Հայերեն   English   Русский  

​Հանուն ինչի՞


  
դիտումներ: 3781

Օրերս Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ մի միջոցառման մասնակցելու հրավեր ստացան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի անունից:

Այդ մասին տեղեկացա գործընկերներիցս, որոնցից մեկն օգնության խնդրանքով փոխանցեց ինձ այդ նամակը՝ ասելով, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը: Հրավերը վերաբերում էր այսպես կոչված Think EQUAL հանրային զրույցների շարքում «Առաջընթացի խթանումը հավասար կառավարման մեջ» թեմայով քննարկմանը մասնակցելուն:

Մեջբերում եմ. «Սիրով տեղեկացնում եմ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) վերջերս մեկնարկել է Think EQUAL՝ «Հավասարը՝ մտածողության մեջ» զրույցների շարքը՝ հավասարության արդի կարևորագույն խնդիրներին նվիրված ոգեշնչող թեմատիկ քննարկումների ձևաչափով: Այս ձևաչափը նպաստավոր միջավայր է ձայնի լսելիության, գործողությունների և առաջնորդության մեջ հավասարությանը վերաբերող թեմատիկ քննարկումների, պատմությունների, մտորումների և տեսակետների բարձրաձայնման համար: <…> Զրույցների այս՝ Think EQUAL շարքը ընթացիկ և նախատեսվող զարգացման գործընթացների, բարեփոխումների և նոր երևան եկող իրողությունների համատեքստում հիմնականում կենտրոնանում է առաջընթացի, նվաճումների և հետագա քայլերի վրա»:

Խնդիրը փաստորեն հայերենն էր

Հասկանալի չէր, մասնավորապես, թե ինչ ասել է՝ հավասարը մտածողության մեջ, ինչ ասել է զրույցների շարք՝ ոգեշնչող թեմատիկ քննարկումների ձևաչափով և այլն: Բայց երբ այս և այլ հարցերի պատասխանը ստանալու հետաքրքրությամբ գնացինք հանդիպման և մեզ մատուցեցին օրակարգը և տվյալ ծրագրի մասին տեղեկատվական թերթիկը անգլերեն, հասկացանք, որ հայերենի հետ կապված լուրջ խնդիր կա:

Ո՞վ կմտածեր, որ Հայաստանի Հանրապետությունում կգնաս մասնակցելու որևէ միջոցառման և այնտեղ քեզ օտար լեզվով տեղեկանք կհրամցնեն: Ըստ երևույթին՝ այս հեղափոխված ժամանակներում, երբ «ստեղծագործաբար» են վարվում երկրի Սահմանադրության հետ, դա էլ է հնարավոր:

Ահա այդ անգլերեն տեղեկանքից էլ իմացանք, որ տվյալ «զրույցների շարքի» խորագիրը փոխառնված է այս տարվա Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի ուղերձի կարգախոսից (Think equal, Build smart, innovate change) և խոսքը փաստորեն հավասարության մասին մտածելու մասին է: Իհարկե, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը հայախոս չէ և չի կարող գնահատել անգլերենից հայերեն թարգմանության որակը, բայց չէ՞ որ գրասենյակում աշխատում են հայեր և շատ լավ գիտեն, որ որևէ լեզվից թարգմանելիս պետք է մտածել ոչ թե բառացի պատճենման, այլ բովանդակությունը ճշգրիտ մատուցելու մասին, որպեսզի կարդացողի կամ լսողի համար գլուխկոտրուկներ չառաջանան:

Խնդիրը նաև ձևաչափն էր

Պարզվեց, որ այդ «զրույցը» կամ «ոգեշնչող թեմատիկ քննարկումը», ինչպես նշված էր հրավերի տեքստում, հեռավոր իսկ աղերս չուներ զրույցի կամ քննարկման հետ: Զրույցը և առավել ևս քննարկումը ենթադրում է, որ երկու կողմերն էլ՝ և՛ հրավիրողները, և՛ հրավիրվողները, մտքեր են արտահայտում հավասարապես, նույն հարթության վրա: Իսկ այստեղ բանախոսներ էին (մեկական փոխնախարար, ԱԺ պատգամավոր, մարզպետ, փոխքաղաքապետ, Երևանի ավագանու անդամ և մի հյուր Մեծ Բրիտանիայից), որոնց ելույթներին նվիրվեց հանդիպման առյուծի բաժինը, և ունկնդիրներ, որոնք համբերատար լսեցին նրանց, և հարցերի համար այնքան կարճ ժամանակ էր հատկացված, որ ոչ բոլորին արտահայտվելու և հարցեր տալու հնարավորություն տրվեց:

Ավելին, այս միջոցառումը որևէ աղերս չուներ որոշակի թեմայի հետ, քանի որ բանախոսները խոսում էին առհասարակ սեռերի հավասարության և անխտրականության մասին՝ հայտնելով հանրահայտ ճշմարտություններ կամ դրվագներ ներկայացնելով սեփական աշխատանքային փորձից: Այնպես որ ոգեշնչվելու փոխարեն հուսահատության գիրկն ընկանք՝ արձանագրելով որ իզուր ժամանակ վատնեցինք և վերադարձանք 90-ական թվականներ, երբ արտասահմանից փորձագետներ էին գալիս և մեզ ճանաչողական դասեր տալիս գենդերի, կանանց իրավունքների, գենդերային հավասարության մասին՝ օրինակներ բերելով Սաուդյան Արաբիայից կամ որևէ այլ հեռավոր երկրից:

Բայց սա մի երկիր է, որ վաղուց է անցել այդ դասերը և որոշակի ու նշանակալի ճանապարհ անցել՝ վավերացնելով տվյալ ոլորտի բոլոր կարևոր կոնվենցիաները, այսինքն՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ, մասնակցելով Պեկինի համաժողովին և դրա արդյունքների ընդհանրացման բոլոր հետագա միջազգային քննարկումներին, ընդունելով պետական հայեցակարգ, ռազմավարություն և օրենքներ: Սակայն սեռերի հավասարության հասնելու գործընթացն անվերջանալի է, և չկա մի երկիր, որ արձանագրի, թե լիովին հասել է այն նպատակներին, որոնք սահմանվել են դեռ 20-30 տարի առաջ: Մանավանդ մեր երկրում, երբ կտրուկ քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել և հետաքրքիր միտումներ են նկատվում, օրինակ՝ որոշումների ընդունման մակարդակում իգական սեռի ներկայության էական քանակական ավելացում և միաժամանակ որակական անկում, սեքսիզմի աննախադեպ բռնկում և այլն: Վերջապես, ընդհատվել է ռազմավարությունը, գենդերային քաղաքականության առաջին ռազմավարական ծրագիրն ավարտվել է 2015 թ., հետագա շրջափուլի ռազմավարության մշակումը մնացել է առկախ: Հիմա ներկայիս կառավարությունը մտադի՞ր է այն մշակել, թե ոչ:

Խնդիրները շատ-շատ են, և դրանցից յուրաքանչյուրը պահանջում է առաձին, մանրակրկիտ և ըստ էության քննարկում ու արդյունք, իսկ երբ հենց այնպես խոսում ես ամեն ինչի մասին, ինչպես տվյալ միջոցառման դեպքում էր, կնշանակի խոսում ես ոչնչի մասին՝ չմտածելով որևէ արդյունքի մասին:

Եթե խնդիրը լիներ սոսկ այն երկու ժամի կորուստը, որ ունեցանք, բնական է, որ ընդամենը ձեռքներս թափ կտայինք ու կհեռանայինք՝ խոստովանելով, որ այս օրն էլ այսպես անցավ: Բայց նույն այն անգլերեն տեղեկանքում սևով սպիտակի վրա գրված է, որ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի համար (2019-2021 թթ.), որի մի բաղադրիչն էլ նշված զրուցաշարն է, Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամը (GGF) հատկացրել է 1 մլն 411 հազար դոլար, միայն 2019 թվականի համար՝ 653 հազար դոլար: Հանուն ինչի՞ են տրամադրվում այդ միջոցները, շոշափելի արդյունքի՞, թե՞ համապատասխան հաշվետվության մեջ ևս մի թռչնակ դնելու համար: Սա է խնդիրը:

Մենք շնորհակալ ենք և՛ Միացյալ Թագավորությանը, և՛ Միավորված ազգերի կազմակերպությանը, և՛ մյուս միջազգային կառույցներին ու պետություններին, որոնք աջակցություն են ցույց տալիս, բայց կուզենայինք, որ տրամադրվող միջոցներն իսկապես ծառայեին նպատակին և օգտակար լինեին ոչ միայն ծրագիրն իրականացնողներին, այլև մեր երկրի հասարակությանը:

Անահիտ Հարությունյան

Հ.Գ. Ի դեպ, ժամանակին գենդերային քաղաքականության հայեցակարգը չէր մշակվի և այնուհետև չէր ընդունվի, եթե չլիներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անմիջական ֆինանսական օգնությունը: Այ, դա օգտակար ծրագիր էր: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ օրինակ՝ մեր երկիրը դեռևս մշակութային քաղաքականության հայեցակարգ չունի, մինչդեռ գենդերային քաղաքականության հայեցակարգ ունի: Զավեշտ է, բայց փաստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: