Հայերեն   English   Русский  

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Վարդանյանի


  
դիտումներ: 99

«Datalex» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝

զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու պահանջով:

Դատարան դիմելու մտադրության մասին Էրիկ Գրիգորյանը հայտնել էր մայիսին՝ Արտյոմ Վարդանյանի հայտարարությունից հետո:

«Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։ Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով»,- գրել է նախարարը:

Ըստ Econews.am-ի՝ Արտյոմ Վարդանյանը փորձել է ներողություն խնդրել նախարարից, ինչը հավանաբար չի ստացվել, քանի որ Էրիկ Գրիգորյանն ամեն դեպքում հայցադիմում է ներկայացրել վերջինիս դեմ:

Դատարանը Էրիկ Գրիգորյանի հայցադիմումն ընդունել է վարույթ: Գործով դատավոր է նշանակվել Գոռ Թորոսյանը, Էրիկ Գրիգորյանի ներկայացուցիչն է Արամ Վարդևանյանը:

Դեռևս մայիսին «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասել էր, որ ինքը լսել է նման խոսակցություններ իր ընկերներից, և չի պնդել, որ նման բան կա, այլ ասել է՝ կան լուրեր, որ Կենդանաբանական այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը.

«Կրկին պնդում եմ, որ նման խոսակցություններ կան: Բայց ես չեմ պնդել, որ դա այդպես է: Ինձ ընկերներս ցույց են տվել լուսանկարներ, որտեղ նախարար Էրիկ Գրիգորյանը Ռուբեն Խաչատրյանի հետ հեծանիվ է քշում: Ասել են, որ իրենք ընկերներ են: Ինձ ասում են, որ Կենդանաբանական այգու տնօրենին ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ իր մեջքին այլ մարդիկ կան կանգնած: Ես չեմ ունեցել նպատակ զրպարտելու նախարարին, իմ խնդիրը Կենդանաբանական այգու տնօրենի հետ է: Ես միայն գիտեմ, որ նման խոսակցություններ կան: Ինչ վերաբերում է դատի տալուն՝ ես մի գրամ անգամ դատարանից չեմ վախենում, քանի որ չեմ վիրավորել, ու կեղծ պնդումներ չեմ արել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: