Հայերեն   English   Русский  

​Կառավարությունն առաջարկում է 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները դարձնել անվճար


  
դիտումներ: 74

Կառավարությունն առաջարկում է 0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները դարձնել անվճար, իսկ բուժաշխատողների աշխատավարձը՝ բարձրացնել

Առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Այս նպատակով պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր է պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։

Համապատասխան որոշման նախագիծն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման համար։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»,- առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացրեց փոխնախարարը։

Ավանեսյանը նշեց, որ նախագծով բուժաշխատողների աշխատավարձը ևս առաջարկվում է բարձրացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում տնտեսական գործունեություն զբաղեցնող, պարտաճանաչ հարկեր վճարողներին, որի արդյունքում գործադիրը կարողանում է ավելացնել Առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: