատում էին Մոսկվայում ու իրենց ընտանիքներն էին պահում, և քշեց այնտեղից: Ես հիշում եմ դա, և ժողովուրդն ամեն ինչ հիշում է:

Մելաձե

Վալերի Մելաձե, երգիչ, պրոդյուսեր

Ես աղմկոտ տոն չեմ սարքում իմ ծննդյան օրը: Առավել ևս Վրաստանի դեպքերի խորապատկերում: Անմեղ մարդիկ են տուժել: Մի օրում դադարեցվեց ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև: Եղբայրական հարաբերությունները, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում, մի օրում չես վերացնի: Քաղաքական հավակնություններն առողջ բանականությունից, հարգանքից ու սիրուց վեր են դասվում: Ամեն ինչ կանցնի, սա էլ կանցնի… Բայց կյանքն էլ է անցնում:

Ռեզո Գիգինեիշվիլի, ռեժիսոր

Գիգինեիշվիլի

2008 թվականի պատերազմից հետո ես իմ նկարահանման խմբով մեկնեցի Վրաստան՝ նկարելու «Սեր՝ ակցենտով» կինոնկարը: Նույնիսկ այն հետպատերազմյան ժամանակ, շոկի ու սթրեսի մեջ, որ ապրում էին Վրաստանում մարդիկ, չեմ հիշում, որ իմ ռուս գործընկերներն անհարմարավետություն զգային: Այն ժամանակ ես հերթական անգամ ապշեցի իմ ժողովրդի արժանապատվությունից: Վստահ եմ՝ մտածող մարդիկ չեն հավատում, թե վրացիները ռուսատյաց են:

Քվաթանիա

Լադո Քվաթանիա, հոլովակների ռեժիսոր

Գլոբալ դավադրության տեսությունը [այն մասին, թե Արևմուտքն է սարքել Վրաստանում ընդվզումները Ռուսաստանի դեմ] իմ մեջ միշտ ժպիտ են առաջացնում… Ես չեմ կարող խոսել բոլոր վրացիների անունից և դրա իրավունքն էլ չունեմ: Իհարկե կարծում եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք չեն սիրում ռուսներին: Ինչպես որ այստեղ էլ ոմանք չեն սիրում վրացիներին: Դա բնական է: Բայց մենք իրավունք ունենք համարժեք արտահայտել մեր դիրքրոշումը՝ գործին զենք չխառնելով և ֆիզիկական ցավ չպատճառելով:

Ես լիովին համոզված եմ (նաև այն տեղեկատվության հիման վրա, որ ունեմ այն մարդկանցից, որոնք գտնվել են խորհրդարանի շենքի մոտ) ռուսատյաց տրամադրություններ չկան: Կան որոշակի պահանջներ գործող իշխանությունից և քաղաքական հայացքների բախումներ… Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու այս կամ այն դիրքորոշումը:

Կարևորը՝ կհաղթի խաղաղությունը: Հույս ունեմ, որ ավիահաղորդակցությունը կարգի կընկնի: Բայց մի նրբություն կա. Վրաստան մեկնելու համար ռուսաստանցիները վիզայի կարիք չունեն, բայց որպեսզի Ռուսաստան գան, պետք է: Սա ցույց է տալիս, թե ինչպես են այնտեղ պատրաստ ընդունելու մարդկանց: Պետք է, որ վիզային կարգ չլինի, և ամեն ինչ լավ կլինի:

Կանդելակի

Թինա Կանդելակի, լրագրող, հեռուստահաղորդավար

Բախումը Վրաստանի խորհրդարանի շուրջը բազմաշերտ սադրանք է, որը, մի կողմից, չի արտացոլում Ռուսաստանի նկատմամբ վրացիների մեծ մասի իրական վերաբերմունքը, մյուս կողմից՝ վկայում է այն մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը մեզ հարազատ ժողովրդի նկատմամբ ձախողվել է:

Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը գեշտալտ է, որը հնարավոր չէ փակել: Եվ մեր աշխարհաքաղաքական մրցակիցները հաջողությամբ օգտագործում են յուրաքանչյուր տեղեկատվական առիթ, որպեսզի այրեն մեր պետությունները միացնող կամուրջները:

Վրացիները միշտ էլ լուսավորյալ ազգ են եղել: Մենք MTV էինք նայում 90-ականների սկզբին, տարիներ առաջ, քան Վասիլի Ստրելնիկովը կսկսեր ռուսաստանցիներին ծանոթացնել ամերիկյան մշակույթին: Ո՞վ է մեղավոր, որ վրացիների բաց լինելը ամենայն նորի նկատմամբ վարպետորեն օգտագործեցին նման բեքգրաունդ ստեղծելու համար, որը հանգեցրեց մեզ քաղաքական հակամարտության: Չէ՞ որ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, համառորեն ոչինչ չէր ուզում առաջարկել որպես հակակշիռ:

Ես կարդում եմ մեր «սևհարյուրակայինների» արտահայտությունները, թե ոչ մի ռուբլի չծախսել հարձակված վրացիների վրա: Այդ տեսաբանները մոռանում են, որ սուրբ տեղը դատարկ չի մնում: Նման քաղաքականությամբ մենք էլ կստանանք տոտալ մեկուսացում մեր սահմանի ողջ երկայնքով: Փոքր պետությունները միշտ էլ պասիոնար են: Դա անհրաժեշտ է հաշվի առնել մեզ հետ հարաբերությունները սկսելիս:

Կասկած չունեմ, որ Սերգեյ Գավրիլովի մտքով իսկ չէր անցնում երախտապարտությամբ պատասխանել վրացական հյուրընկալությանը: Հյուրընկալություն, որը չպետք է խախտեին նաև այն մարդիկ, որոնք ենթարկվել էին մանիպուլյացիաներին և գնում էին գահընկեց անելու սեփական խորհրդարանի ղեկավարին: Բայց եթե մենք այրենք կամուրջը մեր կողմից, այն ավելի արագ կմոխրանա:

Սալոմե Զուրաբիշվիլին հիանալի ելույթ ունեցավ՝ ամեն ինչի համար մեղադրելով Ռուսաստանին: Ինչքան էլ որ խորհրդանշական լինի Վրաստանի նախագահի ֆիգուրը, չպետք է մոռանալ, որ Զուրաբիշվիլին արևմտաեվրոպական իսթաբլիշմենթի ներկայացուցիչ է: Նրա կողմնացույցն ի սկզբանե ծրագրավորված է Ռուսաստանի մասին որպես այնպիսի երկրի մասին ճառերի համար, որը շահագրգռված է Վրաստանի անկայուն վիճակով: Նույնիսկ տարօրինակ կլինի հիշեցնել նրան, որ ըմբոստանում են այս տեսակի վրացիները, արցունքաբեր գազ և ռետինե գնդատկներ օգտագործում՝ ուրիշ վրացիներ:

Սահակաշվիլու կողմնակիցներն են բախումների իսկական շահառուները, որոնք սպասում են այն պահին, երբ կվերադառնան իշխանության, և ինչպես տեսնում ենք, օգտագործում են յուրաքանչյուր առիթ ընդվզում բորբոքելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: