Հայերեն   English   Русский  

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատգամավորները խուսափեցին Ռոբերտ Քոչարյանի գործով հստակ գնահատականներ տալուց


  
դիտումներ: 126

Այսօր՝ հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խորհրդարանի 3 խմբակցությունների պատգամավորներն անդրադարձան Վերաքննիչ քրեական դատարանի երեկ կայացրած որոշմանը, որով բեկանվեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք գործի հետ կապված գնահատականներ կտան, երբ այն ավարտվի ու վերջնական դատական ակտ կայացվի:

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և համանուն խմբակցությունը բազմիցս հայտարարել է, որ հարցը մենք դիտարկում ենք բացառապես իրավական դաշտում, երբ կլինի իրավական լուծում, մենք կտանք մեր գնահատականը»:

Վահե Էնֆիաջյանն էլ խուսափելով հստակ պատասխան տալուց՝ ասաց, որ դատական համակարգը իշխանության առանձին ճյուղ է, հետևաբար օրենսդիրի վերաբերմունքն էլ պետք է լինի համարժեք: Այն հարցին, թե կիսում է Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և որ երկրում օրենք չկա, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ անել: Օրենքի առաջ բոլորը հավասար են և պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը: Որևէ մեկը չի կարող իր վրա իրավաբանի կամ փաստաբանի պարտականություններ վերցնել և իրավական պատասխան տալ քաղաքական հետապնդում է իրականացվում Քոչարյանի նկատմամբ, թե ոչ»:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն էլ նույն հարցին պատասխանելով՝ ասաց, որ չի կիսում Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, որ երկրում օրինականություն չկա: Իշխանական խմբակցության պատգամավորները ևս խուսափեցին կոնկրետ գնահատականներ տալուց՝ ասելով, որ ամբողջությամբ ծանոթ չեն Մարտի 1-ի գործին ու կսպասեն դատավարության ավարտին:

Ըստ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը սովորական դատավարություն է:

«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մնացածից ոչնչով չի տարբերվում և մեզ համար հատուկ նշանակություն չունի: Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելուն, ապա կասեմ, որ մեր կարծիքով նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում»:

Անդրադառնալով անցած շաբաթ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը ընտրվելով դատավորի պաշտոնում ստանձնում է նաև ՍԴ-ի նախագահի պարտականությունները՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Վերջին շրջանում բոլորի մոտ այսպես ասած սահմանադրացավ է առաջացել: Մեր ներքաղաքական կյանքի ու նաև արտաքին քաղաքականության բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա: Սահմանադրական դատարանի նախագահի գործունեության հետ կապված մենք ունենք իրավական կարգավորումներ և դրանից դուրս ոչինչ ասել չի կարելի»:

Անի Սամսոնյանն էլ նշեց, որ Վահե Գրիգորյանը շատ վտանգավոր հայտարարություն է արել. «Արդեն քանի՞ օր է՝ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ-ի դատավորի պաշտոնում, ինչու՞ չի ստանձնել նախագահի պարտականությունները: Շատ լուրջ հայտարարություններ է անում, ու եթե չդարձավ ՍԴ-ի նախագահ, ապա նա լուրջ խնդիրներ է ունենալու»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: